Լրահոս
Օրվա լրահոսը

Ատրճանակը պարտակելու մեջ մեղադրվողը հայերեն չէ՞ր հասկանում

Հուլիս 16,2014 15:50

Հուլիսի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, դատարանի նախագահ Սամվել Մարդանյանի նախագահությամբ, սկսվեց Դիլիջան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Արտուր Ալոյանի դատավարությունը: Վերջինս 2013թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 16-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում գտնվող «Ակբա կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ Դիլիջանի մասնաճյուղի դիմացի ճանապարհին ականատես է եղել Նավասարդ Աբգարյանի եւ Արտավազդ Թամրազյանի միջեւ վիճաբանությանը: Նա նկատել է, որ Ն. Աբգարյանն իր ավտոմեքենայից կրակել է այդ պահին ավտոմեքենայի ձախ կողմում գտնվող Ա. Թամրազյանի վրա ու ատրճանակը ձեռքին իջել է ավտոմեքենայից:

Այնուհետեւ Արտուր Ալոյանը նստելով իր «Պորշ Կայեն» ավտոմեքենան, դանդաղ վարել է Մյասնիկյան փողոցով դեպի վերեւ, որտեղ Նավասարդ Աբգարյանը մոտենալով՝ նստել է նրա «Պորշ Կայեն» ավտոմեքենան ու ատրճանակը թողնելով ավտոմեքենայի հետեւի աջ նստատեղին, հեռացել է: Դրանից հետո Ա. Ալոյանն առանձնապես ծանր հանցագործության գործիքի՝ «Նագան» տեսակի ատրճանակի նախապես չխոստացված պարտակման դիտավորությամբ ավտոմեքենայով գնացել է Դիլիջանի կենտրոն եւ դեպքի վայրից մոտ 500 մ հեռավորությամբ թաքցրել է նշված ատրճանակը: Դեպքից շուրջ 15 օր անց՝ 2014թ. հունվարի 9-ին, Ա. Ալոյանը զանգահարելով ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Արթուր Եգանյանին, հայտնել է թաքցված ատրճանակի տեղը:

Ալոյանը կալանավորվել է, նա գտնվում է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 334 հոդվածի 1-ին մասով («Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը՝ հանցանք կատարած անձի, ինչպես նաեւ հանցագործության կատարման գործիքների ու միջոցների, հանցագործության հետքերի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների նախապես չխոստացված պարտակումը»): Սույն հոդվածով բնութագրվող հանցագործության կատարման համար նախատեսվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Նշենք, որ 2014թ. դեկտեմբերի 24-ին Դիլիջանում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով ստացած ծանր վնասվածքներից դիլիջանցի գործարար Արմեն Աբգարյանի եղբոր որդին՝ 33-ամյա Նավասարդ Աբգարյանը մահացել էր «Դիլիջան» բժշկական կենտրոնում, իսկ Թեղուտի գյուղապետ Արարատ Թամրազյանի որդին՝ 34-ամյա Արտավազդ Թամրազյանը մահացել էր Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում:
Հուլիսի 11-ի դատական նիստում հնչած ելույթները Արտուր Ալոյանի համար հայերենից ռուսերեն էր թարգմանում դատական թարգմանիչը: Նիստին չէր մասնակցում Ալոյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Արայիկ Ալվանդյանը: Այդ պատճառով դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 18-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031