Լրահոս
Օրվա լրահոսը

Արձակուրդային ակրոշկա

Հուլիս 16,2014 14:20

Ինչ ուզում եք՝ ասեք, բայց առաջ, երբ թմրամոլի նման երեւանյան արեւն էլ էիր հիացմունքով ընդունում, անձրեւն էլ, արձակուրդի հարցը շատ ավելի հեշտ էր լուծվում: Հենց շեֆդ Գոհարի հետ առանձնանում էր, հոպ՝ կոմպի մոտից կյանքի քանոնի եզրով թռչում էիր, Լենինգրադի մարզի Գատչինայի շրջանի Օրեդեժ գետի լողափի ավազին շորերդ արագ-արագ հանում էիր, նետվում ջուրը, այնտեղ տեսնում տասներորդ դասարանցի Իրինայի գայթակղիչները, միանգամից սիրահարվում ու այդպես սիրահարված վերադառնում կոմպիդ մոտ… Մինչեւ շեֆիդ հայտնվելը հանկարծ գիտակցում էիր, որ ակնոցդ ես այնտեղ՝ արձակուրդի տեղում մոռացել, մի անգամ էլ՝ հոպ, լենինգրադցի Իրինայի երանելի սպիտակ մաշկին մի թեթեւ հպում, ակնոցը վերցրիր ու նորից պատի տակի քո հավերժ սեղանի դիմաց նստած՝ ոչ ոք չի նկատել քո բացակայությունը… Իսկ դու արձակուրդում էիր…

Եվ այդքան հեշտ՝ աշխատանքային սովորական օրվա ընթացքում մի քանի անգամ, առանց արձակուրդայինը ձեւակերպելու, գնում-գալիս էիր՝ Հաղպատ, Լոնդոն, Մյունխեն, Փարիզ, Լոմոնոսով, մալականների գյուղ Ֆիոլետովո…

Ստացվում էր իսկական արձակուրդային ակրոշկա: Դուք գիտե՞ք, թե ինչ բան է իսկական ռուսական ակրոշկան: Դուք հաստատ չգիտեք:

Մեջն, ինչ ասես՝ կարող ես լցնել. եփած կարտոֆիլի կեղեւը հանեք, քառակուսիներով կտրտեք, հետո նույն ձեւով՝ անյուղ երշիկը եւ պինդ խաշած ձուն… Թարմ սամիթ՝ հարեւան Լյուդա տյոտյայի մարգից, նույն տեղից էլ՝ գիշերը գողացված երկու առողջ վարունգ… Ու ամենակարեւորը՝ կվաս…

Այդ կվասը կայարանի մոտ են վաճառում, Գատչինայից են բերում ցիստեռնով… Ուրիշները հենց որ լսում են, որ Գատչինայից կվաս են բերել, բիդոններով վազում են: Դուք չգնաք՝ ինքը դեռ քաղցր է: Սպասեք մի օր, իսկ ավելի լավ է՝ երկու օր: Արեւի տակ կվասը ցիստեռնում սկսում է կամաց-կամաց ինքնակատարելագործվել, ու երրորդ օրը, երբ արդեն լենինգրադցի Իրինայի սպիտակ մաշկի պես կատարյալ դառնա, վերցրեք բիդոնն ու գնացեք կայարան: Ճանապարհը երկար է, բայց ոչինչ, հենց տեղ հասնեք, սառնարանում կդնեք:
Մինչեւ սառի, Լեւ Տոլստոյի երրորդ հատորը վերցրեք, գնացեք անտառ… Փառք Աստծո՝ շուրջն անտառ է… Դուք երբեւէ կարդացե՞լ եք Լեւ Տոլստոյ անտառում՝ ընկած ծառի հաստ բնին նստած… Դրա հաճույքը կարելի է համեմատել միայն այն պահի հետ, երբ սառը կվասը վերջապես լցնում ես ակրոշկայի մնացած բաղադրիչների վրա ու սմետան ավելացնում… Ոչ՝ թթվասեր չէ, հենց սմետան՝ նույն կայարանից բերված… Տնական ու ծորուն…

Այդ ամենը՝ Նատաշա Ռոստովան եւ ռուսական ակրոշկան, մնացին կյանքի քանոնի ապրած եզրին՝ այն մասում, որտեղից ամեն ինչ սկսվում էր… Թե քանի սանտիմետր է մնում մինչեւ վերջը՝ սովորական օրերին չի երեւում: Իսկ ոչ սովորական օրերին՝ խմած ժամանակ, տարբեր է՝ մի տարի, տասը տարի, բայց դա խաբուսիկ է, որովհետեւ խմած ես… Նայած, թե ինչքան ես խմել: Եվ՝ ում հետ:

Հիմա արդեն արձակուրդ գնալն ընդհանրապես շատ դժվար է դարձել: Ու ոչ միայն այն պատճառով, որ ծերացած շեֆդ այլեւս չի առանձնանում Գոհարի հետ: Շեֆի ու Գոհարի հետ միասին ողջ հիմնարկն է ծերացել, ողջ հանրապետությունը, ողջ կյանքը…
Էլ չես կարողանում առաջվա պես ցանկացած պահի առանց վիզայի տեղափոխվել կյանքի քանոնի սկզբնական մասերը, որտեղ Օրեդեժ գետն էր, Լեւ Տոլստոյը, Իրինան, Գատչինայից բերված կվասի ցիստեռնը…

Հիմա կյանքն արդեն հարթվել, կայունացել ու ասֆալտապատվել է… Ու մարդ վախենում է արձակուրդից… Եսի՞մ, բա որ գնաս ու չվերադառնաս… Մանավանդ՝ վերադառնալու հավես էլ չկա…

ԱՐՄԵՆ ԴՈՒԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031