Հուլիսի 15-ին Երևանում մեկնարկեց Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների հանձնախմբի նախաձեռնությամբ և ՀՀ Սփյուռքի նախարարության համագործակցությամբ կազմակերպված Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարը:
Բացման խոսքով հանդես եկավ Հայ Կաթողիկե եկեղեցու հաղորդամիջոցների պատրիարքական հանձնախմբի նախագահ, Հայ Կաթողիկե եկեղեցու Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը՝ համագումարի մասնակիցներին ներկայացնելով Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի ողջույնի ուղերձը:
Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց, որ այս համագումարը նպատակ ունի զարգացնել համագործակցությունը հայ համայնքներում գործող եկեղեցական հաղորդակցության միջոցների (ԶԼՄ-ների) միջև և մշակել կառուցակարգեր՝ նրանց աշխատանքը քրիստոնեական և ազգային արժեքների տարածմանն ու պահպանմանը լավագույնս ծառայեցնելու համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Գերաշնորհ Տեր Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը փոխանցեց մասնակիցներին Ն.Ս.Օ.ՏՏ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույնի ուղերձը նշելով, որ համագումարն աննախադեպ օրինակ է հայ հարանվանության պատմության մեջ, որի մասնակիցները միասնաբար ջանքեր պիտի գործադրեն Հայ Կաթողիկե հաղորդամիջոցների գործակցության զարգացման ուղղությամբ:
Համագումարի մասնակիցներին Հայ Կաթողիկե եկեղեցու Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ Տեր Ներսես Պետրոս ԺԹ-ի օրհնության գիրն ընթերցեց Զմմառի մեծավոր Հայր Վարդան վարդապետ Գազանճյանը:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ողջունելով և գործնական աշխատանք մաղթելով համագումարի մասնակիցներին, հայտնեց պետության անվերապահ աջակցությունը բոլոր հայանպաստ նախաձեռնություններում:
Նախարարը նշեց, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին կազմակերպված համագումարը պետք է օգտագործել որպես միջոց՝ ազգային խնդիրները աշխարհին կազմակերպված և լավագույնս ներկայացնելու ուղղությամբ:
Առանձնացվեցին երկու առանցքային խնդիրներ, որոնց պետք է անդրադառնա ցանկացած հայկական լրատվամիջոց. Հայոց Ցեղասպանության ճանաչման, դատապարտման, հետևանքների վերացման և Հայկական երկու պետությունների հզորացման հարցերը:
ՀՀ սփյուռքի նախարարը կարևորեց հայաստանյան և Սփյուռքի լրատվամիջոցների կողմից անդրադարձն այն պետություններին, որոնք արդեն ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը:
«Ցեղասպանությանը զոհ գնացած մարդկանց և նրանց ժառանգներին անդրադառնալուց զատ, պետք է բարձրաձայնել նաև մեր մշակութային և հոգևոր կոթողների, եկեղեցիների ոչնչացման, արևմտահայերենի վտանգված լինելու, Թուրքիայում բնակվող ծպտյալ հայերի խնդիրների մասին, – նշեց նախարարը՝ հավելելով, – Պայքարելով հանուն Ցեղասպանության ճանաչման՝ պետք է հատուկ անդրադարձ կատարել Ցեղասպանությունը վերապրած հայերի ժառանգների կյանքի պատումներին»:
Նշվեց, որ բացահայտ է թուրքական հակահայկական քարոզչությունն ամբողջ աշխարհում, ուստի կարևոր է մեծ ուշադրություն դարձնել և խոսել այն թուրք մտավորականների մասին, ովքեր ճանաչել են Հայոց Ցեղասպանությունը, իսկ լրահավաք աշխատանքներ իրականացնելիս ճշգրտել տեղեկատվության աղբյուրը:
Նախարարը հավաստիացրեց, որ օտար լրատվամիջոցներում գործում են բազմաթիվ հայ լրագրողներ, որոնց ուժերն օգտագործելը մեծապես կօգնի Հայոց Ցեղասպանության մասին տեղեկատվությունն աշխարհի տարբեր երկրներում ճանաչելի դարձնելու գործում:
«Այսօր աշխարհում գործում են 78 հայագիտական կենտրոններ, որոնք նույնպես իրենց խոսքը պետք է բերեն Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում, – նշեց նախարար Հ.Հակոբյանը, հավելելով, – Հայ Կաթողիկե հաղորդակցության միջոցների 2-րդ համագումարին մասնակցող բոլոր լրագրողներին հրավիրում եմ մասնակցելու սեպտեմբերին կայանալիք «Հայոց Ցեղասպանություն 100. ճանաչումից պահանջատիրություն» խորագրով լրագրողների համահայկական 7-րդ համաժողովին»:
Շնորհակալություն հայտնելով ՀՀ սփյուռքի նախարարին համագումարի աշխատանքներին բերած գործուն աջակցության համար՝ Հայր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը նշեց. «Կցանկանամ, որ Ձեր խրատները դառնան ատաղձ մեր համագումարի մասնակիցների համար»:
Համագումարի ընթացքում զեկուցումների ու քննարկումների միջոցով կներկայացվեն Հայ Եկեղեցու հովանավորությամբ գործող եկեղեցական ԶԼՄ-ների գործունեությունը, ինչպես նաև ՀՀ սփյուռքի նախարարության «Հայկական Սփյուռքի պատմության վիրտուալ թանգարան» կայքը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ