Այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ասաց, որ իր տեղեկություններով՝ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 174 դպրոցի տնօրենի դեմ քրեական գործ է հարուցվել եւ նա ազատվել է աշխատանքից: Ընդ որում, դա եղել է առանց քաղաքապետարանի իմացության եւ թույլտվության: Քրգործը հարուցել է ԱԱԾ-ն:
Տիկին Բախշյանն ասաց. «Ես նամակ եմ գրել քաղաքապետին, թե ինչու է ազատման դիմում գրել, որովհետեւ լուրեր են պտտվում, որ քրեական գործ են հարուցել նրա նկատմամբ, հարցրեցի ՝ով է գնացել ստուգել եւ այլն: Քաղաքապետարանից ստացել եմ պատասխան, որ չգիտենք, պաշտոնական տեղեկություն չունի քաղաքապետարանը, նա ազատվել է իր դիմումի համաձայն: Բայց փաստ է, որ այնտեղ կա քրգործ եւ դա ԱԱԾ-ն է արել: Չգիտեմ, կամայական է, որ ԱԱԾ-ն կարող է մտնել քաղաքապետարանի դպրոց, ստուգումներ անել, բայց քաղաքապետին տեղյակ չպահի, որ քո ենթակայության այսինչ դպրոցում գնում եմ ստուգումներ անեմ…»:
Թիվ 174 դպրոցի տնօրենը Գալյա Վասիլյանն է (լուսանկարում):
Aravot.am-ը կապվեց դպրոցի հետ՝ պարզելու, թե ինչու են քրգործ հարուցել: Պարզվեց, որ հուլիսի 4-ից այդ դպրոցն ունի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ Նաիրա Դանիելյանը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ չգիտի տնօրենն ուր է, ինչ է եղել նրա հետ, ինչ է կատարվել դպրոցում, որ ինքը նշանակվել է տնօրենի պաշտոնակատար. «Ես չեմ կարող ասել, դուք պետք է իրեն դիմեք այդ հարցով»: Հարցին՝ ինչպե՞ս կարող եմ կապվել իր հետ՝ նա պատասխանեց. «Դա էլ չեմ կարող ասել»: Հարցին՝ որեւէ ստուգում այդտեղ չի՞ եղել, տեղյակ չե՞ք՝ նա պատասխանեց. «Չեմ կարող այդ հարցերին պատասխանել: Ես իսկապես չգիտեմ եւ հստակ ինֆորմացիայի չեմ տիրապետում, ճիշտ չի լինի, որ աղավաղված բաներ ձեզ հաղորդեմ»:
Կարդացեք նաև
Նաիրա Դանիելյանը վստահեցրեց, որ նախկին տնօրենի որեւէ կոորդինատ չունի, որ փոխանցի մեզ՝ քրգործի հետ կապված տեղեկատվությունը ճշտելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
ԱԱԾ-ն քաղցր աչքով միայն քաղցր համալսարանի է նայում, չէ*: