«ՄԱԿ-ի Բնիկ ժողովուրդների բաժնում մենք ճանաչված ենք որպես Արեւմտյան Հայաստանի բնիկ ժողովուրդ»,- այսօր՝ հուլիսի 16-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Արեւմտյան Հայաստանի Ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ սույն թվականի հուլիսի 7-10-ը Ժնեւում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնախմբի Բնիկ ժողովուրդների մեխանիզմի 7-րդ նիստը, որի ընթացքում Արեւմտյան Հայաստանի պատվիրակությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ բնիկ ժողովուրդների նկատմամբ արդարության վերականգնման անհրաժեշտության, հայերի նկատմամբ կատարված Ցեղասպանության ճանաչման հարյուրամյակի եւ Քեսաբի դեպքերի կապի վերաբերյալ:
Պարոն Աբրահամյանի խոսքերով՝ իրենք տարածքային հարց են դրել, որովհետեւ Արեւմտյան Հայաստանի տերերը, բնիկ ժողովուրդը՝ հայերն են, եւ ՄԱԿ-ն էլ ճանաչել է այդ: Նա հայտարարեց, որ իրենք ՄԱԿ-ում տարբեր մեխանիզմներով են աշխատում, որպեսզի հայ ժողովրդի իրավունքներն իրականացվեն եւ այդ ձեւով ճնշման տակ դնեն Թուրքիային.
«Նախապայման կար, որ հայը որեւէ ուղղակի պահանջներ չի ներկայացնի Թուրքիային, մինչեւ որ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այսօր տեսնում ենք, որ տարբեր կազմակերպություններ եւ տարբեր ուժեր վազելով գնում են Թուրքիայի դիմաց՝ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի հետ կապված որեւէ բան պայմանավորվելու: Բայց մենք որոշեցինք մեր իրավունքները պաշտպանել ՄԱԿ-ի միջոցով եւ աշխարհի պետությունների դիմաց»:
Արմենակ Աբրահամյանը ասաց, որ այս տարվա ընթացքում աշխատանքներ են տարվում վերականգնողական արդարադատության համար, քանի որ հարյուր տարի է, ինչ տեղի է ունեցել Ցեղասպանությունը, եւ այդ հարյուր տարիների ընթացքում հայ ժողովուրդը ոչ մի արդարադատություն չի ստացել: Այդպիսով՝ իրենք ՄԱԿ-ի միջոցով դիմում են աշխարհի ժողովուրդներին, որպեսզի նրանք դիմեն Թուրքիային, որ այդ արդարադատության մեխանիզմն իրականացվի:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ