Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Շիրակի մարզի Ազատան գյուղի ավագանու անդամ Գևորգ Աբրահամյանը: Իսկ ազատանցիների մեծ մասը, ինչպես հայտնի է, խոպան են գնում Յակուտսկ, սակայն ըստ մեր զրուցակցի, վաղուց ի վեր Սիբիրում իրենց համար աշխատատեղ ստեղծած հայերի գործին վերջերս սկսել են խփել չինացիները:
Հայերից շատերը, որոնք այսպես ասած, գործ էին բռնացնում հիմնականում շինարարության ոլորտում, այլևս մերժում են ստանում ռուսների կողմից այն պարզ պատճառով, որ չինացիները պատրաստ են նույն աշխատանքը կես գնով անելու:
«Պրիմիտիվ մի օրինակ բերեմ, եթե հայը այդ գործի համար 1000 դոլար է պահանջում, չինացին ուղիղ դրա կեսը`500 դոլար: Իհարկե, չինացին այդ նույն աշխատանքը վատ որակով է անում, բայց էժան աշխատուժ է, բացի դրանից, չինացիները հարմարվում են ամեն պայմանի, շան վանդակի մեջ էլ դնես, կքնեն: Չինաստանը 1 միլիարդ ու կես բնակչություն ունեցող երկիր է, էստեղ ծնվում ու հա ծնվում են, բնականաբար, իրենց երկրում որտեղի՞ց էդքան աշխատատեղ, դրա համար էլ չինացիները ուր ասես չեն թափանցել, անգամ Դուբայ են հասել: Չինացիների Ռուսաստան հասնելու արդյունքն էլ էն է, որ հայերից շատերը գործազուրկ են մնում ու հետ վերադառնում»,- ասում է Գևորգ Աբրահամյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ