Այսօր Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամները ամփոփեցին իրենց մեկ տարվա աշխատանքը: Ավագանու անդամ Արթուր Գասպարյանն ասաց, որ հիմա քաղաքապետարանը չի կարողանում շատ խախտումներ անել, քանի որ այնտեղ են իրենք. «Առաջ 15 րոպեում 20 որոշում էին կայացնում: Հիմա կան ժանդարմներ, մեզ եմ ասում, որոնք ուշիուշով հետեւում են: Իմ կուսակցականները ասում են, որ գնացել եք ՀՀԿ-ականներին աշխատել եք սովորեցնում: Մեր ֆունկցիան դա է, որ հսկենք, վերահսկենք»:
Հարցին՝ ԲՀԿ-ն ինչպես է պահում իրեն նիստերին՝ Արթուր Գասպարյանը պատասխանեց՝ «Առանց մեկնաբանության: Դեմքիս արտահայտությունից իմացեք: ՀՀԿ-ն էլ է ասում ժողովրդի կողքին է, ասելը մի բան է, անելը՝ մեկ այլ բան»:
Անահիտ Բախշյանը նշեց. «Ես անձամբ Թամար Պողոսյանի հետ լավ աշխատում եմ, բայց նկատել եմ, որ հարցեր են լինում, միայն ինքն է խոսում: Շատ լավ քննադատում է, քեֆս բերում է, բայց հետո որ կողմ են քվեարկում…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ