Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանկատնից՝ անորոշություն, «Ջերմիկ անկյունը» փոխում է մանկատան սաների ճակատագիրը, սակայն անտեսվում է պետության կողմից, քարկոծվում՝ հարևանների

Հուլիս 15,2014 16:13

«Հիշում եմ, որ մամաս ասեց. Սուսո՛, քո տատիկ, պապիկը չեն թողնում, որ ես քեզ պահեմ: Ես Ռուսաստանից եմ, մամաս ռուս է, պապաս միլիցիա է, չգիտեմ հայ է, թե ռուս: Երկրաշարժից հետո հայտնվել էր մամաս, գրել էր, որ շուտով կգա, ու դրանից հետո ես մամայիցս տեղեկություն չունեմ, չգիտեմ ո՞ւր է»,-հուզմունքը կոկորդում խեղդելով պատմում է մանկատան նախկին սան, 35-ամյա Սուսաննա Վլավցովան:
Մտավոր խնդիրներ ունեցող Սուսաննայի մանկատան ուղին անցել է Նուբարաշենի, Կապանի հատուկ դպրոցներով: Չափահաս դառնալուց հետո նա պետք է տեղափոխվեր հոգեբուժարան կամ ծերանոց, սակայն այս անգամ Սուսաննայի բախտը ժպտացել է ու նա հայտնվել է «Ջերմիկ անկյուն» կոչվող խմբային տանը:

Հայաստանում առանց ծնողական խնամքի մնացած և մանկատներում հայտնված երեխաները չափահաս տարիքին հասնելուց հետո դեռևս շարունակում են կանգնել կացարանային խնդրի առջև: Այս խնդիրը կրկնապատկվում և առավել ծանր է դառնում հատկապես մանկատների հաշմանդամության խնդիրներ ունեցող երիտասարդների համար, ովքեր առավել խոցելի են, նրանց մեծ մասն անընդհատ խնամքի կարիք ունի:
Այս խնդրին ի պատասխան 2006-ին Խաղաղության կորպուսի նախկին կամավոր Նատալի Ռիզիերիի ջանքերով Երևանում բացվեց առաջին խմբային տունը՝ «Ջերմիկ անկյունը», որը, չնայած այս խնդրի լուծման լավագույն տարբերակն է, սակայն մինչ օրս պետական որևէ օժանդակություն չի ստանում:

Jermik_12 Jermik_11 Jermik_10 Jermik_09 Jermik_08 Jermik_07 Jermik_06 Jermik_05

«Խաղաղության կորպուսի կամավորներից մեկը ծանոթանալով խնդրին, մեր երիտասարներին, արեց ամեն բան, որպեսզի գումարներ հայթայթի և խմբային տան այն մոդելը, որը գործում է ԱՄՆ-ում և տարբեր զարգացած պետություններում, ներդնի Հայաստանում: Անհատների նվիրաբերություններով նա կարողացավ հավաքել գումար, մենք գնեցինք այս տունն ու այդտեղից սկսվեց մեր ամբողջ գործունեությունը: Շատ փոփոխություններ տեղի ունեցան, մոդելի վերամշակում արեցինք, դարձրեցինք այն առավել հարմար հայկական միջավայրին և այն ցույց է տալիս իր արդյունավետությունը»,-պատմում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի տնօրեն Ելենա Կիրակոսյանը:
Մայրաքաղաքի Սիլիկյան թաղամասում գտնվող եռահարկ առանձնատունն իր ջերմիկ պատերի, հանդուրժողականության տանիքի ներքո կարողացել է հավաքել Կապանի և Փարաքարի հատուկ դպրոցների միայն 14 շրջանավարտների:

«Իհարկե, 150 հոգու հետ տարվող աշխատանքը նույնը չէ, ինչ 15 հոգու հետ, այստեղ մենք աշխատում ենք յուրաքանչյուր բնակչի հետ, մոտեցումներն անհատական են, թեև խմբային տուն է, խմբային գործունեություն, սակայն մենք հաշվի ենք առնում յուրաքանչյուրի կարողությունները, հնարավորությունները, նախասիրությունները, բնավորության գծերը,-ասում է Կիրակոսյանը՝ հավելելով, որ այսպիսի տունը էֆեկտիվ է նաև ֆինանսապես: Ըստ Կիրակոսյանի՝ պետությունն իրենց ծախսածից ավել գումար է ծախսում յուրաքանչյուր բնակչի վրա, սակայն «Ջերմիկ անկյան» արդյունքն անհամեմատելի է,-պետության ներկայացուցիչները նույնպես մեզ մոտ բազմիցս հյուր են եղել և իրենք էլ տեսնում են տարբերությունը»:

Սակայն արդեն հինգ տարի «Ջերմիկ անկյան» տնօրինությունը դիմում է կառավարությանը ֆինանսական աջակցության համար և մերժվում՝ ֆինանսների բացակայության պատճառաբանությամբ:
Մինչդեռ Խաղաղության կորպուսի կամավորն, ով ստեղծել է հիմնադրամ, որտեղ պարբերաբար նվիրատվություններ են արվում խմբային տան բյուջեն ապահովելու համար, չի կարողանում անընդհատ ընդլայնվել և ամբողջ ֆինասական բեռն իր վրա վերցնել:
Պետական հաստատություններն ավարտելուց հետո ծնողազուրկ հաշմանդամներին հիմնականում տեղավորում են Վարդենիսի նյարդահոգեբանական տուն ինտերնատում, սակայն Կիրակոսյանն ասում է, որ դա նրանց համար լավագույն տեղը չէ, այնտեղ զարգացման հնարավորություններ չկան:

«Մենք իրենց մոտ անընդհատ տեսնում ենք կարողությունների աճ, ու միշտ զարմանում ենք, թե էլ ուր կարող են առաջ գնալ, էլ ինչ կարող են անել, իրենք աճելու բավականին ներուժ ունեն»,-ասում է մասնագետը:

Սակայն նման խնդիրներով մարդիկ արժանանում են ոչ միայն պետության անտարբերությանը, այլև շատ հաճախ նաև հասարակության անհանդուրժողականության զոհն են դառնում:

Ըստ մասնագետների՝ մտավոր և ֆիզիկական խնդիրներով ծնված երեխաներին մանկատուն են բերում «ամոթից» դրդված: Կիրակոսյանն ասում է, որ ժամանակին նման խնդիրներ ունեցող երեխաներին ընտանիքները փակի տակ էին պահում ու նույնիսկ հարազատներն էլ չէին իմանում այդ մասին:

«Վերջին տարիներին այսպիսի խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է: Մենք ուր էլ գնացել ենք, մեզ շատ լավ են ընդունել, բոլորը հավաքվել են մեր շուրջ, լինում է, երբ գնում են սրճարան, նրանց համար զեղչեր են անում, լինում է, որ առհասարակ գումարը չեն վերցնում, կողքի սեղաններից են հյուրասիրում նրանց, մեր բնակիչներն իսկապես շատ լավն են, սակայն հարևանները մեզ չեն ընդունում»,-ցավով նշում է խմբային տան տնօրենը:

Կիրակոսյանն ասում է, որ իրենց բախտը չի բերել հարևանների առումով, նրանք հենց սկզբից դեմ են եղել խնդիրներ ունեցող հարևաններ ունենալուն, սակայն հավաքված գումարը բավականացրել է միայն այդ թաղամասում առանձնատուն գնելուն:
«Նրանք բոլորը միաձայն ցանկանում են, որ «Ջերմիկ անկյունը» փակվի, ցավոք սրտի: Չեն ուզում ապրել նման մարդկանց կողքին, սա մեզ համար լուրջ խնդիր է: Մենք խիստ սահմանափակել ենք մեր բնակիչների շփումն իրենց հետ, քանի որ չենք ցանկանում, որևէ մեկի համար խնդիր առաջացնել»,-ասում է Կիրակոսյանը՝ ցավով պատմելով, որ, երբ անցյալ տարի իրենց տան բնակիչներից մեկն, ով առավել աշխույժ է, պատշգամբում բարձրաձայն խոսել է, հարևանները ոստիկանություն և շտապօգնություն էին կանչել:
Մինչդեռ, Կիրակոսյանը վստահեցնում է, որ տան բնակիչներից որևէ մեկը վտանգավոր չէ: Խմբային տան տնօրենը նրանց խնամքին է վստահում նույնիսկ իր մանկահասակ դուստրերին, ովքեր դեռ փոքր տարիքից ժամանակ առ ժամանակ սիրով այցելում են նրանց:

Այս տան 27-36 տարեկան բնակիչներից յուրաքանչյուրը գիտի օրվա իր անելիքները:
«Արթնանում ենք, հաց ենք ուտում, հետո ամեն մեկս մի տեղ հերթապահում ենք՝ սենյակներում, խոհանոցում: Հետո գնում ենք աշխատելու, ես գորգ եմ գործում, ցերեկը հանգստանում ենք, հետո հավաքվում ենք, հեռուստացույց ենք նայում, երգում ենք, պարում, խոսում,-պատմում է այս տան առաջին բնակիչներից 32-ամյա Դավիթ Միքայելյանն ու շտապում ցույց տալ իր գործած գորգն ու հպարտորեն ասում, որ գործում է շատ արագ,- շատ եմ սիրում գորգ գործել, սիրում եմ նախշերը»:

«Ջերմիկ անկյունի» բնակիչները երկու տարի առաջ ավարտել են Երևանի պետական հումանիտար քոլեջը՝ ստանալով գորգագիտության, ասեղնագործության մասնագիտացում: Ուսման ծրագիրն իրականացվել է «Հույսի Կամուրջ» հ/կ-ի կողմից՝ նպատակ ունենալով տալ կրթություն, այնուհետև աշխատանք, սակայն ծրագիրը շարունակություն չի ունեցել, քանի որ աշխատատեղեր չեն ստեղծվել:

«Մենք կարողացանք ստեղծել գորգի սենյակ՝ հագեցած դազգահներով, և հիմա արդեն իրենց աշխատանքներով մասնակցում ենք ցուցահանդեսների, վաճառքի ենք հանում, որից ստացված գումարով կարողանում ենք գնել նյութերը, իսկ որոշ մասն էլ որպես խրախուսանք տալիս ենք իրենց: Իրենք որպես աշխատանքի են մոտենում»,-ասում է Կիրակոսյանը:

Երկրորդ հարկում տեղակայված գորգագործության սենյակում աշխատանքը եռում է: Թելերի երանգներին խառնված երիտասարդների մատներն իրար հետ մրցելով վազում են դազգահի վրայով ու ավելացնում գունագեղ նախշերը:
2010-ից խմբային տանը գորգագործություն դասավանդող Դիանա Մելիքջանյանն ասում է, որ, թեև աշխատանքը շատ բարդ է և նրանք դժվարությամբ են սկսում, սակայն, երբ սովորում են ինչ-որ բան, շատ ավելի կանոնավոր են աշխատում, քան նման խնդիրներ չունեցողները:

2008-ից «Ջերմիկ անկյունում» բնակվող 33-ամյա Ագապի Ծառուկյանն այստեղ է տեղափոխվել Փարաքարի հատուկ դպրոցից: Ասում է, որ այնտեղ աշխատում էին ջերմոցներում և շատ էին հոգնում, մինչդեռ այստեղ նա զբաղվում է գորգագործությամբ, ինչը շատ է սիրում:

Երեք հարկից բաղկացած «Ջերմիկ անկյան» շենքն ունի նաև նկուղային հարկ, որը որոշվել էր վերանորոգելուց հետո ժամանցի վայր սարքել, սակայն այժմ առավել նպատակահարմար են գտել որևէ արտադրություն հիմնել:

«Մտածում ենք հացամթերքի արտադրության մասին, քանի որ ինքներս սպառում ենք, բացի այդ շուկայում միշտ էլ կա պահանջարկ: Մենք մտածում ենք, որ լինի էկոլոգիապես մաքուր և օգտակար, սակայն ունենք ներդրման խնդիր»,-ասում է Կիրակոսյանը:
Հաշմանդամության խնդիր ունեցող մանկատան նախկին սաները պետական աջակցություն են ստանում միայն թոշակ՝ միջինը 15.000 դրամ, սակայն Կիրակոսյանն ասում է, որ իրենք ամեն ամիս ևս որոշակի գումար են տալիս տան բնակիչներին:

Օրեր անց Ագապիի ծննդյան օրն է, ասում է, որ ամիսներ շարունակ հավաքել է իրեն հատկացվող գումարը, որպեսզի ծնունդին նվեր առնի:
«Այս տարի որոշել եմ սիրուն շոր առնեմ, անցյալ տարի տիկնիկ առա, բայց էլ չեմ առնի, էլ տիկնիկը դուրս չի գալիս, համ էլ մի հատ ունեմ էլի արդեն»,-ժպտալով ասում է Ագապին:
Մինչդեռ 35-ամյա Սուսաննան շարունակում է քնքշանքով գուրգուրել իր տիկնիկներին, որոնց թիվն ամեն տարի ավելանում է: Ոսկեզօծ մազերը երկու պոչ կապած տիկնիկն ու վարդագույն արջուկը Սուսաննայի լավագույն ընկերներն են: Սուսաննան բնակիչներից ամենաընթերցասերն է:

«Շատ եմ սիրում Նար-Դոսի «Սպանված աղավնին», կարդացել եմ նաև Չարենց, Թումանյան: Շատ սիրում եմ նաև ձեռագործ անել, ասմունքել, երգել, գրավորներ գրել»,-ասում է Սուսաննան ու խնամքով ցույց տալիս իր կողմից արված ասեղնագործությունները, հետո հավելում, որ երազում է երգչուհի դառնալու մասին:

«Ինձ չեմ գովում, բայց զգում եմ, որ լավ ձայն ունեմ, ուզում եմ մարդկանց համար երգեմ, ուզում եմ նաև դերձակ դառնամ, որ մարդկանց համար հագուստ կարեմ: Բայց մամայիս չեմ ներել, երանի իր հետ լինեի…,-ասում է Սուսաննան ու կարոտից այրվող աչքերի հուզմունքը թաքցնելով հայացքը թեքում պատուհանից շողացող Արարատին,-բայց լավ ա հայերի մեջ, չեմ բողոքում, տեսեք ինչ լավ եմ գրում հայերեն»:

Կոկիկ դասավորված դարակից հանում է հայերենով գրված երգերի բառերի տետրն ու թերթելով քնքուշ ձայնով երգում. «Իմ անունը Հայաստան է, ես ազատ եմ ու անկախ…»:

Jermik_04 Jermik_03 Jermik_01 Jermik_13

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի

 

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886

Էլ. հասցե: [email protected]

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031