Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեղինակավոր մրցույթներում կարելի է գումար աշխատել»

Հուլիս 16,2014 13:55

Հավաստիացնում է ճանաչված կիթառահար Արտյոմ Դերվոյեդը

Վերջերս «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում կայացավ ռուս կիթառահար Արտյոմ Դերվոյեդի եւ Էդ. Միրզոյանի անվան լարայի քառյակի համերգը, որի ընթացքում կիթառահարն ու քառյակը հանդես եկան ինչպես սոլո համարներով, այնպես էլ համատեղ: Սա արվեստագետների երկրորդ հայաստանյան համագործակցությունն է: Առաջին համերգից հետո կիթառահարն ու քառյակը տեսահոլովակ էլ են նկարահանել: Նկատենք, որ դասական երաժշտության տեսահոլովակները մեր իրականությունում դեռեւս հազվադեպ են հանդիպում:

32-ամյա կիթառահար Արտյոմ Դերվոյեդը «Առավոտին» պատմեց, որ ինը տարեկանում ծնողների հետ Դոնի Ռոստովից տեղափոխվել է Մոսկվա, ստացել հիմնավոր երաժշտական մասնագիտական կրթություն՝ սկզբում Մոսկվայի Շնիտկեի անվան քոլեջում, ապա Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում, անվանի մանկավարժ Նիկոլայ Կոմոլյատովի դասարանում: Վարպետության դասեր է վերցրել Օսկար Գիլյայի, Ռեմի Բուշեի, Ռոլանդ Դյենսի, Ալեքսեյ Զիմակովի, Ֆաբիո Զանոնի, Ռոման Դիազովսկու, Ֆիլիպ Վիլայի ղեկավարությամբ: Գերմանիայում դասերի է հաճախել ճանաչված իտալացի կիթառահար Անիելո Դեզիդերիոյի մոտ: 2005-ից էլ դասավանդում է Մոսկվայի արվեստի եւ մշակույթի պետական համալսարանում եւ Գնեսինների անվան երաժշտական ակադեմիայում:

Դերվոյեդը մասնակցել է 37 միջազգային մրցույթի, որից 16-ում շահել է առաջին մրցանակ, իսկ մյուսներում դարձել դափնեկիր: Այս առիթով մեր զրուցակիցը նախ նշեց, թե մրցույթներն անհրաժեշտ են, քանի որ երաժիշտը գնում է, տեսնում, շփվում, անընդհատ լավ «մարզավիճակում» է մնում, հետո էլ նվագացանկն է ընդլայնում… «Իմ դեպքում, հենց մրցույթներից շահած գումարի շնորհիվ ես այսօր ունեմ 4 հիանալի կիթառ: Հեղինակավոր մրցույթներում հնարավոր է եւ գումար վաստակել: Ավելին՝ մի հանգամանք էլ կա. նախապես իմանալով, թե ովքեր են ժյուրիի կազմում, ես արդեն գիտեմ՝ կշահե՞մ մրցույթում, թե՞ ոչ»,- հավելեց կիթառահարը, նշելով, որ անցյալ տարվանից արդեն չի մասնակցում մրցույթների:

Տարածված այն կարծիքին, թե կիթառի համար ստեղծագործողը պետք է տիրապետի այդ գործիքին (Հայաստանում կիթառի համար գրում է միայն Նարինե Զարիֆյանը), Արտյոմ Դերվոյեդը, որի նվագացանկը ընդգրկում է Վերածննդի ժամանակի երաժշտությունից մինչեւ ժամանակակից կոմպոզիտորների երկեր, պատասխանեց. «Իմ խորին համոզմամբ, կոմպոզիտորը ցանկության դեպքում պետք է ստեղծագործի երաժշտարվեստի բոլոր ժանրերում: Օրինակ՝ Բրիտենը երբեք կիթառ չի նվագել կամ Ռոդրիգոն, բայց ունեն բազմաթիվ ստեղծագործություններ կիթառի համար, թեկուզեւ Պենդերեցկին: Հանրահայտ այս կոմպոզիտորների ցանկը կարելի է շարունակել…»: Մեր զրուցակիցն ասաց նաեւ, որ ունի երկու CD, երրորդն էլ կթողարկի հանրահայտ «Մելոդիա» ֆիրման: Իսկ թե հայ որեւէ կոմպոզիտորի ստեղծագործության կհանդիպե՞նք թողարկվելիք CD-ում կամ ընդհանրապես՝ իր նվագացանկում, երաժիշտը հայտնեց. «Նոր CD-ն ամբողջովին նվիրված է լինելու Պագանինիին: Տեղ կգտնեն նաեւ Պագանինիի թեմաներով գրված այլ կոմպոզիտորների գործեր կամ այնպիսիք, որոնք ինչ-որ ձեւով կապ ունեն մեծանուն իտալացու հետ: Ինչ վերաբերում է հայ կոմպոզիտորներին, ցանկություն ունեմ նրանց երկերով մեկ այլ CD թողարկել: Հենց այդ նպատակով էլ հունիսի 25-ից մինչ օրս Երեւանում եմ»:

Կիթառահարը հիացմունքի խոսքեր շռայլեց Էդվարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտներ Սոնա Ազարյանի, Արամ Ասատրյանի, ալտահար Արմեն Թորոսյանի եւ թավջութակահար Վահան Գրիգորյանի հասցեին, հատուկ շեշտելով, որ շուրջ 2 տարվա պատմություն ունեցող քառյակը իսկապես արժանի է կրելու 20-րդ դարի հայ մեծանուն կոմպոզիտորի անունը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031