Հայաստանը սեփական գրպանի պարունակության մաս համարելով՝ Ռուսաստանը վերջին տարիներին ակտիվորեն զբաղված է Ադրբեջանին փշի-փշի անելով։ Հենց այս նպատակի մեջ է տեղավորվում այդ երկրին միլիարդավոր դոլարների զենք վաճառելը։ Այս ամենին Սերժ Սարգսյանի պատասխանն այն է, որ վազում է Լատինական Ամերիկա եւ այնտեղից ընդամենը ասում, որ այդ փաստը ցավալի է։ Ռուսաստանը տեսնում է նաեւ, որ Բաքվի հետ իր մերձեցումը ոչ մի խնդիր չի առաջացնում Հայաստանում ու Ղարաբաղում։ Ընդհակառակը, Հայաստանն ու Ղարաբաղը ավելի ամուր են կպնում իր ոտքերին, որովհետեւ վախենում են ռուս-ադրբեջանական մերձեցումից։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի հետ սիլիբիլիները կարելի է հանգիստ շարունակել։
Հիմա, ուրեմն, այդ փուլում ենք. Ադրբեջանը Ռուսաստանին ասում է՝ եթե ինձ ԵՏՄ ես ուզում տանել, ուրեմն մտածի՛ր, թե Ղարաբաղի հարցում ինչ կարող ես անել։ Ու զուգահեռ կրակում է մեր գյուղերի վրա, դիվերսիաներ իրականացնում, որպեսզի տեսնի, թե Ռուսաստանն ինչ ռեակցիա է տալիս։ Իսկ Ռուսաստանը ռեակցիա չի տալիս, ինչը նշանակում է, որ կարելի է նաեւ խորոված ուտելու փորձ անել Քելբաջարում։
Հիմա, ըստ էության, ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանն ու Ղարաբաղը կարթին ամրացված խայծի դերում են, որը Ռուսաստանը պահում է Ադրբեջանի քթի տակ։ Ադրբեջանն էլ զգուշորեն պտտվում է այդ խայծի շուրջ, վստահ չէ՝ համփ անի՞, թե՝ ոչ։
Իսկ ինչպե՞ս կավարտվի այս պատմությունը, այս պահին դժվար է ասել։ ԼՂ հարցում Ռուսաստանի հնարավորությունները, իհարկե, մեծ են, բայց անսահմանափակ չեն։ Իրավիճակը նաեւ ներքին հակակշիռներ ունի. Ալիեւը գիտի, որ Պուտինը կարող է քցել իրեն, Պուտինն էլ, իր հերթին, գիտի, որ Ալիեւը կարող է քցել իրեն։ Իրավիճակի բարդությունն այն է, որ սեփական ճակատագիրը որոշելու հարցում Հայաստանի դերը փոքրանում է եւ ներկայումս գտնվում է վերջին 23 տարվա նվազագույն կետում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում