Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողի համար դժվար է միայնակ պայքարել իր իրավունքների համար». փորձագետ

Հուլիս 15,2014 20:22

Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիան Եվրամիության տրամադրած դրամաշնորհի շրջանակներում պատրաստվում է Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում իրականացնել այդ երկրների ժուռնալիստների միությունների կարողությունների զարգացման ծրագիր:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Օլիվեր Մանեյ-Կիրլը:

Ծանոթացնելով ծրագրին՝ նա ասաց, որ այն նպատակ ունի աջակցելու վերը նշված երկրների ժուռնալիստների միություններին, հզորացնելու և արդիականացնելու դրանք: Ծրագրի շրջանակներում կհիմնվեն լրագրողական արհմիություններ, որոնք միտված կլինեն լրագրողների աշխատանքային պայմանների բարելավմանը, նրանց իրավունքների պաշտպանությանը և լրագրողական հմտությունների զարգացմանը:

«Մենք ցանկանում ենք մեծացնել ժուռնալիստների միությունների հնարավորությունները և հզորացնել լրագրողների ու ակտիվիստների կարողությունները, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- ասաց Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի ծրագրի համակարգող Ադրիեն Քոլլին:

Այս նպատակով Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում Ժուռնալիստների միջազգային ֆեդերացիայի անդամները սեմինարներ կանցկացնեն լրագրողների համար և կիրազեկեն նրանց իրենց իրավունքների ու պարտականությունների մասին. «Մենք լրագրողներին կսովորեցնենք գործատուների հետ աշխատելու հմտություններ, ինչպես նաև կտրամադրենք իրավաբանական խորհրդատվություն, որովհետև լրագրողները հաճախ չգիտեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին»,- ասաց Ա. Քոլլին:

Մեծ Բրիտանիայի Ժուռնալիստների միության գործադիր անդամ, փորձագետ և ակտիվիստ Արջումանդ Վաջիդն էլ տեղեկացրեց, որ առաջիկայում հարցումներ կանցկացվեն՝ ավելի հստակ պատկերացում կազմելու համար, թե հատկապես ինչ խնդիրներ ունեն լրագրողները, թեև, ինչպես նա իր խոսքում նշեց, ինքը շատ լավ է պատկերացնում այդ խնդիրները, որովհետև երկար տարիներ զբաղվել է լրագրողական աշխատանքով. «Լրագրողի համար դժվար է միայնակ պայքարել իր իրավունքների համար,- ասում է փորձագետը:- Եվ լուծումը, կարծում ենք, ամուր արհմիության ստեղծումն է, որը կպայքարի ավելի լավ աշխատանքային պայմաններ ունենալու համար»:

Ինչպես տեղեկացրին բանախոսները, ծրագիրը կմեկնարկի սեպտեմբերին՝ Վրաստանում: Իսկ սեմինարին մասնակցած լրագրողներն այնուհետև սեմինարներ կանցկացնեն իրենց երկրների լրագրողների համար:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031