Aravot.am-ի հարցին, թե ինչու մեր երկրում չեն իջնում հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, «Ազգային Հիփոթեքային Ընկերության» գործադիր տնօրեն Մհեր Եդիգարյանն, այսօր «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գրասենյակում ասաց. «Ամենացավոտ հարցն է: Նախ պետք է ավանդների ներգրավվման տոկոսադրույքները նվազեն: Եթե բանկերը ներգրավում են ավանդ 12-13 տոկոսով, ապա դժվար է պատկերացնել, որ 5-6 տոկոսով հիպոթեք կամ այլ ակտիվներում ներդնել»: Պարոն Եդիգարյանի մեկնաբանություններն առավել մանրամասն` տեսանյութում.
Մեր այն հարցին, թե մասնավոր կառուցապատողները 7-8 տոկոսով հիփոթեք են առաջարկում, այն դեպքում, երբ բանկերը 13-14 տոկոսից պակաս հիպոթեք չեն տալիս, արդյոք իրակա՞ն են այդ խոստումները, Մհեր Եդիգարյանն ասաց, որ չհաշված պետական ծրագրերը, որոնց մի մասը պետության կողմից սուբսիդավորվում են, եւ հիպոթեքի տոկոսադրույքը 8-ից 10 տոկոս է, մնացած տարբերակները հնարավոր է այդքան էլ իրական չեն եւ տրվելիք հիփոթեքային վարկերն էլ դրամային չեն:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանի ներկայացմամբ, «Ազգային Հիփոթեքային Ընկերությունն» ամենաակտիվ թողարկողն է եւ արդեն 11 անգամ պարտատոմսեր է թողարկել, որից 9-ը երկարաժամկետ, 3-ը` կարճաժամկետ: Որպես ակտիվ թողարկող այս ընկերության լոգոն ցուցադրվել է Նյու Յորքի «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ» բորսայի շենքի էլեկտրոնային աշտարակին: Այսօր դրա ապացույցը լուսանկարի տեսքով, Մհեր Եդիգարյանին հանձնեց Կոստանտին Սարոյանը:
Հարցին, թե դոլարի կտրուկ տատանումներ սպասվո՞ւմ են, Կոնստանտին Սարոյանն ասաց, որ դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ, անկեղծ ասած, 50-50 է. «Երեք տարի մեզ մոտ դրական տենդենց է, բայց մենք միեւնույն է, սպասում ենք վատը` դոլարը «կթռնի», բայց դոլարը չի թռնում թարսի պես: Ոչինչ մենք կսպասենք: Նորմալ երեւույթ է, որ դու սպասում ես ոչ թե վատի, այլ տատանումների: Ո՞վ էր սպասում, որ 2000-ականներին, դոլարը կսկսի կտրուկ նվազել, մի քանի տարի նվազեց, եւ սկսեց բարձրանալ, նորմալ երեւույթ է»:
Կարդացեք նաև
Կոստանտին Սարոյանի խոսքի շարունակությունը` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ