Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Գյուրջյան. «Տուրիզմի զարգացումը պետք է բերի համայնքի զարգացմանը»

Հուլիս 16,2014 15:14

ԻԿՕՄՕՍ Հայաստանյան գրասենյակի նախագահ Գագիկ Գյուրջյանն այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում, խոսելով հուշարձանների պահպանության խնդիրներից, նկատեց, որ հուշարձանները զբոսաշրջության կարեւորագույն աղբյուրներից են հանդիսանում, մանավանդ այն դեպքում, երբ Հայաստանը շատ հարուստ է պատմամշակութային ժառանգությամբ:

Գագիկ Գյուրջյանի կարծիքով` հուշարձանների պահպանությունը ցածր մակարդակի վրա է երկրում: Ըստ նրա` չկա համապատասխան կապ տուրիզմը կառավարող, սպասարկող եւ կազմակերպող կառույցների միջեւ. «Այդ կազմակերպություններից են մշակույթի նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը եւ տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց տարածքներում են գտնվում պատմամշակութային ժառանգությունների մեծ մասը»: Պրն Գյուրջյանի համոզմամբ` նշված երեք կառույցների միջեւ ներդաշնակ կապ եւ փոխհամաձայնություն չկա:

Պրն Գյուրջյանն օրինակ բերեց Ամբերդը, որտեղ միայն տուրիստական կազմակերպություններն են այցելում եւ որտեղից Բյուրական համայնքը ոչ մի շահույթ չի ստանում: Նրա խոսքով, պետք է այնպես անել, որ նմանատիպ տարածքներում տուրիզմի զարգացումը բերի նաեւ համայնքի զարգացմանը:
«Այսինքն, անհրաժեշտ է այնպես անել, որ անկախ տվյալ ժառանգության օբյեկտի կարգավիճակից, հնարավոր լինի կազմակերպել տուրիզմը այնպես, որպեսզի շահեն թե’ համայնքը, թե’ պետական մարմինները եւ թե’ տուրիստական կազմակերպությունները»:

Պրն Գյուրջյանը նաեւ շահութաբեր եւ որակյալ տուրիզմի համար կարեւորեց տուրիստական կազմակերպությունների եւ գիդերի դերը. «Շատ կարեւոր է, թե նրանց կողմից ինչպես են ներկայացվում մեր կառույցները, մեր երկրի պատմությունը»:

ԻԿՕՄ-ի Հայաստանի ազգային կոմիտեի նախագահ Մարինե Հարոյանը համաձայն է այն մտքի հետ, որ տուրիզմի բնագավառում հիմնական խնդիրը տարբեր կառույցների` մշակույթի նախարարության, էկոնոմիկայի նախարարության, ոչ համակարգված աշխատանքի մեջ է. «Երկրում չկա հստակ մշակված մի ծրագիր, որտեղ յուրաքանչյուրը իր դերակատարումը հստակ ունենա»:

Տիկին Հարոյանը կարեւորեց համապատասխան տուր- փաթեթների մշակումը, որոնք նույնպես կարող են նպաստել երկրում տուրիզմի զարգացմանը: Նաեւ նշեց, որ տուրիստական երթուղիները պետք է ավելի ընդլայնել եւ դրանց մեջ ներառել այնպիսի թանգարաններ, որոնք քիչ հայտնի են, սակայն իրենցից կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել զբոսաշրջիկների համար:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031