«Առավոտ» թերթի լրագրող Ռուզան Մինասյանը 4-րդ անգամ է ներկայանում Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ գործարար համբավի պաշտպանության համար դատարան դիմած առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի հայցով:
Դատավոր Ալեքսեյ Սուքոյանն այսօրվա նիստը հետաձգեց դարձյալ պատասխանողի՝ իրավաբան Ռուբեն Այվազյանի (լուսանկարում) բացակայության պատճառով:
Դատարանը նրան պատշաճ ձեւով ծանուցել էր, սակայն նա չէր ներկայացել դատարան: Ուշադրության արժանի էր այն, որ փոստային բաժանմունքից ստացված ծանուցագրում գրված էր, թե նա բացակայում է հանրապետությունից:
Սակայն, ինչպես նման դեպքերում է լինում, դատարանը չունի մեխանիզմներ այդ հանգամանքը ստուգելու համար:
Կարդացեք նաև
Առողջապահության նախարարության թիվ 3 կլինիկական հիվանդանոցի ներկայացուցիչն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Մուրադ Ասրյանը:
Ըստ հայցվորի, պատասխանողը` իրավաբան Ռուբեն Այվազյանը, 2012թ. մայիսի 22-ին «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ նշյալ բուժհիմնարկում իր հորը՝ ճարտարագետ, «Կալաշնիկով» ինքնաձիգի փամփուշտի արտադրության ավտոմատ հոսքագծի նախագծող Լեւ Այվազյանին մայիսի 12-ին պատշաճ բժշկական օգնություն ցույց չտալով՝ «առանձնապես դաժանությամբ սպանել են»:
Նշենք, որ 2012թ. մայիսի 22-ին այլ լրատվամիջոցների հետ դատարան հրավիրված լրագրող Ռուզան Մինասյանը լուսաբանել է «Վարկած» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսը:
Մեր տեղեկություններով, այսօր ծանուցագրով դատարան էր հրավիրվել նաեւ «Վարկած » կայքի պատասխանատու Ռուզան Ավոյանը, որը, սակայն, դատարան չէր ներկայացել:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 13-ին: