Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանը՝ Տարոն Մարգարյանին. «Հուսով եմ՝ Անդրանիկ Մարգարյանի արյունը ջուր չի դառնա քո երակներում» (Տեսանյութ)

Հուլիս 16,2014 13:24

Քիչ առաջ Երևանի Կենտրոն և Նորք -Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանում մեկնարկեց «Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով դատական նիստը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան):

Nikol_Shant

Նիստին ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Aravot.am-ի հետ զրույցում Շանթ Հարությունյանին համարեց քաղբանտարկյալ: Մեր հիշեցմանը, թե ՀՀ իշխանությունները հայտարարել են նույնիսկ միջազգային ամենաբարձր ատյաններում, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե մենք հավատանք մեր իշխանություններին և նրանց ասածներին, մենք կարող ենք չճանաչել մեր երկիրը: Ես իմ տեսակետը ունեմ և պատրաստ եմ փաստարկել»:

Մեր մյուս հարցին՝ ի՞նչ ակնկալել ապօրինությունների մեջ թաղված իշխանություններից, որի մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, պարոն Փաշինյանը պատասխանեց. «Իշխանություններից կարելի է մի բան ակնկալել՝ ապօրինություն: Ես չեմ հասկանում այն դիրքորոշումը և այն մարդկանց, ովքեր ակնկալիք են ունենում ապօրինի դատարանից և իշխանությունից: Ակնկալիքը պետք է լինի այն ուժերից ու անհատներից, ովքեր ապօրինի իշխանության մաս չեն, ապօրինություններին չեն մասնակցել: Այդ ուժերի ակնկալիքը պիտի լինի ՀՀ-ում հաստատել օրինական իշխանություն:

Շանթը և իր խումբը փորձել են իրենց պատկերացմամբ համապատասխան ծառայել հենց դրան»:

Դատավարության ընթացքին Նիկոլ Փաշինյանը գնահատական տալ չցանկացավ ու նշեց. «Մնացական Մարտիրոսյանի վարած դատավարությանը գնահատական տալու որևէ կարիք չկա, նա իր դատավորական կենսագրության պատմությամբ բոլոր գնահատականները տվել է: Ապօրինի դատարանից կարելի է սպասել ապօրինի դատավարություն: Մնացական Մարտիրոսյանը և Սերժ Սարգսյանի նշանակած դատավորներն այն մարդիկ չեն, ովքեր իրավունք ունեն ՀՀ քաղաքացիներին դատելու, ովքեր քաղաքական խնդիրներ են առաջ քաշում և ՀՀ-ում օրինական իշխանության խնդիր են դնում:

Shant_3
Դատավարության ընթացքում Շանթ Հարությունյանը հրաժարվեց պաշտպանից և ասաց, որ ինքնուրույն կարող է պաշտպանել իր շահերը: Այնուհետև դիմելով Տարոն Մարգարյանին՝ ասաց. «Միկոյանի արձանի տեղադրումը դավաճանություն է: Սա իրագործելու համար Մոսկվայի գործակալները և նախկին չեկիստները, որ զավթեցին ՀՀԿ ղեկավարությունը և հենց նժդեհական հորջորջված, այլասերում են երկիրը»:


Այնուհետև Տարոն Մարգարյանին հիշեցրեց, որ նրա հայրը՝ Անդրանիկ Մարգարյանը, մի առիթով Անաստաս Միկոյանին դավաճան է համարել: Այնուհետև շարունակեց. «Գոնե դու, ում հայրը Անդրանիկ Մարգարյանն է եղել, Տարոն ջան, դու պիտի լավ իմանաս, թե ԿԳԲ-ն որքան ստոր կառույց է, ԿԳԲ-ն մարդուն փչացնում է մինչև վերջ, ստիպում է դավաճանել ոչ միայն երկրին, այլ հորը: Մի դարձիր հարազատ հորդ դավաճանած որդին: Եթե պաշտոնիդ բերումով ստիպված ես, գոնե Կամոյի արձանը կառուցիր, ոչ Միկոյանի»:
Դառնալով իր որդուն՝ Շանթ Հարությունյանն ասաց, թե, իհարկե, հիմա չեն կարողանում իրենց որդիների կենացը խմել, բայց «հպարտ եմ, որ իմ որդին այսօր հավասար իրավունքով նստած է իր հոր ընկերների հետ»:

Ու շարունակեց. «Այդպես էլ, Տարոն, քեզ չտեսա նման սեղանների շուրջ: Հուսով եմ, որ Անդրանիկ Մարգարյանի արյունը քո երակներում ջուր չի դառնա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031