Լրահոս
Օրվա լրահոսը

Գործարարների մի մասը պատրաստակամություն է հայտնել ինքնուրույն հայտարարել նախկինում թաքցրած եկամուտները. «Հայոց աշխարհ»

Հուլիս 15,2014 12:57

Անցած շաբաթվա վերջին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը հրապարակեց հուլիսի առաջին տասնօրյակում ստվերի կրճատման եւ հավասար հարկային հարաբերությունների ձեւավորման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները։ Սա, կարելի է ասել, գործարարների հետ վարչապետի ունեցած հանդիպման առաջին արձագանքն է։

Ինչպես հայտնի է, դրանից հետո ֆինանսների նախարարությունն առանձնացրեց այն ռիսկային ոլորտները, որտեղ հարկերի վճարման հետ կապված տեսնում է որոշակի խնդիրներ։ Տնտեսավարողների գործարքների փաստաթղթավորումն ապահովելու, ստվերային շրջանառությունները կրճատելու նպատակով ռիսկային խմբում հայտնված հարկ վճարողներին առաջարկվեց բարելավել մի շարք ցուցանիշներ։ Խոսքը մասնավորապես վերաբերում էր շահութահարկի, վարձատրության, շրջանառությունների իրական չափերի հայտարարագրմանը, աշխատողների թվաքանակի ճշգրտմանը։
Դատելով ֆինանսների նախարարության հարկային ծառայության առաջին հրապարակումից, կարելի է ասել, որ գործարարների մի մասը պատրաստակամություն է հայտնել ինքնուրույն հայտարարել նախկինում թաքցրած եկամուտները։

Ինչեւէ, պարզվում է, ռիսկային խմբում հայտնված շուրջ 1,2 հազար հարկ վճարողներից 98-ը (կամ 8,2 տոկոսը) սեփական նախաձեռնությամբ ներկայացրել է ճշգրտված տվյալներ անցած տարվա շահութահարկի տարեկան հաշվետվության վերաբերյալ։ Դրա շնորհիվ բացահայտվել է ավելի քան 391,6 մլն դրամի հավելյալ եկամուտ պետական բյուջեի համար։ Սա այն գումարն է, որն այս հարկատուները, ըստ իրենց հաշվարկների, փորձել են թաքցնել պետությունից եւ այժմ ինքնակամ վերադարձնում են։

Հարկեր թաքցնելը սովորաբար ենթադրում է որոշակի պատասխանատվություն։ Սակայն երբ հարկատուներն ինքնուրույն են բացահայտում «թերացումները», այն դադարում է խախտում համարվել։

Հրապարակված տվյալները վկայում են, որ շահութահարկի ճշգրտված հաշվետվություններով, հայտարարագրված հարկերի մեծ մասը «բացահայտվել» է ընդամենը 15 հարկատուի հաշվին։ Դրանց թվում են նաեւ հանրությանը հայտնի մի քանի ընկերություններ՝ բենզինի ներմուծմամբ եւ իրացմամբ զբաղվող «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», «Արայը», «Արաքս թռչնաֆաբրիկան»։

Այս խմբի ընկերություններից շահութահարկի գծով ամենամեծ «բացահայտումն» արել է «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնը», որի կատարած ճշգրտումը գերազանցում է 57,5 մլն դրամը։ Սա ավելին է, քան այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում շահութահարկի եւ եկամտային հարկի գծով ընկերության իրականացրած ընդհանուր պարտավորությունը։ Ասենք, որ այն կազմել էր 55 մլն դրամ՝ վճարված 2 մլրդ 285 մլն դրամ հարկերի մեջ։
Շատ ավելի փոքր են եղել ճշգրտումները վառելանյութի շուկայի մեկ այլ մասնակցի՝ «Մաքսհուրի» դեպքում։ Այն 6 մլն դրամի շրջանակներում է։ Ընդ որում՝ այս ընկերության մասնաբաժինը վառելանյութի շուկայում անհամեմատ փոքր է, քան «ՍիՓիԷս Օյլ Քորփորեյշնինը»։

«Բացահայտած» հարկերի մեծությամբ երկրորդը «Ադամիում» ընկերությունն է, որն իր հաշիվները ճշգրտել է 36,1 մլն դրամի չափով։ Տարեսկզբի առաջին եռամսյակում ուղղակի հարկերի գծով այս ընկերության կատարած պարտավորությունները կազմել են գրեթե 47 մլն դրամ։

Սեփական շահույթների բացահայտմամբ «Արայը» պետական բյուջեի նկատմամբ հավելյալ 35,7 մլն դրամի շահութահարկ է գոյացրել։ «Արաքս թռչնաֆաբրիկայի» դեպքում այն հասնում է 32,6 միլիոնի։

Ս. ԲԵԳԼԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031