ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը թուլացրել է իր դիրքերը Հարավային Կովկասում, իսկ ամերիկյան հետախուզությունն ընդհանրապես մոռացել է մեր տարածաշրջանի մասին, ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին՝ «Հաքքին.ազ»-ի հետ զրույցում:
«Ռուսաստանում չեն հասկանում գլխավորը՝ ինչպես Ուկրաինայում, Վրաստանում և այլ հետխորհրդային երկրներում, ժողովուրդներն են տնօրինում իրենց ճակատագիրը: Նրանք դեռ այն կարծրատիպերով են շարժվում, թե ամեն ինչ ծրագրվում է ԱՄՆ-ում և ԿՀՎ-ում», – ասում է Սահակաշվիլին և նշում, որ վերջին ժամանակներում շատ է թուլացել ԿՀՎ-ի դիրքերը՝ հատկապես հետխորհրդային երկրների տարածքում, – «Նրանք իրենց բոլոր ուժերը կենտրոնացրել են Մերձավոր Արևելքում»:
Ըստ Սահակաշվիլիի, ամերիկյան հատուկ ծառայությունների ամենամեծ խնդիրն այս պահին հետխորհրդային երկրներում մասնագետների պակասն է և դրա պատճառը նա համարում է այն, որ վերջին 10 տարիների ընթացքում Ամերիկան իր լավագույն մասնագետներին ուղարկել է մահմեդական երկրներ՝ ահաբեկչության դեմ պայքարելու:
Սահակաշվիլին, մեկնաբանելով այն խոսակցությունները, թե նա համագործակցում է ԿՀՎ-ի հետ, հերքել է այդ տեղեկությունները՝ ասելով, որ ինքն այնպիսի մարդ է, որին հնարավոր չէ ղեկավարել. «Իմ էությամբ ես այնպիսի մարդ եմ, որ ոչ մի հատուկ ծառայություն ինձ չի վստահի: Ես բերանս փակ պահել չգիտեմ: Չեմ կարողանում գաղտնիքներ պահել և չեմ սիրում գաղտնիքներ», – ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ