Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սահմանադրական բարեփոխումներ՝ հանուն ընդդիմությա՞ն

Հուլիս 15,2014 17:08

«Շատ դեպքերում ունենում ենք սահմանադրական իրավունք, բայց դրան համարժեք պարտականություն և պատասխանատվություն համապատասխան պետական մարմնի համար սահմանված չէ»,-այսօր Կոտայքի մարզպետարանում սահմանադրական բարեփոխումների հայեցակարգին նվիրված քննարկման ժամանակ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը հիմնավորելով՝ այսպիսի կարծիք հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ, ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Կոստանյանը:

Ըստ նրա՝ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը ակնառու է:
Պարոն Կոստանյանն ընդգծեց այն հանգամանքը, որ հայեցակարգը պատրաստվել է՝ հաշվի առնելով երկրի կառավարման համակարգին և անձի հիմնական իրավունքներին վերաբերող հարցերը:

Պետական կառավարման համակարգի մասին խոսելով՝ դատախազը նկատեց. «Մենք կարիք ունենք մեր պետական կառավարման համակարգը բերել մի իրավիճակի, որ հանգեցնենք կուսակցական քաղաքական կոլեկտիվ պատասխանատվության, հատկապես մեր պետական կառավարման ձևի և պետական կառույցների գործունեության, քաղաքական կուսակցական պատասխանատվության բարձրացնելուն, որ համակարգը կառուցված չլինի անձերի վրա»:

Կառավարման համակարգը Գևորգ Կոստանյանը բնութագրեց որպես «անձի շուրջ մասնավորեցված» ու շարունակեց. «Սա չի հանգեցնում կուսակցական համակարգի զարգացմանը և կոլեկտիվ պատասխանատվության առաջացմանը»:

ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների նպատակն է պատասխանատվությունը դնել ոչ թե անձի, այլ կուսակցության վրա: Այսինքն՝ եթե տվյալ նախարարը թերանում իր աշխատանքում, ապա պատասխանատվությունը ոչ թե պիտի ընկնի անձի, այլ հենց կուսակցության վրա: Իսկ եթե այդ կուսակցությունը չի կարողանում այդ պատասխանատվությունը կրել, դառնում է ընդդիմադիր:

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պետրոսյանը նշեց, որ 1995-ի Սահմանադրությունը իշխանակենտրոն էր և դրա հիմքում մարդը չէր, իսկ 2005-ի սահմանադրական փոփոխությունները չլուծեցին այդ հիմնական խնդիրները:

Պարոն Պողոսյանը շեշտեց, որ «Մենք մեր հայեցակարգի նախագծում հատուկ անդրադարձել ենք ու նշել, որ քաղաքական ընդդիմության իրավունքների ընդլայնման կարիք կա և հետագա վերամշակման փուլում այդ դրույթները ավելի կոնկրետ իր արտահայտությունը կգտնեն, որ քաղաքական ընդդիմությունը միշտ կարողանա իր ձայնը հասցնել ինչպես իշխանությանը, այնպես էլ հանրությանը»:

Վարդան Պողոսյանը նշեց. «Եթե կառավարության ծրագիրը հավանության չի արժանանում ԱԺ-ի կողմից, ապա ԱԺ-ն ենթակա է լուծարման: Նույնը կարող է կատարվել, եթե անցում կատարվի խորհրդարանական համակարգի: Որ ԱԺ ընտրությունները տեղի ունենան երկու փուլով, ինչպես այժմ նախագահի ընտրությունները, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Նմանատիպ գաղափար քննարկել ենք նաև ԱԺ ընտրությունների պարագայում, որտեղ երկրորդ փուլին կմասնակցեն այն կուսակցությունները և դաշինքները, այդպիսով կձևավորվի քաղաքական մեծամասնություն»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031