Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Խիտ կառուցապատման պատճառով` քաղաքի կենտրոնական հատվածը ամենառիսկայինն է երկրաշարժերի համար (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 13:57

ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանի խոսքով` եթե Գառնիում տեղի ունենա 7 մագնիտուդ ուժգնությամբ օջախային երկրաշարժ, ապա զոհերի թիվը կանցնի 100 հազարից

Հայաստանը սեյսմավտանգ երկիր է, եւ այդ վտանգը բնական երեւույթ է, որը պայմանավորված է մեր տարածքի առանձնահատկություններով: Այս մասին այսօր «Բլից Ինֆո» մամուլի ակումբում ասաց ՀՀ ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության սեյսմակայուն շինարարության կենտրոնի ղեկավար Զավեն Խլղաթյանը:
Նրա խոսքով` Հայաստանում տեղի ունեցող աղետների 95 տոկոսը բաժին է ընկնում երկրաշարժերին. «Ինչ վերաբերում է ռիսկին, ապա ռիսկի գործոնը կապված է կառուցապատումների հետ»:

Պրն Խլղաթյանը ասում է, որ եթե դիտարկենք Երեւան եւ Վանաձոր քաղաքները, ապա ռիսկի տեսանկյունից Երեւանն ավելի ռիսկային վայր է. «Երեւանում հաշվարկված է 4700 բնակելի շենք եւ այդ շենքերի ռիսկը` կախված տիպից, հարկերի քանակից, կառուցապատման առանձնահատկություններից, շինարարության ժամանակ օգտագործված շինանյութերի որակից, նախնական գնահատականներով շատ բարձր է»: Պրն Խլղաթյանը մտավախություն ունի, որ եթե Գառնիում 7 մագնիտուդ ուժգնությամբ օջախային երկրաշարժ տեղի ունենա, ապա բնակֆոնդի 40 տոկոսը կարող է մասնակի կամ լիովին վերանալ. «Եթե ցերեկվա ժամին երկրաշարժ տեղի ունենա, ապա, մեր նախնական հաշվարկներով, զոհերի թիվը կանցնի 100 հազարից»:

Մանրամասն` տեսանյութում

 

Պրն Խլղաթյանը տեղեկացրեց, որ կառավարության կողմից ընդունվել են երկու որոշումներ` ուղղված Երեւանի սեյսմիկ ռիսկի նվազեցմանը:
Զավեն Խլղաթյանը ցավում է, որ առ այսօր Երեւանի եւ ողջ հանրապետության բյուջեն բավարարում է միմիայն վթարային աստիճանի շենքերի վերականգնման աշխատանքների համար: Նրա խոսքով՝ շենքերի սեյսմակայունացման բարձրացում Երեւան քաղաքում չի իրականացվում:

Բանախոսը, անդրադառնալով Երեւանում առավել ռիսկային գոտիներին, տեղեկացրեց, որ այն հատվածները, որտեղ ավելի խիտ կառուցապատում է իրականացվում, ռիսկը այդ տարածքներում շատ բարձր է. «Եթե նման տարածքներում երկրաշարժ եղավ, փրկարարական աշխատանքներ կատարելն ավելի դժվար կլինի՝ խիտ կառուցապատման պատճառով: Մեր Երեւանը, ցավոք, շատ խիտ կառուցապատված է, բայց վնասի տեսանկյունից պետք է ասենք, որ քաղաքի կենտրոնական հատվածն ամենավտանգավոր հատվածն է երկրաշարժերի համար»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031