Արագածոտնի մարզի Ռյա-Թազա գյուղի բնակիչ,1980թ. ծնված Ռոման Ուսուբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա ապօրինի կերպով կրել է արհեստագործական եղանակով պատրաստված, հարվածող-փշրող սառը զենքերի շարքին դասվող կռփազենքերի նմանությամբ առարկա, որը 2014թ. մայիսի 20-ի ժամը 17-ն անց 15-ի սահմաններում Բագրատաշենի մաքսակետի հարակից տարածքում հայտնաբերվել է նրա մոտից, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի աշխատակիցների կողմից իրականացված «Կանալ-Հարավային թակարդ» կանխարգելիչ միջոցառման ժամանակ:
Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» կայքից, Ուսուբյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով («Ապօրինի կերպով գազային, սառը կամ նետողական զենք կրելը»): Այդ հոդվածով բնութագրվող հանցագործության համար նախատեսվում է տուգանք՝ 200-600 հազար դրամի չափով կամ կալանք՝ 1-3 ամիս ժամկետով կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:
Սույն քրեական գործով դատավարությունը հուլիսի 22-ին կմեկնարկի Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև