«96 նամակ ենք ստացել քաղաքացիներից, դրանց 30 տոկոսը լուծում են ստացել: Համագործակցությունը քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ սկսել է թափ հավաքել: Շարունակությունը հօգուտ քաղաքացիների է լինելու»,- այսպես այսօր «Հայելի» ակումբում Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ամփոփեց իրենց մեկ տարվա աշխատանքը:
Թե կոնկրետ ինչ խնդիրներ է հաջողվել լուծել՝ տիկին Բախշյանն ասաց. «Մեզ հաջողվել է Էրեբունի վարչական շրջանում՝ Ազատամարտիկների այգու մի հատվածը եղել է սեփականաշնորհված: Քաղաքացիները դիմեցին մեզ, բացահայտեցինք նախկին ավագանու որոշումը հանեցինք եւ պարբերաբար դիմեցինք: Ի վերջո, քաղաքապետ Տարոն Մարգարյանը գտավ լուծում՝ սեփականատիրոջն առաջարկեց մի այլ տարածք եւ այդ տարածքը վերադարձրեց էրեբունցիներին: Այդ հարցը լուծվեց»:
Տիկին Բախշյանը խոստովանեց, որ իր լիազորությունները, որպես ավագանու անդամ, մի քիչ օգտագործել է. «Հարավ-արեւմտյան թաղամասում վերանորոգել եմ Յուրի Բախշյանի անվան այգին: Խաղահրապարակը ամբողջովին նորոգվեց: Այնտեղ աղբանոց էր եւ մեծ փոս: Աղվան Գրիգորյանի օրոք, ով հիշեց, որ Յուրան խնդրել է իրեն չոր թաղամասում մի այգի հիմնել, ինքը սկսեց, մյուսները շարունակեցին»:
Տիկին Բախշյանը չլուծված խնդիրներից նշեց, որ քաղաքապետարանը չի ընդառաջում եւ չի ուզում Երեւանի ավագանու նիստերը համացանցով հեռարձակել. «500 հազար դրամի պատմություն է: Սկզբում քաղաքապետն ասաց, որ դեմ չեն, հետո չարեց: Հետո քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ ունենք, որ շենքերի տակ գործում են բազմաթիվ բարեր, ռեստորաններ, կարաոկեներ: Մենք առաջարկել ենք փոխել կառավարութան այդ որոշումը եւ որոշ սահմանափակումներ մտցնել: Արդեն 8 ամիս է, բարձրաձայնում ենք օղակաձեւ այգու շինության հետ կապված, ասում ենք՝ տերն ով է, չի սկսում շինարարությունը, սյուները կիսատ մնացել են: Ասում ենք՝ կամ խզեք պայմանագիրը կամ պարտավորեցրեք ավարտել շինարարությունը»:
Կարդացեք նաև
Տիկին Բախշյանը պատմեց, թե ինչ է տեղի ունեցել նիստերից մեկի ժամանակ. «Վերջին նիստերից մեկի ժամանակ Տարոն Մարգարյանը նշեց, որ ամենավատը Կենտրոնի թաղապետարանն է աշխատում ու ասեց թաղապետին՝ քեզ տրամվի տակ ընկած 3 էլ չեմ նշանակում, 2 եմ նշանակում»: Ըստ տիկին Բախշյանի, Տարոն Մարգարյանը իր սրտից է խոսում, բայց իր սրտով չի գործում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ