Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն Արաբկիր վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում հետևել է Երևանի ավագանու՝ «Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին» որոշմամբ պահանջների կատարման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:
Վարչական շրջանի ղեկավարի և պատասխանատուների ուղեկցությամբ քաղաքապետը մասնավորապես շրջել և ծանոթացել է Կոմիտասի պողոտայում տեղակայված օբյեկտների սեփականատերերի և վարձակալների կողմից պայմանագրային պարտավորությունների պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներին: Նշենք, որ ավագանու 2009 թվականի թիվ 48-Ն որոշման համաձայն՝ ինչպես մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուր մասնավոր ընկերություն, այնպես էլ պետական նշանակության կառույցները, տարվա յուրաքանչյուր եղանակին պետք պահպանեն որոշմամբ սահմանված պարտադիր բարեկարգման կանոնները:
«Երևանի ավագանու համապատասխան որոշման կատարման վերահսկողությունն ապահովելու նպատակով անցյալ տարի մենք նախաձեռնեցինք համապատասխան տեղեկատվական համակարգի ստեղծման աշխատանքները, որն արդեն կես տարուց ավելի է, ինչ լիարժեք գործում է և որում ներառված է Երևան քաղաքում առկա առևտրի, սպասարկման, ինչպես նաև հանրային նշանակության այլ օբյեկտների հարակից տարածքների կարգավիճակի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը։ Այս համակարգի ներդրումը իսկապես կարևոր նշանակություն ունեցավ, քանզի մեզ համար ևս պարզ դարձավ, որ համակարգում ներառված ավելի քան 15 հազար օբյեկտներից բարեկարգման ենթակա է եղել մոտ 14000-ը: Նշված բոլոր օբյեկտների սեփականատերերը նաև բազմիցս ծանուցվել են պարտադիր բարեկարգման աշխատանքների իրականացման մասին: Մեր կողմից տնտեսվարողներին տրամադրվել են նաև համապատասխան սխեմաներ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Նկատենք, որ 11.634 օբյեկտներին հարակից տարածքներում արդեն իսկ ձեռնարկվել են համապատասխան քայլեր և տարածքները բերվել են պատշաճ տեսքի: Հաշվառված օբյեկտներից միայն 4.668-ն են, որ այսօր ունեն հարակից՝ կանաչապատման ենթակա տարածքներ, որոնցից 3.080-ում ևս պարտադիր բարեկարգման, այդ թվում՝ կանաչապատման աշխատանքներն արդեն իսկ իրականացված են:
Կարդացեք նաև
Գնահատելով կատարված աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ չպետք է բավարարվել կատարածով, ու գործընթացը պետք է պահել մշտական հսկողության ներքո՝ ապահովելով մայրաքաղաքի բոլոր տնտեսվարողների կողմից պարտադիր բարեկարգման կանոնների լիարժեք ու մշտական կատարումը:
Անդրադառնալով անբարեխիղճ և իրենց պարտավորություններում թերացած տնտեսվարողների նկատմամբ ձեռնարկվող համապատասխան քայլերին՝ քաղաքապետը նշել է, որ օրենսդրությամբ սահմանված կարգով նման սեփականատերերը կամ վարձակալները ենթարկվում են վարչական պատասխանատվության: Ի դեպ, տարեսկզբից մինչ օրս ավագանու համապատասխան որոշման պահանջները չկատարելու համար վարչական արձանագրություններ են կազմվել 877 օբյեկտների սեփականատերերի նկատմամբ։
«Մեր նպատակը բնավ վարչական պատիժ կիրառելը չէ: Մեզ համար շատ ավելի կարևոր է, որ յուրաքանչյուրը նախ և առաջ գիտակցի, որ Երևանը բոլորիս տունն է և յուրաքանչյուրի պարտքն է այն մաքուր և բարեկարգ պահելը: Եվ այդ տեսանկյունից է նաև, որ մեր համապատասխան քայլերն այս ուղղությամբ եղել և լինելու են կոշտ: Մենք խստորեն հետևելու ենք տնտեսվարողների կողմից հարակից տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքների կատարմանը»,-հատկանշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Զրուցելով տնտեսվարողների հետ՝ Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել կատարված աշխատանքի համար, նաև ընդգծել է, որ, ինչպես բազմիցս է հայտարարել՝ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստակամ է հնարավորին աջակցել տնտեսվարողներին՝ պարտադիր բարեկարգման աշխատանքների իրականացման հարցում: Միաժամանակ քաղաքապետը նաև շեշտել է, որ Երևան քաղաքի ավագանու որոշման պահանջների կատարման ուղղությամբ աշխատանքները պետք է շարունակական լինեն ամբողջ տարվա ընթացքում:
Տնտեսվարողներն իրենց հերթին նշել են, որ ավագանու որոշումն իրենց համար հաճելի պարտականություն է դարձել և բարեկարգման աշխատանքները կատարում են մեծ սիրով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն