Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյան. «Չեմ հրաժարվի իմ խոսքերից». (Տեսանյութ)

Հուլիս 15,2014 20:09

«Երբևէ, հատկապես իմ պաշտոնավարման ժամանակ որևէ որոշում չեմ կայացրել հասարակական կարծիքը կամ շարժումը նկատի ունենալու տեսանկյունից»,-պատասխանելով այն հարցին՝ արդյո՞ք համաչափ է Լյուքս Ստեփանյանի դեմ կայացված դատավճիռը, այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա ևս մեկ անգամ շեշտեց, թե իր համար նշանակություն չունի, թե կա հասարակական պահանջ, ուրեմն անձին եկեք մեղադրանքից ազատենք, կամ  ծնողների դիրքորոշումը՝ իրենք գոհ են պատժից, թե՝ ոչ, իրեն շատ չի հուզում:

Դատախազը այս առիթով հստակեցրեց. «Համենայն դեպս կատարվել է հանցագործություն, երկու անձ տուժել է: Պատժաչափը, երբ դատախազը միջնորդում է, դա օդի մեջ չի որոշվում, նմանատիպ դեպքերում դատական պրակտիկան, տվյալ դեպքում մեղմացնող և ծանրացնող հանգամանքները  հաշվի առնելով է պատժաչափը որոշվում: Մենք չենք ներկայացրել, թե ծնողներին լռեցնելու հարց կա, եկեք խիստ պատիժ տանք: Պատիժը խիստ չէ,  այն համաչափ է, մենք խոսում ենք մեկ արարքի և երկու հանցագործության մասին»:

Հարցին՝ եթե Լյուքս Ստեփանյանի գործը հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այն բավարարվի, արդյոք դատախազը հետ չի՞ կանգնի իր խոսքերից, Գևորգ Կոստանյանը, ժպիտը դեմքին պատասխանեց. «Չեմ հրաժարվի իմ խոսքերից: Ես՝ որպես դատախազ, գտնում եմ, որ պատիժը համաչափ է: Եվրադատարանը կարող է գտնել, որ դա համաչափ չէ: Մենք ավելի խիստ պատիժ էինք միջնորդել»:

Այն քննադատությանը, թե Լյուքս Ստեփանյանին մինչև դատավարության ավարտը մեղավոր կոչելը, ՀՀ գլխավոր դատախազի կողմից անմեղության կանխավարկածի խախտում է, պարոն Կոստանյանը պատասխանեց. «Բա իմ գործը հենց անձի մեղավորության մասին խոսելն է, չէ՞: Եթե ես այլ կերպ վարվեի, դա կլիներ տարօրինակ: Ես դատախազ եմ նրա համար, որ ես իմ մեղադրանքը պնդեմ: Եթե մեղադրանքը հիմնավոր չհամարեի, մեղադրանք չէի առաջարկի կամ կհրաժարվեի: Եթե գտնում եմ, որ մեղադրանքը հիմնավոր է, պնդում եմ, դա իմ սահմանադրական գործառույթն է: Անմեղության կանխավարկածը դրա հետ կապ չունի, քանի որ իմ գործառույթն է մեղադրանքի մասին խոսելը: Մենք գտնում ենք, որ անձը մեղավոր է, բայց դա դեռ չի նշանակում, որ հաստատ մեղավոր է անձը: Դա որոշվում է դատարանում»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031