Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն. Գ. Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն «Մեդիա կենտրոնում» լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ֆուտբոլի աշխարհի առաջնությունում իր երկրի ազգային հավաքականի ձախողմանը` նշեց, որ ինքը, ինչպես եւ աշխարհում շատ-շատերը, դրա բացատրությունը չունի: «Բրազիլիան աշխարհի այս առաջնությունում երկու դեր ուներ կատարելու. կազմակերպչի եւ մասնակցի:
Որպես մասնակցի, Բրազիլիայի ժողովրդին ոչինչ ավելի մեծ ուրախություն չէր կարող պարգեւել, քան հաղթանակը: Բայց Բրազիլիայի պարտությունը Գերմանիայից շատ մեծ հիասթափություն առաջացրեց: Դուք հեռուստաէկրանների առջեւ ականատես եղաք այն արցունքներին, որ թափեցին հավաքականի երկրպագուները: Բոլորը զարմանում են, թե ինչպես կարելի է Գերմանիայի հավաքականին պարտվել 1:7 հաշվով: Ես, ինչպես բոլորդ, խաղը դիտելուց հետո ոչ մի բացատրություն չեմ գտնում: Թերեւս, կար մեծ լարվածություն, նյարդայնություն եւ առաջին 20 րոպեն Բրազիլիայի հավաքականն իրեն կորցրած էր խաղում, չկար ռազմավարություն եւ այդ պատճառով խոշոր հաշվով պարտություն կրեց», – ասաց դեսպանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ