Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հովակիմ Սրբազան. «Սեռափոխության մասին» օրենքի նախագիծ մշակած պլաստիկ վիրաբույժը կարող է ազգի դավաճան համարվել»

Հուլիս 15,2014 19:45

Օրերս Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ, միկրովիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու Կարեն Պետրոսյանը դժգոհել էր, որ թեև իրենք առողջապահության նախարարությանն են ներկայացրել «Սեռափոխության մասին» օրենքի նախագիծը, սակայն այստեղից դեռ արձագանք չկա: Պլաստիկ վիրաբույժը, որն այդ օրենքի նախագծի հեղինակներից մեկն է, գտնում է, որ եթե մարդը ունի սեռափոխության պահանջ, եթե ոչ Հայաստանում, նա անպայման կվիրահատվի այլ երկրներում: Ըստ նրա, այդ օրենքը գործում է Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում, իսկ հայերը, թվարկված երկրներից բացի, հասնում են մինչև Թաիլանդ:

Ի՞նչ կարծիք ունեն հոգևորականները սեռափոխությունը օրինականացնելու մասին. արդյո՞ք ընդունում է այս երևույթը Հայ Առաքելական եկեղեցին. այս թեմայի շուրջ զրուցեցինք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի հետ:

«Հայ Առաքելական եկեղեցին և ոչ միայն Հայ Առաքելական եկեղեցին, այլ բոլոր ավանդական եկեղեցիները` Կաթոլիկ, Ուղղափառ, նաև զարմանալի չհնչի շատ նոր կրոնական եւ ավետարանական ուղղվածության կազմակերպություններ, այլ կրոնների ներկայացուցիչներ դեմ են նման տհաճ երևույթներին: Աստված ստեղծել է Ադամին և Եվային. Սուրբ գիրքը, եկեղեցու հայրերը, ավանդությունը սա են թելադրում, սա բացարձակ ճշմարտություն է, և որևէ քայլ սրա դեմ, սատանայի գործ է»,- ասաց Սրբազանը:

Մեր այն դիտարկմանը, թե պլաստիկ վիրաբույժները նման օրենքի անհրաժեշտությունը մեկնաբանում են այն հանգամանքով, որ տվյալ մարդիկ հիվանդ են ու բժշկական օգնության կարիք ունեն, Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանն ասաց. «Հիվանդ են, տկար են, թե առողջ են, ես չգիտեմ, ես ասում եմ`դա սատանայի քայլ է, դա արարք է չարի կողմից, որպեսզի ոչնչացնի ընտանիքն ու մարդկությանը: Նույն Եվրոպայում ես ունեմ շատ ընկերներ եւ բարեկամներ, որոնք ևս դեմ են այս երևույթներին: Սա հոգեկան հիվանդություն է. 21-րդ դարի հիվանդություն, և որի դեմ պետք է պարզապես պայքարել: Պետք է մի քիչ բարոյականություն ունենալ եւ դրամի համար չարժեզրկեն այն ավանդական արժեքները, որոնք գոյություն ունեն դարերով: Եկեղեցին ունի դոկտրինայի հատուկ բաժին, որը մի քանի անգամ արտահայտել է իր տեսակետը և պատրաստում է համապատասխան փաստաթուղթ. բոլոր այս կարգի հարցերին պատասխան կտա: Աստված, եթե ստեղծել է մարդուն տղամարդ, ուրեմն նա պիտի ապրի այդպես, եթե կին, ապա պիտի շարունակի այդպես, մնացած երևույթները մարդկային բնության աղավաղումներ են և մեղք են թե արարչագործության, թե Աստծո դեմ, թե մարդու դեմ… Սա պարզապես հոգեկան հիվանդություն է, հոգու և մտքի հիվանդություն»:

Մեր այն հարցին էլ` եկեղեցին որևէ գործ կատարե՞լ է նմանատիպ մարդկանց բուժման ուղղությամբ, Հովակիմ Սրբազանն ասաց. «Եկեղեցու հավատացյալների մեջ կան տարբեր տեսակի մարդիկ, այդ թվում և այդ կարգի մարդիկ, և բնականաբար մեր խորհուրդներով, պատգամներով, փորձում ենք բժշկել՝ քարոզելով ժուժկալություն: Թող բոլորի ականջին օղ լինի և հստակ լինի, եթե մինչև հիմա շատ նուրբ լեզվով ու շատ համեստ ենք խոսել, ավելի կոշտ կարող ենք խոսել եւ արմատական միջոցների դիմել: Նման գաղափարների տարածումը ազգային դավաճանությանը հավասար քայլ է, որովհետև այսօր հայ ժողովրդին ավելի շատ ընտանիքներ են պետք, զավակներ են պետք, մեծ ավանդական ընտանիքներ են պետք, մեր ժողովուրդը պետք է շատանա, ոչ թե երիտասարդության մեջ սերմանեն էժան, սին եւ անհայտ ծագում ունեցող գաղափարներ: Սա Սուրբ գրքի, ավանդության, Աստծո, եկեղեցու և ազգի պատմության դեմ է: Մեր հասարակությունը պետք է ուշադիր լինի այս հարցում, մարդիկ իրենց դրամի համար չեն կարող մեր արժեքները խեղաթյուրել…»:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Qaxaqaci says:

    Էդ սեռափոխության “մասնագետը” հըլը Գյումրիում է? ոնց որ Գյումրեցիները դրան դուրս չեն արել քաղաքի սահմաններից դուրս, շատ է խոսում, երևի ժամանակն է դուրս անել, ոնց որ մի քանի սեռափոխվածների ժամանակին գյումրեցիները դորս արեցին քաղաքից, դրանք այսօր Երևանում հաջող պրում են ու օգտվում սեռափոխական բարիքներից

  2. Հայ մարդ says:

    Սեռափոխության կողմ կամ դեմ լինելը զուտ ազգայնական հողի խնդիրներ են: Եթե նայենք իրավական տեսանկյունից, ապա ամեն ոք իրավունք ունի ընտրելու իր կյանքի ուղին, իր սեռ կոչվածը, իր անձնական կամ սեռական կյանքը: Եթե խնդիրը դիտարկենք զուտ կրոնական տեսանկյունից, ապա այո, սեռափոխությունը մերժելի դրսևորում է: Բայց հաշվի պետք է առնել նաև այն, որ կրոնը, հավատալիքները ստեղծված են մարդկանց հոծ բազմություններին տիրելու, իշխելու համար: Մի օրինակ ևս, եթե տարիներ առաջ այդ նույն եկեղեցին մերժում էր արյան փոխներարկումը, ապա գիտության առաջատարները արդ գաղափարը տարան առաջ ու այսօր բազում հիվանդներ են բժշկվում: Եթե տարիներ առաջ այդ նույն եկեղեցին մերժում էր ոսկրածուծի փոխպատվաստումը (այսօր դեռ կան մերժող եկեղեցիներ), հիմա փոխպատվաստումը երբեմն կյանքի շարունակության անհրաժեշտություն է: Հիմա հարց Սրբազանին. ԲԱ ՀԻՄԱ ԵԿԵՂԵՑԻՆ ԻՆՉՈՒ ՍԿՍԵՑ ՉՄԵՐԺԵԼ ԹՎԱՐԿԱԾՍ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ: Թե ԵԿԵՂԵՑՈՒՆ ձեռք է տալիս ասել այն, ինչ իրենց ձեռնտու է նշված ժամանակահատվածի համար: Եկեղեցին թող զբաղվի իր կալվածատեր, օլիգարխիկ բարձրաստիճան հոգևորականներով, կամ էլ մանրմունր բորենի հոգևորներով: Հիսուս ասում է.-Ով անմեղ է, թող ինքն առաջինը քարը նետի…

    • Հովակիմ Սրբազան says:

      Հարգելիս, Եկեղեցին երբեք չի մերժել արյան փոխներարկումը կամ էլ ոսկրածուծի փոխպատվաստումը: Խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել: դրանք մերժում են տոտալիտար աղանդները: Տեղին չէ նաեւ մարդու ապաքինմանը նպաստող բժշկական միջամտությունը համեմատել սեռափոխության հետ, որը խորթ է մեր արժեհամակարգին: Յուրաքանչյուր իրավական նորմ պետք է հիմնավորված լինի բարոյական, մշակութային, պատմական եւ այս կարգի հարցերում աստվածաբանական չափորոշիչներով: Մենք այդ օրենքներն ու իրավունքի մասին լավ գիտենք, եւ գիտենք թե դա ինչ է հանգեցնելու:

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Հայաստանում պետությունն ու կրոնը սահմանադրորեն անջատ են: Ո՛չ մի իրավական նորմ ՊԱՐՏԱՎՈՐ ՉԷ հիմնավորված լինի աստվածաբանական չափորոշիչներով: «Աստվածաշունչը» ո՛չ իրավաբանական և ո՛չ էլ գիտական գիրք չէ:

  3. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հայ առաքելական եկեղեցու այս ամբողջ հիստերիան ես չեմ հասկանում: Տրանսսեքսուալիզմը /սեռափոխությունը նույնասեռականություն չէ ու ֆիզիոլոգիական վիճակ է (medical condition): Նույնիսկ Իրանում պետությու՛նը ֆինանսավորում է սեռափոխության ծախսերը:

    ՀԳ. Ժամանակին ով պնդում էր,որ երկրագունդը կլոր է, հայ առաքելական եկեղեցու կողմից պիտակավորվում էր որպես «սատանայի որդի»: Դեռ չեմ խոսում պավլիկյան հայերի հանդեպ կատարված գենոցիդի մասին:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031