Հարցազրույց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ծրագրի ղեկավար Հայկակ Արշամյանի հետ
– Վերջին շրջանում շատերն են կարծիք հայտնում, որ Հայաստանում քաղաքական ուժերը կորցրել են իրենց դերը, քաղաքական դաշտն աղճատված է, եւ պետք է հույս դնել քաղաքացիական հասարակության, քաղաքական կողմնորոշում չունեցող ակտիվ զանգվածների վրա: Ի՞նչ եք կարծում՝ նրանք կարո՞ղ են ինչ-որ բան փոխել:
– Եթե խոսում ենք քաղաքացիական դաշտի մասին եւ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վրա այդ դաշտի ազդեցության մասին, ապա, կարծում եմ, դա ինչ-որ չափով կորցրել է իր ակտուալությունը, որովհետեւ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից Մաքսային միությանը միանալու մտադրության մասին հայտարարությունից հետո կտրուկ փոխվեց իրավիճակը Հայաստանում: Քաղաքացիական հասարակությունը լուրջ հարվածի տակ դրվեց, եւ տարբեր վտանգներ ու սպառնալիքներ կախվեցին դաշտում խաղացողների գլխին: Մինչ այդ կային քիչ թե շատ նորմալ գործող մեխանիզմներ, ինչ-որ չափով հարգում էին մարդու իրավունքները, հաշվի էին առնվում լրագրողների իրավունքները, ՀԿ-ները փորձում էին ակտիվորեն ներգրավված լինել ներքին հասարակական կյանքում, կային մոնիտորինգային խմբեր, որոնք հետազոտում էին ընտրություններից սկսած մինչեւ բնապահպանության եւ սոցիալական հարցեր… Բայց այսօր տեսնում ենք կտրուկ շրջադարձ՝ այն առումով, որ քաղաքացիական դաշտը այդ սպառնալիքների ներքո չի կարողանում համախմբվել:
– Ի՞նչ սպառնալիքների մասին է խոսքը՝ ուղիղ սպառնալիքնե՞ր են եղել, թե՞ Մաքսային միության կերպարն ինքնին սպառնալի է:
Կարդացեք նաև
– Առաջին հերթին այդ անուղղակի սպառնալիքը կա, որը մարդկանց մեծ մասին ստիպում է զգուշանալ, քանի որ սովետի մասին հիշողությունները դեռ թարմ են մարդկանց մեջ, հատկապես՝ միջին եւ ավագ սերնդի, ու երիտասարդներն ամեն անգամ պատի են բախվում: Բայց ուղղակի սպառնալիքներ էլ կան: Հիշենք նախորդ տարի հունիսից հոկտեմբեր ընկած ընթացքում բազմաթիվ քաղաքացիական ակտիվիստների վրա հարձակումները: Դեկտեմբերի 2-ին Պուտինի այցի ժամանակ Երեւանում կազմակերպված ցույցի ժամանակ հարյուրից ավելի մասնակիցներ ուղղակի բռնի կերպով ձերբակալվեցին, տարվեցին ոստիկանություն, նրանց դեմ գործեր հարուցվեցին, եւ այդ ամեն ինչը, իհարկե, ազդում է մարդկանց գիտակցության վրա: (Հիշեցնենք, որ անցած տարի սեպտեմբերին Հայկակ Արշամյանը եւ նրա ընկերը՝ Սուրեն Սաղաթելյանը, նույնպես բռնության ենթարկվեցին, եւ այդ գործն այդպես էլ չբացահայտվեց-Մ. Բ.):
– Ոստիկանության վերաբերմունքն էլ է կարծես թե փոխվել:
– Միանշանակ: Ոստիկանության վերաբերմունքը փոխվել է ոստիկանապետ Վովա Գասպարյանի հայտնի հայտարարություններից հետո: Նա սեպտեմբեր-հոկտեմբերին մի քանի հայտարարություն արեց, վերջերս էլ նմանատիպ հայտարարություն արեց, որում ուղղակիորեն քաղաքացիական ակտիվիստներին եւ հասարակությանը զգուշացնում էր, որ ցանկացած ընդվզում լուրջ կերպով կճնշվի: Դա մենք տեսանք վերջերս, երբ էլէներգիայի թանկացման դեմ ընդամենը մի քանի տասնյակ մարդ էր հավաքվել, եւ ինչ բռնություն իրականացվեց նրանց նկատմամբ: Մարդիկ ոչ մի քաղաքական հարց չէին բարձրացրել: Մինչ այդ թվում էր, թե՝ եթե Պուտինի կամ ՌԴ դեմ չխոսենք, մեղմ կլինի վերաբերմունքը, սակայն վերջին դեպքը եւս մեկ անգամ ապացուցեց, որ ոստիկանությունը պատրաստ է ճնշել ցանկացած ընդվզում: Մարդիկ ընդամենը սոցիալական հարց էին բարձրացնում, ընդ որում՝ դա պետք է հուզեր նաեւ ոստիկաններին՝ ինչպես ցանկացած քաղաքացու, բայց պարզվեց, որ ոստիկանությունն ավելի բռնի մեթոդների է անցել, ինչը անհանգստացնող է:
– Այսինքն՝ իշխանությունների կողմից պարբերաբար հնչեցվող հայտարարությունները, որ Մաքսային միությունը զուտ տնտեսական միություն է, իսկ Հայաստանը շարունակելու է ինտեգրվել Եվրոպային՝ ժողովրդավարության եւ այլ հարցերով, չեն իրականանում:
– Դե, դա ուղղակի աբսուրդի ոլորտից է: Մաքսային եւ Եվրասիական տնտեսական միությունը հետադիմական, նոր արժեքներ չստեղծող, ավտորիտար ռեժիմներով երկրների՝ Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, միություն է, որին Հայաստանի իշխանություններն ամեն կերպ փորձում են անդամակցել: Տնտեսական կախվածությունն ի վերջո բերելու է քաղաքական կախվածության, չնայած մեր պարագայում դա կարծես հակառակն է. մենք այս 10-15 տարիների ընթացքում այնքան կախվածության մեջ ընկանք Ռուսաստանից, որ հիմա տնտեսական կախվածությունը երկրորդական է դառնում: Մյուս կողմից էլ՝ Մաքսային կամ Եվրասիական միությանը միանալու մասին խոսելը հիմա կարծես տարօրինակ է, որովհետեւ այդ անդամակցությունը անընդհատ հետաձգվեց, եւ հայտնի էլ չէ՝ Հայաստանին սպասո՞ւմ են, թե՞ ոչ: Ղազախստանի նախագահի շնորհիվ այդ միության մեջ թուրքականության միտումը շատ մեծ է, նա անընդհատ փորձում է այդ միության մեջ ներգրավել Թուրքիային, վերջերս էլ անընդհատ հրավերներ են ուղղվում Ադրբեջանին: Բայց էս ամեն ինչի արգելակը դարձավ Ուկրաինան, որտեղ Ռուսաստանն ուղղակի տապալվեց:
– Ի դեպ, Ուկրաինայի հետ համեմատության վերաբերյալ. կարծիք կա, որ Ռուսաստանից մեկընդմիշտ պոկվելու համար պետք է ինչ-որ բան տալ՝ Ուկրաինան տվեց Ղրիմը, Վրաստանը հրաժարվեց Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից, մենք պատրա՞ստ ենք կորցնել Ղարաբաղը:
– Ինձ համար Ղարաբաղի հարցի անընդհատ շահարկումը թե՛ ընդդիմության, թե՛ շարքային քաղաքացիների, թե՛ իշխանության եւ թե՛ ռուսական կողմից ուղղակի բլեֆ է: Եթե նայում ենք միտումը, որ ժամանակին Սահակաշվիլին հրաժարվեց Աբխազիայից, Հարավային Օսեթիայից եւ դրանով պոկվեց Ռուսաստանից, Ուկրաինան հանձնեց Ղրիմը՝ գրեթե առանց դիմադրության, բայց Լեռնային Ղարաբաղի պարագայում ավելի բարդ է ամեն ինչ, որովհետեւ այս դեպքում ոչ թե Ռուսաստանը գնում-վերցնում է տարածքները, այլ խոսքը գնում է Ադրբեջան-Հայաստան-ԼՂՀ եռանկյունու մասին, որտեղ ՌԴ-ն փորձում է միջնորդ լինել: Իրավիճակը տարբեր է, եւ չի կարելի ամեն անգամ կուլ գնալ այդ շանտաժին, որ եթե Ռուսաստանի դիմաց ամեն անգամ ծնկի չգանք, Ղարաբաղը կհանձնվի Ադրբեջանին:
– Բայց կարծես թե այդ նույն «կուտը» Ադրբեջանին էլ է մատուցվում:
– Այո, եւ հենց այդ պատճառով էլ Ղարաբաղի հիմնախնդիրը մինչեւ հիմա մնացել է չլուծված: Ժամանակին այդ խնդիրը կարող էր լուծվել, առնվազն վերջնական խաղաղություն հաստատվեր, բայց դա չեղավ միայն այն պատճառով, որ մեծ տերությունները, նաեւ՝ Ռուսաստանը, շահագրգռված չէին այդ հարցի լուծմամբ: Քանի որ ՌԴ-ն այս տարածաշրջանում ունի մի քանի անգամ ավելի մեծ ազդեցություն, նրան պետք էր նմանատիպ ազգամիջյան խնդիր, որ կարողանա կառավարել տարածաշրջանի երկրներին:
– Այսինքն՝ ներկայիս ստատուս քվոն ոչ միայն մեզ է ինչ-որ առումով ձեռնտու, քանի որ ԼՂՀ-ն դե ֆակտո անկախ է, այլեւ գերտերություններին: Այս վիճակը երկա՞ր կձգվի, թե՞ ավելի ճիշտ է որեւէ լուծում տալ-վերջացնել ոչ այնքան սառած հակամարտությունը:
– Լեռնային Ղարաբաղի խնդիրը պետք է լուծում գտնի, որովհետեւ այս վիճակը ձեռնտու չէ մեր ժողովուրդներին: Նմանատիպ կոնֆլիկտներն ի վերջո հանգում են շատ անկանխատեսելի պատերազմի: Նման գոտիներում պատերազմները հիմնականում բռնկվում են պատահաբար, եւ դա պետք է կանխել:
– Իսկ առանց պատերազմի այսօրվա վիճակում, ոչ թե տեսականորեն, այլ ելնելով այն վիճակից, ինչ հիմա կա, հնարավոր համարո՞ւմ եք խնդրի լուծումը:
– Եթե նայում ենք Ադրբեջանի իշխանությունների այսօրվա պահվածքին եւ ներքին քաղաքականությանը, բնականաբար՝ ոչ: Ադրբեջանն անընդհատ մաքսիմալիստական պահանջներ է դնում: Ամեն անգամ մեկ, երկու, երեք շրջանի հանձնման մասին է խոսքը, որից հետո նոր կնստեն բանակցությունների: Բայց մենք արդեն ունենք այդ շրջանները, ինչո՞ւ պետք է հանձնենք, հետո նոր նստենք բանակցությունների: Հաղթած ժողովուրդը չի կարող ինչ-որ բան զիջել, հետո նստել բանակցությունների, հակառակը՝ պետք է նստել բանակցությունների, խոսել, հետո նոր մտածել զիջումների մասին: Դա իմ տեսակետն է:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հարցազրույցի շարունակությունը՝
վաղվա համարում:
«Առավոտ» օրաթերթ
15.07.2014
Что касается С. Саргсяна. Если он найдет способ свои капиталы вывести из России, или из офшорных подконтрольных российским спецслужбам банков, возможно сам откажется от членства в ТС. Пока у него не получается. Вопрос в том, что Запад принял жесткую позицию против авторитарных режимов стран бывшего СССР. Россия обещает защиту правящим кланам этих стран. Правда, особую доверию российское руководство тоже правящим кланам республик не внушает. Вот и мечутся и наш, и азербайджанский президент. Ищут, где им будет безопаснее.