Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դրանք ոչ թե ռազմավարական ծրագրեր են, այլ շարադրություններ

Հուլիս 16,2014 14:40

Տնտեսագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանն «Առավոտի» հետ զրույցում անդրադառնում է մեր պետության՝ ռազմավարություն չունենալու, նոր սերնդի ՀԴՄ-ների եւ գյուղատնտեսության կրած 11 միլիարդ դրամ վնասի մասին:

– Պարոն Մեսրոբյան, գյուղնախարարության պատասխանատուները հայտարարում են, որ մարտ-ապրիլ ամիսների ցրտահարությունն ու դրան հաջորդող պարբերաբար տեղացած կարկուտները 11 միլիարդ դրամից ավելի վնասներ են հասցրել գյուղատնտեսությանը: Եթե նախորդ տարի գնաճը զսպվեց գյուղատնտեսության հաշվին, ապա այս տարի, մասնագետների գնահատմամբ, ճիշտ հակառակն է լինելու: Որքա՞ն գնաճ է սպասվում:

– Նախ ասեմ, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները եւ ընդհանրապես իրենց հարգող պետությունները միշտ ունեն դոտացիոն, լայնածավալ ծրագրեր իրենց գյուղատնտեսության համար, որովհետեւ գյուղատնտեսությունն ինքն իր էությամբ ռիսկային եւ հազար ու մի խնդիրներից կախված ոլորտ է: Մեզ մոտ նման խնդիրները շատ ավելի սահուն կլուծվեին, եթե իրոք մենք ունենայինք պետության ռազմավարությունը եւ նրա առանձին ճյուղը՝ պետության ռազմավարություն՝ ուղղված գյուղատնտեսության պահպանմանն ու զարգացմանը: Մենք նման բան չունենք: Պարբերաբար տպվում են տարբեր ծրագրեր, որոնք անվանվում են պետության նոր զարգացման ծրագրեր: Սակայն ցանկացած ռազմավարական ծրագիր պետք է մի քանի պարտադիր բաղադրիչ ունենա: Ծրագիրը պետք է հստակ նշի՝ ինչ վերջնական արդյունքներ են ակնկալում, ընդ որում՝ ոչ թե վերացական, այլ ընդհուպ մինչեւ թվաբանական: Ծրագիրը պետք է բաժանված լինի փուլերի, յուրաքանչյուր փուլի ավարտին պետք է լինի հետեւյալը՝ ինչ միջանկյալ արդյունքներ են լինելու, ինչ սպասվող վտանգներ կամ զրկանքներ են լինելու, ով է անձամբ ի պաշտոնե պատասխան տալու թերացումների եւ ծրագիրն ի կատար չածելու համար, ինչ տեսակի պատասխանատվությամբ եւ ինչ չափով: Իմ թվարկած բաղադրիչները պարտադիր նվազագույն պայմաններն են ռազմավարական ծրագրի. մեզ մոտ դրանցից ոչ մեկը, ոչ մյուսը չկա, հետեւապես՝ դրանք ռազմավարական ծրագրեր չեն, այլ շարադրություններ, այդ պատճառով էլ ոչ մի ոլորտում, այդ թվում եւ՝ գյուղատնտեսությունում, երբեք մի սպասեք գոնե կայունացում, զարգացման մասին էլ չեմ խոսում: Ես դեռ չեմ տեսնում, որ գյուղատնտեսական ոլորտում պետք է լինեն դրական փոփոխություններ, ավելի շատ գնալու է դեպի վատթարացում, եւ ամենակարճ տարբերակը վատթարացման գյուղմթերքների գների արագացված աճն է: Մենք տեսանք եւ էլի կտեսնենք գյուղմթերքների թանկացում, որովհետեւ դատարկություն չի լինում. եթե մի տեղ լինում է կորուստ, ինչ-որ մի տեղ այդ կորուստը պետք է համալրվի: Բնական է, ամենակարճ ճանապարհը սպառման գներն են: Բացի այդ, մոտենում է այն ժամանակը, երբ գյուղատնտեսությունը «քաղաքակիրթ» աշխարհի հետ ստորագրված պայմանագրերով պետք է ամբողջությամբ մտնի հարկային դաշտ, եւ, բնական է, որ սա էլ է նպաստելու գների ավելացմանը:

Երրորդ հանգամանքն այն է, որ մեզ մոտ գյուղերը դատարկվում են, իսկ դա նշանակում է, որ արդեն, նաեւ՝ օբյեկտիվորեն, մեզ մոտ վտանգված է պարենային անվտանգությունը:

– ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովը Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից հետո հայտարարեց Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության խոչընդոտի մասին, համաձայն որի՝ եթե մեր երկիրը միանա Եվրասիական տնտեսության ձեւաչափին, պետք է Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) երկրների եւ Եվրասիական տնտեսական միության երկրների ներմուծման եւ արտահանման մաքսատուրքերի տարբերությունը փոխհատուցի ԱՀԿ երկրներին: Այս հայտարարությունը մեր երկրի պաշտոնյաները որեւէ կերպ չմեկնաբանեցին:

– Եթե լիներ Հայաստանի զարգացման ռազմավարական ծրագիր, ապա այն իր մեջ պետք է պարտադիր պարունակեր մեխանիզմներ, որոնք նախատեսված կլինեին որոշակի փոփոխությունների համար: Ծրագիրն այն չէ, որ միայն կետերով նախատեսվածը կատարեն, այնտեղ պարտադիր պետք է լինի, որ եթե այս կամ այն կետը օբյեկտիվ պատճառներով չի կատարվում, կամ՝ ոչ պլանավորված փոփոխությունների ժամանակ, ինչպես կարելի է փոխհատուցել, վնասազերծել կամ պահպանել ծրագրի աշխատանքը: Եվ քանի որ մեզ մոտ նման ծրագիր չկա, ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետում փռշտում է՝ մեզ վրա դա ազդում է: Ինչը նշանակում է, որ մենք անգամ ռազմավարական եւ մարտավարական իմաստով պաշտպանված չենք: Ես կասկածներ ունեմ, որ այդ պաշտոնյաներից որեւէ մեկը չի կարդում այն, ինչ ստորագրում է, եւ այդ պատճառով էլ խնդիրներ են առաջանում, ու մեզ դրսից են հուշում, թե՝ գիտեք ինչ, այստեղ հարկային խզում է առաջանալու, այստեղ՝ մաքսային վճարումների խզում, որովհետեւ մեզ մոտ այն մարդիկ, որոնք պարտավոր են եւ գլխի պատասխանատվությամբ պետք է զբաղվեն Հայաստան պետությունուվ, նրանք նման խնդիր իրենց առջեւ չեն դնում:

– Պարոն Մեսրոբյան, վերջերս կառավարությունը ներդրեց նոր սերնդի ՀԴՄ-ները, որոնց նպատակը, ինչպես հարկայինի պաշտոնյաներն են վստահեցնում, խոշոր բիզնեսի եկամուտները ջրի երես հանելն է, բայց «Առավոտն» արդեն ՓՄՁ ներկայացուցիչներից բողոքներ է ստանում, որ միեւնույն է՝ խոշոր տնտեսվարողը, ապրանքը փոքրին տալով, խուսափում է ՀԴՄ կտրոն տրամադրել, հետեւաբար փոքրն էլ չի կարող հարկայինին հիմնավորել, թե ապրանքն ումից է վերցրել:

– Մեզ մոտ օլիգարխիկ պետական կառավարման համակարգ է, այսինքն՝ օլիգարխիան նաեւ լավ թափանցված է պետության մեջ, եւ ծիծաղելի է ենթադրել, որ ինչ-որ մի գործընթաց, որը կազմակերպում է պետաօլիգարխիկ պետությունը, կվնասի օլիգարխիային, բնական է՝ կվնասի ոչ օլիգարխիային: Հետեւապես, ինչ նոր սերնդի՝ 3D կարգի ՀԴՄ-ներ ներդնենք, խնդիրը դա չէ: Եթե, իրոք, մեր պետական այրերն ուզենային բացահայտել այդ ամենը, դուրս կգային փողոց եւ ցանկացած մարդու կհարցնեին: Բոլորը շատ լավ գիտեն՝ սա ում օբյեկտն է, որտեղից է սնվում եւ այլն: Թե չէ՝ ՀԴՄ-ների տեղադրումը հայտնի քաղաքականությունն է՝ ամեն գնով փող պոկել, հիմա էլ նոր սերնդի ՀԴՄ-ներ ներդնելով:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031