«Պայքարը անհետեւանք չի դարձել, նոր մասնակիցներ են ավելացել, մենք ենք ավելի հմտացել»,- այսօր՝ հուլիսի 16-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Նա նշեց, որ վաղը՝ հուլիսի 17-ին, նախաձեռնությունը պատրաստվում է կատարել իր վեցերորդ իրազեկման խաղաղ ավտոերթը: Երթը, պարոն Հակոբյանի խոսքերով, բացառիկ երթ է լինելու, քանի որ այն ընդգրկելու է Երեւանի բոլոր վարչական շրջանները՝ բացի Կենտրոնից. «Մենք էլ խնդիր չունենք Կենտրոն մտնելու. Մենք ինչ խոստացել էինք, արեցինք»:
Իրազեկման ավտոերթը մեկնարկելու է 12:30 Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի մոտ, այնուհետեւ մասնակիցները անցնելու են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով, լինելու են Դավիթ Անհաղթի, Կոմիտասի, Կիեւյան, Լենինգրադյան փողոցներով, որտեղից հետո գնալու են Մալաթիա Սեբաստիա, Շենգավիթ վարչական շրջաններ: Երթն ավարտվելու է Էրեբունի համայնքում.
«Հուսով ենք՝ Ճանապարհային ոստիկանությունը եւ ոստիկանությունը չի խոչընդոտի մեր երթը. Ըմբոստության երթ չէ, անհնազանդության երթ չէ, սա իրազեկման երթ է: Մենք մի քանի անգամ ապացուցել ենք, որ կարողանում ենք սկսել Ա կետից, վերջացնել Բ կետում առանց որեւէ խախտումի»:
Հարցին, թե նախաձեռնության իրազեկման երթերը խցանում չեն առաջացնում, Վարդան Հակոբյանը պատասխանեց, որ խցանումներն էլ են պայքարի ձեւերից մեկը.
«Մենք չենք նեղվում, որ խցանում ենք, ընդհակառակը՝ խցանումների պարագայում պայքարողների թիվն է ավելանում. Խցանման մեջ ընկնելով, նեղվելով հասկանում են, որ կա այս խնդիրը եւ այն լուծում է պահանջում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ