Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ամոթ է, որ Ուկրաինայում չկա Փարաջանովի թանգարան»

Հուլիս 16,2014 14:00

Ուկրաինացի ճանաչված կինոօպերատոր Յուրի Հարմաշը ցավում է,
որ վրացիներն էլ չեն պահպանել Փարաջանովի տունը

«Ոսկե ծիրանի» շրջանակներում բացված փարաջանովյան լուսանկարչական ցուցահանդեսի առիթով Երեւանում է Փարաջանովի արվեստի նվիրյալ, հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշը (լուսանկարում, որը վերցված է ֆեյսբուքյան էջից): Նա 1972 թվականից բեմադրող օպերատոր է Դովժենկոյի անվան կինոստուդիայում, նկարահանել է 20-ից ավելի խաղարկային եւ 30-ից ավելի հեռուստատեսային ֆիլմ:
«Առավոտի» հետ զրույցում կինոգործիչը նշեց, թե Փարաջանովն այնպիսի հզոր անհատականություն է, որին միարժեք չես կարող ընկալել. «Երիտասարդ տարիներիս տպավորություններն այլ էին, հետո ուրիշ, իսկ հիմա, երբ վարպետը չկա, հասկանում եմ, թե ինչ համաշխարհային մեծության հետ եմ պատիվ ունեցել աշխատել: Չնայած ասվում է՝ կուռքեր մի ստեղծեք, բայց նա իսկապես կուռք էր: Մինչեւ հիմա, ես սովետական կինեմատոգրաֆի պատմության մեջ երկու դեպք եմ հիշում, որ ՎԳԻԿ-ի դահլիճում ֆիլմից հետո ուսանողները հոտնկայս ծափահարեն: Սովորաբար ուսանողները իրենց համարում են հանճարեղ՝ մինչեւ այն պահը, երբ սկսում են նկարել ու այդ շրջանում ժխտողական վերաբերմունք են ցուցաբերում ուրիշների արվեստի հանդեպ: Ինչպես արդեն ասացի, ՎԳԻԿ-ի դահլիճը հոտնկայս ծափահարել է երկու դեպքում՝ մեկը Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերների», մյուսը՝ Կիրա Մուրատովայի «Երկարատեւ հրաժեշտի» պարագայում: Իմիջիայլոց, վարպետի հետ ծանոթացել եմ 1969 թ. ՎԳԻԿ-ի ռեժիսորական ֆակուլտետի հայ ուսանող Հերալդ Բեժանովի շնորհիվ: Իմ ընկալմամբ, Փարաջանովը բացի հանճարեղ արվեստագետ լինելուց, նաեւ հրաշալի մարդ էր: Ժամանակին Ուկրաինայում երիտասարդ ուսանողիս օգնեց անվանի հայ ռեժիսորը, ոչ թե ուկրաինացին…Փարաջանովի հանդեպ ամբողջ կյանքում ազնիվ երախտագիտության զգացում ունեմ»:

parajanov

Յուրի Հարմաշը պատմում է, որ ուսանողական տարիներին ապաստանել էր Կիեւի Պեչորսկի շրջանում գտնվող մի շենքի նկուղում, որտեղ տարածք էին տալիս միայն չամուսնացածներին, ու ինքը ստիպված թաքցրել էր իր ընտանեկան դրությունը: Մի անգամ, երբ ուր որ է պետք է գաղտնիքը բացվեր, քանի որ իրեն հյուր էր եկել իր կինը, իսկ գիշերելու տեղ չկար, երիտասարդ Հարմաշը ստիպված դիմում է Փարաջանովի օգնությանը: Դա 72 թվականն էր, փետրվար ամիսը: Փարաջանովը երիտասարդ զույգին քնեցնում է մահճակալին, սենյակն էլ ձեւավորում իրեն բնորոշ երեւակայությամբ՝ մրգերից կազմված նատյուրմորտով, Եկատերինա Երկրորդի սպասքից պահպանված արծաթե սկահակի մեջ դրված մանուշակներով: Իսկ ինքը քնում է Նապոլեոն Բոնապարտի շարժական մահճակալի վրա՝ վերարկուով ծածկված:

Մինչեւ հիմա Հարմաշը չի կարողանում պատկերացնել, թե փետրվար ամսին, ձյուն-ձմեռով վարպետը որտեղի՞ց էր իրենց համար մանուշակներ գտել:

Մեր զրուցակիցը, որն առաջին անգամ է ժամանել Երեւան, հասցրել է լինել Փարաջանովի տուն-թանգարանում: Ասում է՝ ուղղակի շոկի մեջ էր, այն ամենը, ինչը տեսել է վարպետի տանը, հիմա երեւանյան թանգարանում է ու իր մոտ սքանչելի հուշեր է արթնացնում: «Շատ եմ ցավում, որ Կիեւում չկա Փարաջանովի թանգարան: Դա Ուկրաինայի կինեմատոգրաֆիստների, մեր մշակույթի նախարարության ամոթն է: Նույնքան ամոթ է նաեւ վրացիների համար, որ չպահպանեցին այն տունը, որտեղ ապրել է Փարաջանովը:
Փառք Աստծո, որ Հայաստանը՝ Փարաջանովի հայրենիքը, ստեղծել է այդ թանգարանը»,-նշում է մեր զրուցակիցը:

Խոսելով իր բացառիկ լուսանկարների մասին, որոնց մի մասը տեղ է գտել նաեւ Արայիկ Մանուկյանի հրատարակած «Կար-չկար՝ մի Փարաջանով» գրքում, ու լուսանկարչական ցուցահանդեսն էլ դեռ շարունակվում է «Մոսկվա» կինոթատրոնում, Յուրի Հարմաշը նշեց. «Ինձ համար թանկ են փարաջանովյան բոլոր լուսանկարները, ես հիշում եմ ամեն ինչ՝ յուրաքանչյուրի հետ կապված, երբ եմ նկարել, ինչ տրամադրություն ուներ նա այդ օրը»:
Հեղինակը մի քանի լուսանկարի հետ կապված դրվագներ պատմեց: Օրինակ, երբ 1978-ին Փարաջանովը բանտից հետո գաղտնի գալիս է Կիեւ՝ ընկերների մոտ պահպանված անձնական իրերը հավաքելու համար: Որոշ բաներ Սուրեն Շահբազյանի մոտ էին պահվում: Յուրի Հարմաշն էլ տիկնոջ հետ գնում է օգնելու վարպետին ու լուսանկարում նրան: Մի բացառիկ լուսանկար էլ կա. կանգնած է Փարաջանովը Տարաս Շեւչենկո փողոցում, Պետական անվտանգության կոմիտեի հարեւանությամբ, մատով ակնարկում է, որ այդ շենքում «նստել» է 11 ամիս: Հարմաշը շատ բնական Փարաջանով ունի 1987-ին արված լուսանկարում՝ «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի դերասան եւ ռեժիսոր Իվան Միկոլայչուկի քառասունքն է, Փարաջանովը բաժակը ձեռքին խորհում է…
«Փարաջանովի մասին կարծես ասված եւ ցուցադրված է ամեն ինչ: Նոր բան չեմ կարող ավելացնել: Միայն մի բան եմ ուզում շեշտել, եւ ոչ թե նրա համար, ինչ է թե հայկական հողի վրա եմ՝ Փարաջանովը հանճար էր»:

Յուրի Հարմաշը մի դրվագ էլ պատմեց. Ֆրանսիայի նախագահ Շարլ դը Գոլի կինը «Մոռացված նախնիների ստվերները» դիտելուց հետո խնդրում է իրեն տանել Փարաջանովի մոտ: Արվեստագետին զգուշացնում են՝ որեւէ խենթություն չանել: «Ինքը ոչ մի խենթություն չէր արել, ուղղակի խոսել էր էլեկտրիկի հետ, որ հոսանքազրկել էր շենքը, վերելակը սպասարկողի հետ, որը անջատել էր վերելակը: Փարաջանովն էլ ապրում էր 7-րդ հարկում: Նա իր բարեկամներից խնդրել էր, որ կարպատյան մետրանոց մոմեր ուղարկեն՝ ամուսնական արարողությունների համար նախատեսված, որոնք վարդի գլխիկներ ունեին: Առաջին հարկից մինչեւ յոթերորդ վառում է այդ մոմերը, աստիճանները պատում վարդի թերթիկներով ու այդպես ընդունում նախագահի տիկնոջը… Այդ հանճարեղ մարդու երեւակայությունը տեսեք՝ որը խոստացել էր ոչ մի խենթություն չանել…»,- պատմում է արվեստագետը: «Մոռացված նախնիների ստվերները» պետք է Արգենտինայում կինոփառատոնի մասնակցեին, ու Փարաջանովն անհատական հրավեր ուներ: Հարմաշի ձեւակերպմամբ, ինչպես ընդունված էր «դուրս» գնացող արվեստագետների պարագայում, Փարաջանովին եւս հրավիրում են «զրույցի» ու անձամբ Կենտկոմի առաջին քարտուղարի մոտ: Նրան հարցնում են, թե դերասաններից ում հետ կուզենար մեկնել Արգենտինա, վարպետը երկու անուն է տալիս: Հարմաշի խոսքով, փորձում են բացատրել, որ միջոցների սղության պատճառով միայն մեկի հետ կարող է գնալ, քանի որ իրենց ուղեկցելու է համապատասխան կառույցի՝ առնվազն երեք աստղանի ուսադիրով աշխատակիցը: Սա զայրացնում է Փարաջանովին. «Եթե ձեր փողերը քիչ են, ուրեմն ինձ համար միակողմանի տոմս գնեք…»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Норайр says:

    Сегодня история фильма “Тени забытых предков” получает новый, современный оттенок. Дело в том, что после премьеры фильма, обрусевший украинец Сергей Бондарчук, обвинил армянина Сергея Параджанова в….украинском национализме! Параджанов и в Армении, и в Грузии, после снимал фильмы в том же ключе. Пропитывая фильм этнокультурой. “Цвет граната”, или “Легенду Сурамской крепости”(кажется так назывался фильм), в национализме не обвинили. И армянам, и грузинам разрешали снимать фильмы в национальном стиле, на национальном языке. Украинцам-нет. В фильме “Тени забытых предков” не было и намека на политику. Просто, одно то, что фильм шел на украинском языке(перевод шел титрами) и с любовью был показан украинская культура, Бондарчук Параджанова назвал украинским националистом. Трагедия украинского народа в том, что они одних корней с русскими. Вот и русские считают, что они должны быть единым народом. Русским народом. Не спрашивая украинцев. Хотят ли они быть русскими? А украинцы Богу молятся на украинском языке. Песни поют, любят и грустят на этом удивительно красивом и певучем языке. И не понимают, почему они должны хотеть стать русскими. Мало на свете народов, которые из одних корней произошли.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031