Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը հրաժարական կտա՞ սահմանադրական բարեփոխումների տապալման դեպքում

Հուլիս 15,2014 18:30

«Սահմանադրական բարեփոխումների տապալվել կամ չտապալվելու հետ չի կապված իմ գործունեությունը»,-հարցին՝ հրաժարական կտա՞ սահմանադրական բարեփոխումների տապալման դեպքում, Հրազդանում հուլիսի 15-ին սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումից հետո այսպես պատասխանեց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը: Նա հայտնեց, որ հանձնաժողովում ինքն ընդգրկված է որպես  սահմանադրագետ, այլ ոչ թե որպես գլխավոր դատախազ, քանի որ ինքն իրավական գիտությունների թեկնածու է և «Պառլամենտարիզմը ՀՀ-ում» թեմայով ատենախոսություն է պաշտպանել, դասավանդում է ԵՊՀ-ում:

Aravot.am-ի հարցին՝ կառավարման ո՞ր համակարգին է կողմնակից,քանի որ սահմանադրական բարեփոխումների անկյունաքարային հարցերից է կառավարման համակարգը, պարոն Կոստանյանը պատասխանեց. «Ես ավելի շատ խորհրդարանական համակարգին եմ կողմնակից, իմ ուսումնասիրությունները բերել են այն համոզման, որ մենք կարիք ունենք կուսակցական համակարգի խոշորացման, ինչը կհանգեցնի կուսակցական քաղաքական պատասխանատվության: Այսօր մեր հիմնական կուսակցությունները անձերի վրա կառուցված համակարգեր են, ինչը կուսակցության ճիշտ համակարգի ձևավորման չի հանգեցնելու»:

Մեր հարցին՝ այն, որ Սերժ Սարգսյանը կառավարման համակարգի վերաբերյալ արդեն հայտնել է իր մոտեցումները, այդ փաստը չի՞ կաշկանդում հանձնաժողովին վերջնական որոշում կայացնելիս, պարոն Կոստանյանը արձագանքեց. «Ընդհակառակը ՀՀ նախագահը հանձնաժողովը ստեղծել է, որ փորձենք պարզել՝ ինչ հնարավոր ձևեր կան: Մենք նոր մոդելներ չենք առաջարկում՝ մատնանշում ենք լուծման հնարավոր ուղիները: Նախագահը հայտարարում է, որ ինքը չի լինելու ոչ երկրի նախագահ, ոչ վարչապետ, և երբեք չի առաջարկելու կոնկրետ կառավարման ձևի ընտրություն»:

Հարցին՝ հանձնաժողովի անդամներից շատերի խոսքից պարզ է դառնում, որ նրանք, ըստ էության, կողմ են խորհրդարանական համակարգի անցմանը, պարոն Կոստանյանն արձագանքեց. «Հանձնաժողովը դեռ միասնական կարծիքի չի հանգել: Իսկ մինչ այժմ հնչած կարծիքները, այդ թվում նաև իմը, մասնավոր կարծիքներ են: Չեմ կարծում, որ իմ խոսքից հասկացաք, թե գործընթացը գնում է դեպի պառլամենտարիզմի: Իմ կարծիքը դեռ 2002-ից նույնն է, երբ իմ ատենախոսությունն էի գրում: Իսկ հայեցակարգում որևէ մոդելի մասին գրված չէ կոնկրետ»:

Նշենք, որ մինչև հոկտեմբերի 15-ը կկազմվի սահմանադրական բարեփոխումների վերջնական հայեցակարգը, որից հետո այն կներկայացվի ՀՀ նախագահին:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031