Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ ադրբեջանական դիվերսիոն գործողությունների մասին

Հուլիս 15,2014 15:41

«ԼՂՀ իրավապահներն այսօր այդ խնդրի շուրջ քրեական գործ են հարուցել, և նրանք պատասխան կտան և մեր օրենքների և միջազգային նորմերի համաձայն»,-այսօր Արարատյան Հայրապետական թեմում «Մենք մեր զինվորի կողքին ենք» խորագրով բարեգործական ծրագրի եզրափակիչ արարողությունից հետո հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Պարոն Օհանյանը նշեց, որ պաշտպանության նախարարության տրամադրած և տարբեր ԶԼՄ-ների հրապարակած տեղեկությունների բնույթն է այն, որ իրականացվել է դիվերսիոն հետախուզական գործունեություն, ընդ որում դիվերսիոն հետախուզական գործունեության մեջ հակառակորդի բանակի ղեկավարությունը նաև օգտագործել է հանցավոր խմբերի, որոնք ծանոթ են այդ տարածաշրջանին:

Հարցին՝ ինչու՞ է Ադրբեջանը ակտիվացել, նախարարը պատասխանեց. «Ադրբեջանը միշտ էլ փորձել է ակտիվ լինել և լարվածություն ստեղծել առաջին գծում ներքաղաքական և միջազգային խնդիրներ իրականացնելու համար փորձել է ազդել այն կառույցների վրա, ովքեր զբաղված են խաղաղության ապահովման խնդրով՝ չհասկանալով, որ ՀՀ-ն և ԼՂՀ-ն երբեք չեն ուզում երկրորդ անգամ պարտադրված վիճակում լինել: Առաջին անգամ նրանք մեզ պարտադրել են պատերազմ, և Արցախի ժողովուրդը պատվով է դուրս եկել ու հաղթանակ տարել: Հիմա լարվածությամբ ազդեցություն է ուզում գործել բանակցային գործընթացի վրա՝ միակողմանի զիջումներ ունենալու համար: Բայց երկխոսությունն է այն միակ ճանապարհը, որով կարող ենք ԼՂՀ խնդիրը խաղաղ բանակցային միջոցով հասցնել մինչև վերջ»:

Այն տեղեկություններին, թե դիվերսանտներից մեկը նույնիսկ երեք տարի ՀՀ-ում առևտրով է զբաղվել, պարոն Օհանյանը պատասխանեց. «Այդպիսի տեղեկություններ մենք չունենք: Այսօր շատ անհատներ և ցավալի է, որ դրանց մեջ նաև նրանք, ովքեր եղել են մեր սահմանի տարբեր հատվածներում, մանավանդ Քարվաճառում, փորձում են գնահատական տալ և ասել, որ ծառայությունը թերի է կազմակերպվել»:

Սեյրան Օհանյանը նշեց, որ այդ տարածքը բարդ լեռնանտառային պայմաններով է առանձնանում և այնտեղ այսօր հնարավորություն չի ստեղծվում ամբողջությամբ փակել: Նման դեպքերը միշտ եղել են:

Այնուհետև շարունակեց. «Փառք պիտի տանք մեր ընկերներին, որ կարողացել են հայտնաբերել, վնասազերծել և մեկ հոգու գերևարել են»:

Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ քրեական գործ է հարուցվելու՝ «մեր օրենքների և միջազգային օրենքներին համաձայն»:

Բոլոր այն թերահավատություններին, թե դա դիվերսիոն գործողություն չէր, ի պատասխան Սեյրան Օհանյանը նշեց. «Եթե բանակցությունների գործընթացը և այս հարցը վերաբերում է զինուժին, թույլ տվեք, որ մեր համապատասխան փորձագետները այդ գնահատականը տան: Մենք մեր գնահատականը տվել ենք, որ դիվերսիոն նրանք հետախուզության անդամներ են»:

Այն տեղեկություններին, թե դիվերսիոն խումբը կապված է ԼՂՀ քաղաքացի տասնյոթամյա քաղաքացու անհետացման հետ, նախարարը արձագանքեց. «Հնարավոր է, որ քրեական գործի ընթացքում այս դիվերսիոն հետախուզական խումբը կապված լինի տասնյոթամյա ԼՂՀ քաղաքացու անհետացման հետ: Քրեական գործը դա կպարզի»:
Հարցին՝ արդյոք այս գործողությունները մեր սահմանապահների թերացման արդյունք չէ՞ր, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ձեզ հրավիրում եմ այդ սահմաններ և այնտեղ Դուք կգաք, եզրակացություն կանեք»: Հարցին՝ արդյոք ճի՞շտ էր դիվերասանտների՝ խորոված անելու կադրերը նկարելը, հրապարակայնացնելը, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Այդ կադրերը նրանց մոտ են եղել և ներկայացվել են հանրությանը, որ նաև առանձնացված ցույց տան հատուկ նշանակության ստորաբաժանումների հատուկ միջոցների առկայությունը նրանց մոտ, որ ևս մեկ անգամ ապացուցվի, որ դա դիվերսիոն հետախուզական խումբ է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031