Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսանողները դժգոհություններ ունեն

Հուլիս 16,2014 10:28

Իսկ Ֆրանսիական համալսարանից պնդում են, թե գործել են քննությունների անցկացման եւ դիպլոմներ ստանալու մասին կանոնակարգի համաձայն

«Առավոտին» Հայաստանում Ֆրանսիական համալսարանի (ՀՖՀՀ) իրավագիտության ֆակուլտետի առաջին կուրսի մի քանի ուսանողներ պատմեցին, որ Հայոց լեզու առարկայի քննության գնահատման հետ կապված դժգոհություններ ունեն եւ դիմում-բողոք են ներկայացրել ՀՖՀՀ ռեկտոր Ժան-Ժան Մոնտուային: Դիմումի մեջ նրանք նշել են, որ հայոց լեզվի դասախոս Ս. Ալիխանյանը իրենց գնահատականները նշանակելիս առաջնորդվել է լրիվ այլ կերպ, քան պահանջվում է թեստերի գնահատման չափանիշով: Մասնավորապես, կետադրությանը վերաբերող առաջադրանքը, ըստ թեստում նշված չափանիշի, պետք է գնահատվեր՝ յուրաքանչյուր ճիշտ պատասխանի համար 0,25 միավոր, այնինչ Ս. Ալիխանյանը հանել է նույնքան միավոր յուրաքանչյուր սխալ պատասխանի համար: Արդյունքում՝ ուսանողների գնահատականները մեծապես տուժել են: Ավելին, այս գնահատման պատճառով որոշ ուսանողներ ստիպված են հանձնել վերաքննություն, սակայն թեստում նշված չափանիշով գնահատելու դեպքում նրանցից ոմանք վերաքննության չէին մնա:

Նկատենք, որ մյուս ֆակուլտետներում նման խնդիր չի ծագել: Եթե իրավաբանականում առավելագույն գնահատականը եղել է 15,75, ապա կառավարման ֆակուլտետում՝ 19,70: Ուսանողները կասկածում են, որ պատճառը հենց գնահատման չափանիշն է՝ չհաշված դասախոսի չափից դուրս բծախնդրությունը:

Ի դեպ, ըստ ՀՖՀՀ կանոնների՝ առարկաները բաժանված են մի քանի մոդուլների, եւ հայոց լեզվի հետ միասին նույն մոդուլի մեջ է մտնում փիլիսոփայություն առարկան, որից էլ ուսանողները հիմա ստիպված պետք է վերաքննություն հանձնեն, քանի որ հայոց լեզվից ստացած ոչ ճիշտ գնահատականը չի բավականացրել տվյալ մոդուլը փակելու համար: Դրա համար հիմք են ծառայել նաեւ տարօրինակ կլորացումները: Եթե 7,95 գնահատականը կլորացվել, դարձել է 8 միավոր, ապա 7,91, ինչպես նաեւ՝ 7,8 եւ 7,6 եւ այլ գնատականները չեն կլորացվել: Ուսանողները իրենց դիմում-բողոքում պահանջում էին հայտարարված չափանիշներով գնահատել իրենց աշխատանքները:

Երբ ուսանողները հայտնաբերել են, որ չափանիշը սխալ է ընտրվել, ինչպես իրենք են ասում, դասախոս Ս. Ալիխանյանը նույնպես ընդունել է, որ սխալվել է, եւ ուսանողներին խոստացել է, որ մյուս տարի այդպես չի գնահատի: Ուսանողներն ասում են, որ այդ ժամանակ Ս. Ալիխանյանը ուսանողներին առաջարկեց դիմում գրել՝ գրավորները վերանայելու համար, որը ինքը կհանձնի բուհի ադմինիստրացիային, իսկ երբ հաջորդ օրը ուսանողները գնացել են հետաքրքրվելու իրենց դիմումի ճակատագրով, պարզվել է, որ այդ դիմումը չի հանձնվել ադմինիստրացիային: Այդ ժամանակ էլ նրանք ստիպված նոր դիմում են գրել՝ ուղղված ռեկտորին:

Սակայն նրանց դիմումը քննարկվել է Հումանիտար եւ հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Հ. Հովհաննիսյանի հետ, որը փորձել է ուսանողներին համոզել, որ այս ձեւով գնահատումը ճիշտ էր եւ ձեռնտու հենց ուսանողներին, իսկ դասախոս Ալիխանյանը շփոթվել է՝ ասելով, որ սխալ է եղել: Այնինչ, իրավաբանություն ուսումնասիրող ուսանողները պնդում են, որ ավելի լավ է՝ գնահատվեն նախապես հայտարարված չափանիշներով, թեկուզ ի վնաս իրենց (ի դեպ, իրենք վստահ են, որ դա ի վնաս չէր), քան իրենց խաբված զգան:

Մեկ այլ դժգոհություն էլ վերաբերում էր նրան, որ ուսանողներից ոմանց, գնահատականների ցածր լինելու պատճառով, անգամ վերաքննության չեն թողնում: Եթե այլ բուհերում ուսանողին առնվազն մեկ, իսկ հաճախ նաեւ մի քանի անգամ վերաքննություն հանձնելու հնարավորություն է տրվում, ապա այս բուհում այն ուսանողները, որոնց ընդհանուր գնահատականը որոշակի շեմ չի հաղթահարել, դրա հնարավորությունը չեն ստանում:

Հայաստանում Ֆրանսիական համալսարանի հասարակայնության հետ կապերի բաժնից «Առավոտին» փոխանցեցին հետեւյալը. «Ուսանողների գնահատումը եւ հաջորդ կուրս փոխադրումը, ինչպես նաեւ ավարտելը իրականացվում է քննական հանձնաժողովի որոշմամբ` համաձայն համալսարանի Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված «Քննությունների անցկացման եւ դիպլոմներ ստանալու մասին ՀՖՀՀ կանոնակարգի»: Մասնավորապես, ուսանողները պետք է բավարարեն յուրաքանչյուր կրթական մոդուլի միջին եւ բոլոր մոդուլների ընդհանուր միջին գնահատականներին վերաբերող պահանջները` այդ թվում նաեւ վերաքննություններին մասնակցելու համար: Հարկ է նշել, որ ըստ նշված կանոնակարգի՝ մոդուլներում ներգրավված առարկաների գնահատականների միջինի հաշվարկը ուսանողին հնարավորություն է տալիս որեւէ առարկայից ստացած ցածր գնահատականը փոխհատուցել մոդուլում ընդգրկված, իր մասնագիտական նախասիրություններին համարժեք մեկ այլ առարկայի ավելի բարձր գնահատականով»:

Գ. Հ.

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031