Լրահոս
Օրվա լրահոսը

Հիմնադրվել է հայկական ընկերություն, որն իրականացնում է օդանավերի տեխնիկական սպասարկում

Հուլիս 15,2014 23:07

Մինչեւ վերջերս Հայաստանում հանկարծակիորեն տեխնիկական խնդիրների առջեւ կանգնած օդանավերը ստիպված էին օգտվել ՀՀ-ում ներկայացված օտարերկրյա ծառայություններից, որոնք, բնականաբար, իրենց տրամադրության տակ ունեցել են նվազագույն անհրաժեշտ սարքավորումները, քանի որ հանդես են եկել որպես գծային կայաններ: Մեկ ամիս առաջ հայկական «Աքիլա տեխնիքս» ընկերությունը վկայագիր է ստացել Քաղավիացիայից, եւ այդ սերտիֆիկատի հիման վրա Հայաստանում սկսել է գործել առաջին հայկական կազմակերպությունը՝ օդանավերի տեխնիկական սպասարկման ոլորտում: Այսօր կայացավ այս ընկերության շնորհանդեսը, որի ժամանակ հիմնադիրը՝ Կարեն Ավդալյանը, ներկայացրեց իրենց ծրագրերն ու գործունեությունը:

Առայժմ ընկերությունը մշտապես սպասարկում է չորս ինքնաթիռ, այդ թվում՝ նախագահի ինքնաթիռը: Ամսվա կտրվածքով մեր օդանավակայան է մտնում 20-30 ինքնաթիռ, այնպես որ շուկան մեծ է: «Առավոտի» հարցին, թե ինչպե՞ս է նորաստեղծ հայկական ընկերությունը մրցակցելու արդեն գործունեություն իրականացնող դրսի, թեկուզ ոչ բազային, այլ գծային կայանների հետ, Կ. Ավդալյանը պատասխանեց, որ մեր օդանավակայանում տեղակայված հայկական ընկերությունը հնարավորություն կտա ավելի ճկուն գնային քաղաքականություն իրականացնել, իսկ որակի մասին, ըստ նրա՝ «խոսք չկա, քանի որ սերտիֆիկատը շնորհվել է եվրոպական բարձրագույն ստանդարտներով եւ ամենայն խստությամբ»: Ներկայումս ընկերությունը անցնում է նաեւ «բերմուդային սերտիֆիկացում», որը պարտադիր է այն ընկերությունների համար, որոնք ուզում են սպասարկել Բերմուդներում գրանցված ինքնաթիռները, իսկ ռուսական ինքնաթիռները հենց այդտեղ են գրանցված: «Մենք շուտով կստանանք այդ սերտիֆիկատը, վստահ եմ, եւ կսկսենք սպասարկել նաեւ ռուսական ինքնաթիռներ»,-ասաց Կ.Ավդալյանը:

Ընկերության 23 աշխատակիցները եվրոպական լավագույն ավիացիոն հաստատություններում վերապատրաստվել են եւ վերադարձել Հայաստան աշխատելու, դա, ըստ Ավդալյանի, իրենց հիմնական սկզբունքներից է՝ ընդգրկել միայն հայ մասնագետների՝ կանխելով նրանց արտահոսքը արտերկիր:

Առաջիկա հինգ տարիների համար հաշվարկված բիզնես պլանով՝ «Աքիլա տեխնիքսը» մտադիր է Հայաստանում անգար ունենալ: Այդ պարագայում եւ աշխատատեղերը կավելանան, եւ սպասարկվող ինքնաթիռների քանակը եւ սպասարկման հնարավորությունները: Անգարի կառուցումը լուրջ ներդրումներ է ենթադրում, ավելի քան 2,5 մլն դոլարի չափով: Իսկ մինչ այժմ ընկերությունն արդեն իսկ 800 հազար դոլարի ներդրում է արել: Եթե անգարը կառուցվի, դա հնարավորություն կտա այս ոլորտում տարածաշրջանում առաջնային դիրք ունենալ՝ կարծում է Կ. Ավդալյանը:

«Առավոտի» հարցին՝ բացի սպասարկումից, որեւէ օրգանական կա՞պ ունեք «Էյր Արմենիա» ընկերության կամ «Զվարթնոց» օդանավակայանի հետ, որի տարածքում գործում եք, Կարեն Ավդալյանը պատասխանեց, որ բացարձակապես չունեն, լրիվ այլ կազմակերպություն են:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031