ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում այսօր տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Ռուսաստանի Դաշնության աջակցության ծրագրի շրջանակում կենտրոնին նվիրաբերված շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրի բացումը։ Հանդիսությանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:
«Առողջապահության նախարարությունը բարձր է գնահատում Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությունը Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման գործում»,- ասաց Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրը հնարավորություն կտա Հայաստանի ամենահեռավոր բնակավայրերի խոցելի բնակչության` աշխա¬տանքային միգ¬րանտ-ների ու նրանց ընտա¬նիք¬ների շրջանում ան¬վճար հիմունք¬¬ներով բացահայտել ոչ միայն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այլև դրան զուգակցվող սեռավարակները, հեպատիտները և այլ հիվանդությունները` պահպանե¬լով կամա¬վորության ու գաղտնիության սկզբունքները:
Ապահովելով բժշկական ծառայությունների մատչելիությունը` միաժամանակ կիրականացվեն այլ ծառայություններ, զգալիորեն կմեծանա բժշկական խորհրդատվության ու լաբորատոր հետազոտության հասանելիությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ՄԻԱՎ-ի վաղ ախտորոշման բարելավմանն ու բուժման արդյունավետությանը, ինչպես նաև խնամքի ժամանակին տրամադրմանը։
Կարդացեք նաև
Հայաստանում այսօր գրանցված է ՄԻԱՎ վարակով 1785 մարդ (հաշվարկային թիվը` 3700), որոնցից 911-ի մոտ ՁԻԱՀ է ախտորոշվել։
Դեսպան Իվան Վոլինկինը նշեց, որ ՁԻԱՀ-ի, ինչպես նաև այլ վարակների դեմ պայքարը Ռուսաստանի միջազգային հումանիտար համագործակցության մի մասն է կազմում:
«Մեր երկիրը նորանոր ջանքեր է գործադրում այլ երկրների հետ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Մենք կարևորում ենք հատկապես ԱՊՀ գործընկերների հետ համագործակցության ընդլայնումը: Այս ենթատեքստում այսօր մենք ներկա ենք նշանակալի մի իրադարձության»,-ընդգծեց դիվանագետը։
Վոլինկինը նաև կարծիք հայտնեց, որ շարժական բժշկական-ախտորոշիչ համալիրն առողջապահության ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր սկիզբ է:
Հաջողություն մաղթելով ծրագրին` դեսպանը շնորհակալություն հայտնեց միջազգային կազմակերպություններին` ցուցաբերած աջակցության համար:
ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը նշեց, որ շարժական կլինիկան Հայաստանին է հանձնվել մայիսին Մոսկվայում կայացած Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ/ՁԻԱՀի հարցերին նվիրված չորրորդ կոնֆերանսի ժամանակ:
Նշվեց, որ Հայաստանին նվիրաբերված շարժական բուժախտորոշիչ կլինիկան զգալի ներդրում կունենա ՀՀ կառավարության կողմից հաստատված ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրի իրականացման գործում:
Շարժական կլինիկայի հագեցվածությունը թույլ կտա ծառայությունները տրամադրել ընդհանուր փաթեթի շրջանակում, որը ներառում է վիրուսային հեպատիտների, սեռավարակների, ինչպես նաև գինեկոլոգիական և ուլտրաձայնային հետազոտություններ, ընտանիքի պլանավորման, վերարտադրողական առողջության և այլ հարցերով խորհրդատվություններ:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշեց, որ յուրաքանչյուր առողջապահական ծրագրի իրականացման գործում կարևոր է հիվանդության վաղ հայտնաբերումն ու ռիսկի գործոնների բացահայտումը:
«Հաշվի առնելով, որ շարժական կլինիկան հագեցած է նաև ախտորոշիչ այլ սարքավորումներով, այն կնպաստի առողջապահական ծրագրերի իրականացմանը։ Բժշկական-ախտորոշիչ համալիրի գործունեությունը կնպաստի բժշկական ծառայությունների հասանելիությանը և դիմելիության բարձրացմանը»,-ասաց նախարարը:
Շարժական կլինիկայի հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ առողջապահության նախարարության, ինչպես նաև ոլորտում գործող պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
ՀՀ առողջապահության նախարարություն