Վրաստանի նախկին նախագահ Էդուարդ Շևարդնաձեի հուղարկավորությանը ՀՀ պաշտոնական պատվիրակության մասնակցության շրջանակներում, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը և ուրիշներ, հուլիսի 14-ին այցելեցին Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցի: Հյուրերի կազմում էին Վրաստանում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Վահագն Աֆյանը և դեսպանության խորհրդական Կարեն Մելիքյանը:
Եկեղեցու բակում հյուրերին դիմավորեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, պատմեց եկեղեցու մասին և ներկայացրեց ընթացող վերանորոգչական աշխատանքները: Այնուհետև բարձրաստիճան հյուրերը այցելեցին Սուրբ Էջմիածին եկեղեցի: Ազգային ժողովի նախագահը և պատվիրակության անդամները ծաղիկներ տեղադրեցին Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին Եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին: Եկեղեցում մոմեր վառելուց հետո պատվիրակության անդամները հյուրընկալվեցին «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոնում, որտեղ Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն և «Հայարտան» ղեկավար Լևոն Չիդիլյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը:
ՀՀ պաշտոնական պատվիրակությունը, Վիրահայոց թեմի առաջնորդի և հոգևոր դասի ուղեկցությամբ իր խոնարհումը բերեց Թբիլիսիի Հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջիվանքի» պանթեոնում հանգչող ազգի զավակների հիշատակին և ծաղիկներ դրեց նրանց տապանաքարերին: ՀՀ պետական պատվիրակությունը նույն օրը վերադարձավ Երևան:
Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ
Եկեղեցու Վիրահայոց Թեմ
Կարդացեք նաև