Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ամենամեծ հարստությունը մեր գլխում է».Քեն Դավիտյան

Հուլիս 15,2014 19:35

Այսօր  «Ոսկե  Ծիրան»  միջազգային 11-րդ կինոփառատոնի շրջանակներում  տեղի ունեցավ հերթական հանդիպում-միջոցառումը՝  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:  «Թումոն» այս անգամ հյուրընկալեց ամերիկահայ դերասան Քեն (Գեղամ) Դավիտյանին, որն առավել հայտնի է «Բորատ»  ֆիլմում Ազամատ Բագատովի   դերով:  Դերասանը կիսվեց փառատոնյան   տպավորություններով, մասնագիտական  հմտություններով, պատասխանեց հյուրերի հարցերին:

Քեն Դավիտյանը  տպավորությունները դրական են. «Ես ուրախ եմ հյուրընկալվել Երևանում:  Հիշում եմ, երբ  իննսունականներին եկել էի այստեղ, Հայաստանը վատթար վիճակում էր գտնվում. հյուրանոցի լոգարանում «պատանդ էի մնացել», քանի որ ամբողջ հյուրանոցի ջուրն անջատել էին: Բայց հիմա  տարբերությունն իսկապես ակնհայտ է: Շատ եմ լսում, որ  մարդիկ բողոքում են Հայաստանի տնտեսական, սոցիալական վիճակից, բայց համեմատության կարգով ես տեսնում եմ, որ մեր երկիրը  իննսունականներից հետո շատ է փոխվել:

Ես ուզում եմ Հայաստանը  ավելի լավը տեսնել: Մենք հրաշալի երիտասարդներ ունենք, որոնք ցանկանում են ամեն հարցում օգնել մեզ, մասնակցել հետագա ծրագրերին: Մենք մեր նոր սերնդին ենք պարտական՝ երկրի ՝ ավելի լավը դառնալու համար: Եվ ես ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց, արդյո՞ք  Քեն Դավիտյանը ցանկություն ունի հետագայում Հայաստանում  ֆիլմ նկարել : Դերասանը որոշ փակագծեր բացեց. շուտով Քեն Դավիտյանը ռոմանտիկ կատակերգություն կնկարահանի, որի հիմքում իրական սիրո պատմություն կլինի: Ֆիլմը պատմելու է երկու ընտանիքների մասին, որոնք 1914 թվականին  սիրո գորգ են նվիրում իրար՝ ի նշան սիրո ու ընտանիքների ընկերության, ու գորգն էլ հենց «գլխավոր դերում» կլինի:

Հնարավոր է նաև հատուկ ծրագիր իրականացվի «Թումոյում». անձնակազմը  ցանկություն ունի ֆիլմ նկարահանել ստեղծարար կենտրոնի սաների մասնակցությամբ և օգնությամբ:

Դերասանը նաև խոսեց «Բորատ» ֆիլմից. «Ես ուղղակի ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվեցի  ու ստացա այդ դերը: Նկարահանվել եմ 650 ժամ, որից միայն մեկուկես ժամն է տեսնում հանդիսատեսը: Այս ֆիլմը փոխեց իմ կյանքը՝ ինձ «իսկական» դերասան դարձնելով, և հենց դրա համար էլ ֆիլմում մարմնավորած իմ կերպարին՝ Ազամատ Բագատովին ամենաշատն եմ սիրում: Հպարտ եմ նաև, որ  ամբողջ ֆիլմի ընթացքում իմ գյուղացի, ծեր կերպարը հայերեն է խոսել»:

Քեն Դավիտյանը նաև մի քանի խորհուրդներ տվեց սկսնակ դերասաններին ու ռեժիսորներին. «Ֆիլմարտադրողների համար ամենակարևոր կետերն են  հետևողականությունը և  նախապես պատրաստություն տեսնելը: Շատ կարևոր է ֆիլմը նկարահանելուց առաջ ճշտել բոլոր մանրուքները: Պետք է հիշենք, որ  մեր ամենամեծ հարստությունը մեր գլխում է գտնվում: Հայաստանը չունի նավթ, բայց ունի պայծառ ուղեղներ, որոնք էլ կարող են մեր երկիրը ոտքի կանգնեցնել: Մեզ մնում է միայն ճիշտ օգտագործել այդ հարստությունը»:

 

Սյունե ՍԵՎԱԴԱ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031