Լրահոս
Օրվա լրահոսը

Միացյալ հրապարակը կիշխանազրկի ՀՀԿ-ին

Հուլիս 15,2014 14:00

Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակության շոգեքարշը` տարբեր շարժումներն ու նախաձեռնությունները, արդեն բավարար կլինեն մի քանի իշխանություն փոխելու համար: Դա մինչ օրս, սակայն, չի հաջողվել` հիմնականում նրանց անջատ-անջատ գործելու պատճառով: Այնինչ, բավական է նրանք միավորվեն, և… ՀՀԿ-ն միլիոն թումանով էլ մկան ծակ չի գտնի:

Հիրավի, հայ ժողովրդի երիցս արդար դատաստանից ուր կարող են ճողոպրել իշխանագողերն ու նրանց ոհմակը, եթե միասնաբար հանդես գալու մասին հայտարարեն քաղաքացիական շարժումների բազմաթիվ խմբերը: Հենց նրանց միավորումն էլ կդառնա այն նոր խոսքն ու գաղափարը, որն իր հետևից կտանի ժողովրդի հոծ զանգվածները: Եվ տեսնելով քաղաքացիական ակտիվ շերտերի և ժողովրդի փոխադարձ վստահությունն ու միասնական գործելակերպը` քաղաքական ընդդիմադիր ուժերը, ըստ իս, արդեն կխուսափեն իշխանագողերի հետ խաղերի մեջ մտնելուց, ինչն այնքան էլ հեռու չէ նրանց էությունից, քանի որ, բացառությամբ «Ժառանգության», մյուսները հարուստ փորձ ունեն կոալիցիացվելու, իսկ մեկի առաջնորդն էլ դեռ ոչ շատ վաղուց հայտարարում էր բռնապետների Մաքսայինի անշրջելիության և դրա հայանպաստության մասին…

Հետևաբար` առաջին անհրաժեշտ քայլն ու գործողությունը, ինչպես հաճախ իրավամբ ընդգծում են «Ժառանգությունից» Րաֆֆի Հովհաննիսյանը և Զարուհի Փոստանջյանը` դա ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿԻ ստեղծումն է: Իմ խորին համոզմամբ` Հրապարակի առանցքն ու շարժիչ ուժը պետք է հանդիսանան քաղաքացիական խմբեր-շարժումները: Եվ այդ ուղղությամբ արդեն իսկ լրջորեն պետք է քայլեր կատարեն պայքարում թրծված և հասունացած այդ շարժումների անդամները: Ընդ որում` գործնական քայլեր, քանի որ իրավիճակն իսկապես հասունացած է միավորման համար, և ՀՀԿ անունով Հայաստանը հայաթափող կրիմինալներն էլ մեր երկրի անունից դեռ չեն ստորագրել Եվրասիական բռնապետների լիգային ստրկացվելու որոշում:

Միացյալ Հրապարակի խաղաղ հեղափոխությունից զատ` թերևս անհրաժեշտ է նաև ընտրական իշխանափոխություն: Եվ դա հնարավոր է` չնայած նրան, որ իշխանագողերի ձեռքում են վարչական ապարատը, փողը, կեղծիքների մեքենան, թաղերի և ոստիկանության «տղեքը», հանձնաժողովականների և լրատվամիջոցների մեծամասնությունը, որոնց հանրագումարն է մինչ օրս հնարավոր դարձրել խուժանի վերարտադրությունը: ՀՆԱՐԱՎՈՐ Է, եթե ընտրական իշխանափոխության թիվ մեկ գործիքներից, ըստ իս, նաև հռչակվի ամենօրյա կոչը ժողովրդին, հանրությանը, ընտրողներին, այն է` անկախ նրանից, թե ԱԺ հաջորդ ընտրությունները տեղի կունենան արտահերթ` 2014-ին, 2015-ին կամ 2016-ին, կամ էլ հերթական` որևէ կերպ, ոչ մի ձևով և ոչ ոք թող իր ձայնը չտա քվեաթերթիկում ՀՀԿ անվամբ գրանցված ուժին կամ, եթե մեծամասնական է` ՀՀԿ թեկնածուին:

Հասկանալի է, որ առաջին հայացքից կարող է վիճելի և ոչ արդյունավետ ընկալվել նման մոտեցումը, բայց պետք է հաշվի առնել, որ այդ քարոզչության համընդհանուր և շարունակական բնույթն իր ազդեցությունն անպայման ունենալու է: Ընդդիմադիր բոլոր գործիչները, քաղաքացիական ակտիվիստները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները և այլք` իրենց բոլոր ասուլիսներում, հեռուստաեթերից խոսելիս, մարզերում հանդիպումների ժամանակ, հանրահավաքների ընթացքում և հնարավոր այլ միջոցներով պետք է ժողովրդին հետևողականորեն կոչ անեն որևէ դեպքում ձայն չտալ ՀՀԿ կոչվածին: Եվ այդ հայանպաստ քարոզչությունը ոչ միայն մոտալուտ կդարձնի իրական իշխանափոխությունը, ոչ միայն հանցագործներին ավելի կմոտեցնի իրենց վաղուց սպասող բանտախցերին, այլ նաև` ազատության և իրական զարգացման հրամայականի վերածվելով հայ մարդու էության մեջ` ամենքին կհամոզի ՀՀԿ-ին կողմ քվեարկելու` անձնասպանությանը և հայրենասպանությանը համարժեք քայլի անթույլատրելիության մեջ:

Իսկ եթե հայ ժողովրդի կյանքում շարունակվի էությամբ զարհուրելի իրողությունը, այն է` հակահայերն իշխանության լծակները պահեն մինչև 2017թ., ապա գոնե ԱԺ ընտրություններում, վերոնշյալ համակարգված և համընդհանուր քարոզչության շնորհիվ, արդեն ապահովված կլինի ժողովրդի 90-95 տոկոսի «ՈՉ»-ը հայախոս հանցախմբին: Եվ դրանք, անգամ իրենց կաշառքներով ու կեղծիքներով հանդերձ, մեծամասնություն կրկին գողանալու համար չեն կարող 40-50 տոկոս թվեր խփել, անգամ եթե փորձի օգնել Ադրբեջանի ռազմական գործընկեր պուտինյան Մոսկվան:

Սակայն ամենքիս էլ պարզ է, որ սրանց օր առաջ պետք է հեռացնել իշխանությունից, ուստի օրվա հրամայականն է`
ա) Միացյալ Հրապարակի ստեղծում,
բ) Հրապարակին լրացնող` հակահհկ-ական, այսինքն` հայրենափրկիչ լայնածավալ քարոզչության օգտագործում` «Ոչ մի ձայն ՀՀԿ-ին» կարգախոսով:

Կոչով դիմում եմ քաղաքացիական բոլոր շարժումներին, նախաձեռնություններին, ընդդիմադիր ուժերին ու գործիչներին, հ/կ-ների ներկայացուցիչներին` գործուն քայլեր կիրառեք առաջիկա մեկ-երկու ամսում միասնաբար հանդես գալու համար: Ազատության հրապարակում նորից հնչեցնենք համազգային հավաք ազատության զանգը` այս անգամ մահացու` ՀՀԿ բռնապետության համար: Եթե կցանկաք` Ազատության-Միացյալ Հրապարակում Հայոց եռագույնի և օրհներգի ներքո ազդարարեք «Հայաստան» կոմիտե կամ շարժում, և նորից շեփորենք`ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՈՒՂԻՆ ՄԻԱՑՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՆ Է;
Հ.Գ. Ընթերցողի ներողամտությունն եմ հայցում` թեմայի հետ որևէ կապ չունեցող վերջաբանով ավարտելու համար: Մտերիմներիցս մեկն իրեն դուր եկած կնոջը, անգամ անունը չնշելով, նվիրել է մի փոքրիկ բանաստեղծություն` ինձ խնդրելով այն հրապարակել իմ առաջիկա հոդվածում: Կատարում եմ այդ փոքրիկ, անմեղ խնդրանքը` կրկին անգամ ներողամտություն հայցելով ընթերցողից:

Զգում ես, արդյոք, կրքիս դիցուհի` մտքիս մեջ դու ես, տենչում եմ լոկ քեզ,
Արևն ես հոգուս, եռքը` հույզերիս, փնտրում եմ միշտ քեզ` զգում ես, արդյոք:
Րոպե-օր-ամիս` դատարկ են, գիտես, թե որ չեմ շնչում մաշկիդ բույրն անշեջ,
Ու հենց լսում եմ քո ձայն-մեղեդին` մղվում եմ դեպ քեզ` զգում ես, արդյոք:
Հրաշք մարմինդ վարդն է միշտ գերող, թող որ ես փարվեմ, պաշտեմ, հրդեհվեմ,
Իմ երազանքն ես` ուզում եմ գրկել, համբուրել, սիրել` զգում ես, արդյոք…

Արամ Ենոքյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031