Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ նրբերշիկներում հայտնաբերել են վտանգավոր մանրէներ

Հուլիս 15,2014 15:06

«Տարեցտարի շեղումները նվազում են»,- այսօր՝ հուլիսի 15-ին, «Հայելի» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Սննդի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Գեւորգյանը:

Նա նշեց, որ իրենց լաբորատորիա նմուշները գալիս են դիմազրկված եւ համարակալված եւ իրենք նույնականացնելու հնարավորություն չունեն: Պարոն Գեւորգյանն ասաց, որ յուրաքանչյուր տարի իրենց լաբորատորիայում կատարվում են մոտ միլիոն երկու հարյուր հազար հետազոտություններ, որոնց վրա ծախսվում է տարեկան երեք հարյուր միլիոն դրամ: Նա ներկաներին տեղեկացրեց, որ 2013 թվականի ընթացքում 100 ապրանքատեսակում տարբեր շեղումներ են հայտնաբերել, որոնցից 70 տոկոսը` մանրէաբանական է եղել, մի քանի շեղում եղել է ծանր մետաղով եւ պեսդիցիտով: Այս տարվա ընթացքում հայտնաբերել են մոտ 60 շեղում.

«Տարեցտարի փոխվում է այն ստուգվող քանակը եւ անվանումները, որոնք ծառայության կողմից ենթարկվում են ստուգման, եւ դրանից արդեն փոխվում է մեր վիճակագրությունը: Առավել ռիսկային է կաթնամթերքը, շատ զգայուն է միսը»:

Անդրադառնալով միրգ-բանջարեղենի ոլորտին՝ Արման Գեւորգյանը խոստովանեց, որ ոլորտի վերահսկումն ունի մեկ դժվարություն՝ եթե դա ներմուծված չէ, ոչ մեկը չի կարող խմբաքանակը նույնացնել: Եվ շատ հնարավոր է երկու իրար կողք դրված բանջարեղեններն ունենան տարբեր ցուցանիշներ:

Պարոն Գեւորգյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց զգուշանալ, միշտ պատշաճ լվանալ մթերքը, պատշաճ ջերմային մշակման ենթարկել այն.
«Քանի կա պահանջարկը գետնից առեւտուր անելու, մեր հասարակության մոտ առաջարկը չի վերանալու, ինչքան էլ լիազոր մարմինները միջոցներ ձեռնարկեն, բարձրացնեն տուգանքներ, ոչնչացնեն խմբաքանակներ: Մինչեւ այն պահը, երբ մարդը պատրաստ է մեքենայի բեռնախցիկից, գետնից գնել անհայտ ծագման մթերք, խնդիրը չի վերանալու»:

Նա հայտարարեց, որ երշիկեղենում ամենաշատ վտանգ է ներկայացնում նրբերշիկը, որում հայտնաբերել են աղիքային խմբի մանրէներ: Պարոն Գեւորգյանը զգուշացրեց, որ այդ տեսակ մանրէներ պարունակող նրբերշիկները հում օգտագործելու դեպքում հնարավոր է աղեստամոքսային որոշակի խնդիրներ առաջանան: Նա խոստովանեց, որ անցած տարի ստուգել են շաուրմա.

«Հայտնաբերել ենք շաուրմայի մեջ ստաֆիլակոկ, որը պարզվեց, որ աշխատակցի անձնական հիգիենայի խնդիր էր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031