«Որեւէ մեկ պաշտոնատար անձի կողմից, այն էլ միջազգային մակարդակով, անընդհատ կրկնելը, որ ստատուս քվոն արդեն վտանգավոր է, միշտ բերելու է իրավիճակի սրացման»,- այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանն`անդրադառնալով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմաններում վերջին շրջանի լարվածությանը եւ Ադրբեջանի կողմից դիվերսիոն գործողություններին: Տիկին Ալավերդյանը նկատի ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի վերջին հայտարարությունն այն մասին, որ ստատուս քվոն վտանգավոր է դառնում:
«Մինսկի խումբը չկարողանալով այնպիսի միջոց կիրառել, ինչպիսին է խաղաղություն պարտադրելը, անցել է նրան, որ ինքը քննադատում է ստատուս քվոյի վիճակը: Դա վտանգավոր է: Նման հայտարարությունները միշտ էլ խրախուսելու են Ադրբեջանին անօրինական, միջազգային իրավունքին հակասող քայլերի համար»,- ասաց բանախոսը`նկատելով, որ այդ հայտարարությունը հնչեց ամերիկացի համանախագահի կողմից, բայց խմբի մյուս անդամները որեւէ կերպ չհակադարձեցին կամ չընդդիմացան:
Բուն դրվագի`Քարվաճառի նկատմամբ դիվերսիայի վերաբերյալ, Լարիսա Ալավերդյանն ասաց, որ սահմանը փշալարերով պատված չէ, այն ժամանակին`ԽՍՀՄ փլուզումից հետո, ըստ պայմանավորվածության է սահմանվել: Բայց, Ադրբեջանը չի ճանաչում այդ սահմանը ու ամեն անգամ ամենակոշտ ու կոպիտ ձեւերով կարող է ապացուցել, որ դա իր համար սահման չէ, այլ իր տարածքն է: Սրան գումարվել է նաեւ աշխարհաքաղաքական պայթյունավտանգ իրավիճակը, ինչը Ադրբեջանին թույլ է տալիս նման անօրինական քայլերի գնալ:
Ի՞նչ անի Հայաստանն այս իրավիճակում`հարցին, բանախոսն ասաց, որ իր կարծիքով ՀՀ իշխանությունները պետք է «հատուկ փաթեթ» ներկայացնեն ԵԱՀԿ եւ ԵԽ. «Դա չի արվում: Ես գիտեմ ինչ պատճառով`կասեն`ո՞ւր էիք մինչեւ հիմա: Ցավոք, Հայաստանում իշխանությունների փոփոխությունը չի բերել Մինսկի խմբի սկզբունքների փոփոխության: ԼՂՀ-ն պետք է ընդգրկվի բանակցային փուլ»:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները` տեսանյութում
Մինսկի խումբն, ըստ Լարիսա Ալավերդյանի, այս տարիների ընթացքում չի կատարել իր ամենօրյա աշխատանքը: Զինադադարի պահպանումն էլ նա համարում է առավելապես հայկական կողմերի ձեռքբերումը, որոնք չեն գնացել սադրանքների:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ