Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես էլ եթե խոշոր գործարար լինեի, հավանաբար կդժգոհեի»

Հուլիս 16,2014 14:50

ՀՀԿ-ական պատգամավորը՝ հարկային դաշտ մտնելու առումով
խոշոր գործարարների դժգոհությունների մասին

«Ողջունում եմ կառավարության այդ քայլը եւ կարծում եմ, որ աշնանն արդեն ականատես կլինենք բավական լուրջ արդյունքների՝ բյուջեի հավաքագրումների եւ ստվերի կրճատման առումով: Կառավարությունում՝ ի դեմս վարչապետի, նման վճռականություն տեսնում եմ: Կարծում եմ՝ հասարակության վերաբերմունքն էլ դրական է»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանը՝ անդրադառնալով ստվերի դեմ պայքարի ուղղությամբ կառավարության մտադրություններին: Հիշեցնենք, որ հուլիսի 1-ից ՀՀ կառավարությունը ստվերի դեմ պայքար է սկսել: Մինչ այդ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մոտ էր հավաքել խոշոր գործարարներին եւ տեղեկացրել իր մտադրությունների մասին: Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցներում գործարարները թեպետ դրական արտահայտվեցին վարչապետի նախաձեռնության մասին, սակայն «ոչ հրապարակման համար» զրույցներում այնքան էլ խանդավառված չէին: Ի դեպ, ուշագրավ է, որ այդ գործարարները միաժամանակ նշում են, որ դեմ չեն «սպիտակով» աշխատելուն, բայց կառավարության քայլերի հաջորդականությունն այնպիսին պետք է լինի, որ իրենց շահերն էլ հաշվի առնվեն: Օրինակ՝ դժգոհության առիթ է այն, որ շրջանառության հարկը խանութների համար նվազեցվելու է հոկտեմբերի 1-ից: Այն 3 տոկոսից իջեցվելու է մեկ տոկոսի: Գործարարներն ակնկալում էին, որ դա կարվի մինչ իրենց հարկային դաշտ բերելը:

«Առավոտի» սույն դիտարկումներին ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Մարդկային բնությունն այնպիսին է, որ ցանկացած մարդ էլ ուզում է գերշահույթ ստանալ: Այստեղ զուտ բիզնեսի շահն է խոսում, որը կապ չունի բարոյականության հետ: Այդպիսին է աշխարհը, այդպիսին է մեր հասարակությունը: Եթե ի սկզբանե համագործակցային հարաբերություններ լինեին, յուրաքանչյուրը կվերցներ այն, ինչն իր բաժինն էր: Իսկ այժմ վերցնում են այնքան, որքան ցանկություն կա: Նույնիսկ՝ անհրաժեշտությունից շատ: Այս առումով խոշոր գործարարները դժգոհեն-չդժգոհեն՝ պիտի վճարեն: Արտոնյալ մարդիկ չեն լինելու: Ես էլ եթե խոշոր գործարար լինեի, հավանաբար կդժգոհեի: Բայց պիտի վճարեն, որպեսզի թոշակն ու աշխատավարձը մարդիկ ժամանակին կարողանան ստանալ»: Պատգամավորն այս առումով նորմալ է համարում կառավարության ձեռնարկած գործողությունները, հույսեր էլ է կապում, արդյունքների մասին, սակայն, կխոսի ավելի ուշ:
Վահրամ Մկրտչյանն ընդհանրապես հասարակությանը կոչ է անում «թեւները քշտել» եւ շատ վճռական զբաղվել այդ հարցով. «Բոլորը փորձում են թաքցնել եկամուտը, տրտնջալ, դժգոհել: Բայց մենք պետք է հավատանք, հուսանք եւ աջակցենք: Հասարակական վերահսկողությունը լուրջ բան է, որը Հայաստանում զրոյական վիճակում է: Եթե մենք կարողանանք հասարակական լայն վերահսկողություն սահմանել՝ իրավիճակն ավելի արագ եւ դրականորեն կշտկվի: Բոլորն էլ գիտեն, թե իրենց ծանոթը, կողքի կրպակի աշխատողն ինչպես են թաքցնում եկամուտը, կամ որեւէ սուպերմարկետում հսկիչ դրամարկղային կտրոն չեն տալիս եւ այլն: Եթե մենք հսկողություն սահմանենք՝ կօգնենք համապատասխան մարմիններին, եւ հարցերն արագ կլուծվեն: Բայց մենք թաքցնում ենք, թիրախավորում ենք կառավարությանն ու մեղադրում անկարողության մեջ»:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031