Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չինական փոքրիկ, աղքատիկ քաղաքում ծնված ռեժիսորը

Հուլիս 15,2014 23:40

Հուլիսի 16-ին «Ոսկե ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնը կներկայացնի չինացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան Ցզյա Չժանկեին: «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրի մեկնարկը կտրվի ռեժիսորի «Նատյուրմորտ» ֆիլմով:

Չինական փոքրիկ, աղքատիկ քաղաքում ծնված ռեժիսորն ասում է, որ ծննդավայրի աղքատ մարդկանց կյանքը մշտապես աչքի առաջ ունենալով՝ կարողացել է խորությամբ ճանաչել այդ մարդկանց կյանքը, տեսնել այն դժվարությունները, որոնց մշտապես բախվել են նրանք:

Ահա, թե ինչու են ռեժիսորի առաջին երեք ֆիլմերը ներկայացնում նրա հայրենի փոքրիկ քաղաքի կյանքը. «Այդ ֆիլմերը աղքատ գյուղացի մարդկանց մասին են, իսկ չորրորդ՝ «Աշխարհ» ֆիլմը դարձյալ ներկայացնում է նույն գյուղացիներին, բայց արդեն նրանց, որոնք տեղափոխվել են քաղաք»,- «Նաիրի» կինոթատրոնում այսօր կինոսերների համար անցկացված վարպետության դասերի ժամանակ ասաց ռեժիսորը:

Խոսելով իր ընտրած ուղու մասին՝ Ց. Չժանկեն ասաց, որ ավագ դպրոց ընդունվելու տարիներին հասկացել է, որ ուզում է գրել, և տարբեր պատմվածքներ է գրել. «Այդ ժամանակ կինոյի նկատմամբ հետաքրքրություն դեռևս չունեի»,- ասում է նա:

Ու թեև տարված է եղել գրականությամբ, այնուամենայնիվ, շուտով հասկացել է, որ գրականությունն այն չէ, ինչ պետք է չինացիներին. «Այդ ժամանակահատվածում անգրագետ մարդկանց թիվը մեծ էր Չինաստանում, և գրելով ես չէր կարող հասանելի լինել շատ մարդկանց»,- ասում է չինացի կինոռեժիսորը:

Միառժամանակ տարվում է նկարչությամբ, քանի որ կարծում է, թե այն ավելի հասու է բոլորին, բայց սա էլ երկար չի տևում: Եվ, վերջապես, նրան սկսում է գրավել կինոն, ու նա որոշում է դառնալ ռեժիսոր:

Ց. Չժանկեն ասում է, որ կինոաշխարհում իր համար շատ ուսանելի են եղել հատկապես իտալական, ֆրանսիական, ճապոնական և Խորհրդային միությունում ստեղծված ֆիլմերը, որոնք «ուսումնասիրելով»՝ մեծ փորձ է ձեռք բերել. «Իմ ուսուցիչների գրեթե կեսը Խորհրդային միության ռեժիսորներ են, և նրանց ազդեցությունն ինձ վրա ես կրում եմ մինչև օրս»,- անկեղծանում է ռեժիսորը:

Եվ վերջում նա խորհուրդ տվեց մարդկանց միասին ֆիլմեր դիտել և ոչ թե միայնակ. «Ես նկատել եմ, որ մարդիկ սկսել են միայնակ դիտել ֆիլմեր, բայց ես կարծում եմ, որ ֆիլմերը մարդկանց համախմբելու, միասնական դարձնելու ուժ ունեն: Ֆիլմ միայնակ նայելը վտանգավոր երևույթ է»,- ասում է Ց. Չժանկեն:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031