Հուլիսի 4-9-ը Կանադայի մայրաքաղաք Օտտավայում կայացել է Ֆրանկոֆոնիայի խորhրդարանական վեհաժողովի 40-րդ նիստը, որի ժամանակ հայտարարվել է այն մասին, որ Հայաստանը դարձել է Ֆրանկոֆոնիայի ԽՎ լիարժեք անդամ: Այդ մասին տեղեկացանք ՀՀ ԱԺ Ֆրանկոֆոնիայի խմբի ղեկավար Մարգարիտ Եսայանից:
Տիկին Եսայանը պատմեց, որ դեռ 2004 թ.-ից Հայաստանի Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի ԽՎ դիտորդ, իսկ 2009-ից՝ ասոցացված անդամ էր, եւ հիմա արդեն դարձավ լիարժեք անդամ. «Մինչ կսկսվեր լիագումար նիստը, Ֆրանկոֆոնիայի ԽՎ ղեկավար Պասկալ Տեռասեն հանդիսավոր կերպով հայտարարեց, որ մենք լիակատար անդամ ենք դարձել, շնորհավորեց մեր պատվիրակությանը, ես ելույթ ունեցա, ասացի, որ ՀՀ ԱԺ-ն աշխատում է ֆրանկոֆոնիայի արժեհամակարգին համարժեք, այն է՝ ֆրանսերենի զարգացման եւ տարածման ուղղությամբ»:
Մ. Եսայանը պատմեց, որ 2009-14 թթ. ընթացքում ակտիվ աշխատանքներ են տարվել ֆրանկոֆոնիայի ուղղությամբ, եւ երբ 2014-ին ԱԺ ղեկավարությունը նամակով դիմել է Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի ղեկավարությանը՝ Հայաստանը լիարժեք անդամ դարձնելու կապակցությամբ, այդ հարցը քննարկվել է, եւ ընդունվել, քանի որ իսկապես լուրջ աշխատանքներ են տարվում ֆրանսերենի զարգացման եւ տարածման հարցում:
Օտտավա էր մեկնել ԱԺ Ֆրանկոֆոնիայի խմբի ութ անդամներից երեքը՝ Մարգարիտ Եսայանը, Արմեն Ռուստամյանը եւ Մնացական Մնացականյանը: Ի դեպ, Արմեն Ռուստամյանը երկար տարիներ ղեկավարել է Ֆրանկոֆոնիայի խումբը՝ մինչեւ Մարգարիտ Եսայանը, իսկ Մնացական Մնացականյանը ժամանակին Թալինի քաղաքապետն էր, որը Ֆրանսիայի Բուրգ դե Վալանս քաղաքի քույր քաղաքն է:
Կարդացեք նաև
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը հիմնադրվել է 1970 թվականին, եւ այսօրվա դրությամբ այդ կազմակերպության անդամ է 57 երկիր, եւ դիտորդ անդամ եւս 20-ը: Հայաստանը հիմնական անդամներից է: Ավելի վաղ՝ 1967 թվականին հիմնվել է ֆրանսերենով խոսող խորհրդարանականների միջազգային ասոցիացիան, որը հետագայում վերափոխվել է Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի: ՀՀ խորհրդարանը 2004թ.-ից Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի դիտորդ, 2009-ից ասոցացված անդամ էր:
Ֆրանկոֆոնիայի ԽՎ հաջորդ լիագումար նիստը կկայանա մյուս տարի՝ Շվեյցարիայում:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ