Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք մեր զինվորի կողքին ենք». ծրագրի ամփոփում

Հուլիս 15,2014 17:18

Այսօր Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում ամփոփվեց «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագիրը: Միջոցառումն անցավ ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Սրբազան արքեպիսկոպոսի նախագահությամբ և Հ ՊՆ նախախար Սեյրան Օհանյանի մասնակցությամբ:
Գումարային աջակցությունը ստացավ վերջին խումբը՝ Երևանի Կենտրոն համայնքի 24 ընտանիք:

Ողջունելով ներկաներին՝ Տ. Նավասարդ Սրբազանը շնորհակալություն հայտնեց այն բարերարներին, ովքեր աջակցել էին ծրագիրն իրականություն դարձնելու համար և չէին ցանկացել, որ իրենց անունները հայտի լինեն: Խոսելով ծրագրի կարևորության մասին Սրբազան հայրն ի մասնավորի ասաց. «Մենք վստահ ենք, որ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ այս ծրագիրը պիտի շարունակական դարձնենք: Քիչ առաջ խորհրդակցում էինք Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Նա առաջարկեց, որ ծրագիրը կարելի է զարգացնել՝ աջակցելով վիրավորված զինվորներին: Կարծում ենք, որ նման շարժունակությունը, հիրավի, պիտի օգտակար լինի մեր բանակին: Հաջորդ տարի ևս մեր թեմի երիտասարդներին պիտի օգնենք այս ձեռնարկի իրականացման համար»:
ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում բարձր գնահատեց ծրագիրը: Շնորհակալություն հայտնելով Նավասարդ Սրբազան հորը և թեմի երիտասարդներին հայոց բանակին զորավիգ լինելու համար՝ նա հույս հայտնեց, որ նախաձեռնությունը օրինակ կլինի մեր մյուս մարզերի ու համայնքների համար:

«Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագիրը մեկնարկել էր դեռ ամիսներ առաջ: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի նախաձեռնությամբ ԱՀԹ երիտասարդական միությունները Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ փետրվարի 15-ին տոնական միջոցառումների ու զորամասեր այցելությունների հետ մեկտեղ կազմակերպել էին բարեգործական ճաշկերույթ, որի ժամանակ հանգանակվել էր 50 միլիոն դրամ: Հանգանակված գումարը փոխանցվել էր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի սոցիալական բաժնի հաշվեհամարին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ բաշխվեց 2004-ից առ այսօր Արարատյան Հայրապետական թեմից ՀՀ սահմաններում զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների ու այդ պահին ՀՀ զինված ուժերում երկու և ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին:

Ծրագրի դրամաբաշխությունը սկսվեց հունիսի 28-ին: Օգնությունը տրամադրվեց ՀՀ Պաշտպանության նախարարության սոցիալական վարչության տրամադրած ցուցակով: Ընդհանուր թվով ծրագրում ներառված էր 302 ընտանիք:
Զոհված զինվորների ընտրանքներին տրամադրվեց 350 000-ական, առաջին կարգի հաշմանդամներին՝ 200 000-ական, երեք զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 180 000-ական, իսկ երկու զինծառայող ունեցող ընտանիքներին՝ 100 000-ական դրամ:

Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031