Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը շոշափելի օգուտ է տալիս ամեն մի կինոնախագծի». Հարություն Խաչատրյան

Հուլիս 15,2014 15:16

Այսօր մեկնարկում է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում իրականացվող «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ծրագիրը, որը կշարունակվի մինչև հուլիսի 17-ը:

«Այս ծրագիրն իմ ամենասիրելի ծրագրերից մեկն է, որովհետև այն շոշափելի օգուտ է տալիս ամեն մի կինոնախագծի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը:

Նա նաև իր ուրախությունն արտահայտեց բազմաթիվ կինոսերների մեկ հարկի տակ հավաքված տեսնելու առթիվ. «Մենք շատ երջանիկ ենք հյուրընկալել մեր բարեկամներին, մարդկանց, որոնք սիրում են կինոն, ստեղծում են այն և, ընդհանրապես, տարածում են կինոյի գաղափարը հասարակության մեջ»:

Հիշեցնենք, որ «Ռեժիսորներ առանց սահմանների» համատեղ արտադրության տարածաշրջանային ծրագիրն ամենամյա միջոցառում է, որը նպատակ ունի աջակցելու կինոգործիչներին, ինչպես նաև նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությանն ու համատեղ արտադրությանը:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ սա ֆիլմարտադրության համար կայացած մի հարթակ է, որը նպաստում է ոչ միայն հայկական, այլև ողջ տարածաշրջանի կինոյի զարգացմանը. «Ութ տարվա ընթացքում 100-ից ավելի կինոնախագծեր են ստեղծվել «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի շրջանակներում, որոնցից լավագույնները դարձել են ֆիլմեր, բազմաթիվ փառատոների են մասնակցել ու հաջողություններ ունեցել: Եվ մենք շատ հպարտ ենք, որ դրանք ՌԱՍ-ից են սկիզբ առել, այստեղից է նրանց ճանապարհը բացվել»,- նշեց Ս. Հարությունյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՌԱՍ ծրագրին մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից այս տարի ընտրվել են 14-ը, որոնք կներկայացվեն և կմրցեն զարգացման երեք դրամաշնորհների համար:

Իսկ ՌԱՍ-ի մրցատյանում ընդգրկված են Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, պրոդյուսեր, ՌԱՍ նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը և ուրիշներ:

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը նույնպես շատ է արժևորում «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը, որովհետև, ինչպես նշեց նա, սա բացառիկ հնարավորություն է կինոռեժիսորների համար շփվելու միմյանց հետ, մոտիկից ծանոթանալու նախագծերին և համատեղ ֆիլմարտադրություն կազմակերպելու:

«Ես այս ծրագիրը կարևորում եմ նաև այն պատճառով,- հավելեց պարոն Գևորգյանը,- որ տեսնում եմ՝ ինչպես է տարեցտարի նրա լսարանը մեծանում, ինչը նշանակում է, որ հետաքրքրությունն է մեծանում, հետևաբար՝ համատեղ աշխատանքներն էլ են շատանում:
Ես կարծում եմ, որ տարածաշրջանի համար նման միջոցառումները շատ կարևոր են, որովհետև առաջնային նշանակություն ունի ինտեգրվելը միջազգային կինոպրոցեսների, միջազգային այնպիսի կառույցների, որոնք հնարավորություն են ընձեռում կինոյի ասպարեզում որոշակի առաջընթաց ապրելու, համատեղ ֆիլմեր ստեղծելու, ծանոթանալու, իմանալու, թե այլ երկրներում (հատկապես եվրոպական երկրներում) ինչպիսի միջոցառումներ, ֆոնդեր, կառույցներ, պրոդյուսերական ընկերություններ կան, որոնց հետ շփումից կարող են համատեղ արտադրության ֆիլմեր ծնվել»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031