Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյան. «Մեր պատվիրակությունը փայլուն աշխատեց»

Հուլիս 15,2014 12:53

Նախորդ շաբաթ՝ հուլիսի 6-12-ը ԱԺ Հայաստան-Մեծ Բրիտանիա բարեկամական խմբի անդամներն այցելել էին Լոնդոն՝ Միջխորհրդարանական միությունում բրիտանական խմբի նախագահի հրավերով:

Այսօր Ազգային ժողովում խմբի անդամները ներկայացրին իրենց այցելության արդյունքները:

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը համարում է, որ հայ պատգամավորների խումբը Բրիտանիայում փայլուն աշխատանք տարավ: Քննարկվել են ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարցեր, հնչել են առաջարկներ, եղել են սուր քննարկումներ: Տնտեսական բլոկի հարցերի վերաբերյալ խոսեցին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը եւ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Դոխոլյանը: Նրանց ներկայացմամբ՝ քննարկվել են ամենատարբեր հարցեր՝ սկսած «Նաիրիտի» եւ ատոմակայանի, վերջացրած դեպի Հայաստան բրիտանական ավիաընկերությունների թռիչքների իրականացման, լեռնարդյունաբերության մեջ բրիտանական ներդրումների եւ զբոսաշրջության խնդիրները:

Ինչ վերաբերում է քաղաքական բնույթի հարցերին, Արծվիկ Մինասյանն ասաց, որ մեր պատվիրակության առջեւ դրվում էին շատ սուր եւ խորը հարցադրումներ՝ կապված թե եվրասիական ինտեգրացման, թե Հայաստանի տարբեր քվեարկությունների, թե Հայոց ցեղասպանության տարելիցի, թե հայապահպանման, թե ԼՂ հիմնահարցի հետ: Ըստ պատգամավորի՝ մեր պատվիրակները որպես այդ հարցադրումների հիմնական պատասխանող միաձայն ընտրել են Թեւան Պողոսյանին. «Բրիտանացի պատգամավորները իրենց բոլոր խորը եւ սուր հարցադրումներին ստացան լիարժեք պատասխաններ: Մեր պատվիրակությունը փայլուն աշխատեց, իսկ հանձին Թեւան Պողոսյանի մենք ունենք հզոր դիվանագետ պատգամավոր, ով հավուր պատշաճի ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի հետ կապված բոլոր հարցադրումների ամբողջական եւ լիարժեք պատասխանները»:

ՀՅԴ խմբակցության պատգամավորը նկատեց, որ չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ Մեծ Բրիտանիան տնտեսական լուրջ շահեր, հսկայածավալ ներդրումներ ունի Ադրբեջանում, ինչը որոշակի քաղաքականություն եւ մոտեցում է պարտադրում, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանի հետ Բրիտանիայի գործընկերային հարաբերությունները դրանից պետք է տուժեն: Նա տպավորված էր հատկապես Օքսֆորդի համալսարանի հայագիտական կենտրոնի գործունեությամբ. «Այնտեղ նրանք ունեին մի քանի հարյուր տարվա հայկական ձեռագրեր, որոնք հպարտություն կառաջացնեն ցանկացած ազգի մոտ: Իսկ եկող տարի աշնանը՝ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի կապակցությամբ երեք ամիս հայկական ձեռագրերի ցուցադրություն է լինելու Օքսֆորդում, եւ մեր երկիրը պետք է պատշաճորեն պատրաստվի դրան»:

Քաղաքական թեմատիկայով հանդիպումներին անդրադառնալով՝ Թեւան Պողոսյանը նկատեց, որ, երբ հայ պատվիրակների առջեւ դրվել է ՄԱԿ-ում կամ այլ միջազգային հարթակներում մեր երկրի քվեարկության վերաբերյալ հարց՝ մերոնք պատասխանել են, որ Հայաստանը չի կարող ստորագրել որեւէ փաստաթղթի ներքո, որտեղ միայն տարածքային ամբողջականությունն է նշված որպես իրավունք: Մեր անկախության ողջ ընթացքում չի եղել որեւէ փաստաթուղթ, որտեղ նշվել է տարածքային ամբողջականության իրավունքը՝ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի, որին Հայաստանը «կողմ» քվեարկեր: Ըստ Թ. Պողոսյանի՝ երբ այդ բացատրությունը մանրամասնորեն ամբողջականորեն՝ տարեթվերով եւ դերակատարներով, դրվեց բրիտանացի պառլամենտականների առջեւ, նրանք ընդունեցին. «Շատ կարեւոր էր ասել այն մասին, որ ինչպես Բրիտանիան է ամեն հարցում իր շահերով առաջնորդվում, այնպես էլ մենք ունենք մեր շահերը՝ լինի դա Սիրիայի վերաբերյալ հարցը, որտեղ մենք մեծ սփյուռք ունենք, լինի դա Ուկրաինայի հարցը, որտեղ դրված էր տարածքային ամբողջականության հարցը՝ առանց ազգերի ինքնորոշման իրավունքի: Այս բացատրություններից հետո, բնականաբար, իրենց կողմից այլեւս խնդիր չէր առաջանում»:

Հարցին՝ ի՞նչ կարող է առաջարկել Հայաստանը Մեծ Բրիտանիային որպես հակակշիռ, երբ Ադրբեջանում այդ երկիրն ակնհայտորեն ունի իր լուրջ շահերը, Թեւան Պողոսյանը պատասխանեց. «Այո, Բրիտանիան ունի իր շահերը Ադրբեջանում, բայց դրանք արդեն բավարարված են, պայմանագրեր են ստորագրված, որոնք գործում են: Եթե Հայաստանը կարողանա իր ժողովրդավարական ինստիտուտների մակարդակը, կարող է դառնալ արբիտրաժային հարաբերությունները սպասարկող երկիր, մենք ունենք ոսկի, թանկարժեք քարեր, գիտելիք, կրթական օջախներ, պոտենցիալ տուրիզմի երկիր ենք… հաճախ նաեւ մեր կարիքը զգում են տարբեր հարցերում օժանդակության, աջակցության համար»: Ի հավելումն՝ Միքայել Մելքումյանն էլ առաջարկեց չդիտարկել հայ-բրիտանական հարաբերություններն ի հաշիվ բրիտանա-ադրբեջանական հարաբերությունների՝ «դրանք երբեք միաբեւեռ չեն լինում»:

ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ հավելեց, որ իրենք ներկայացրել են, թե Մաքսային միությանը ներկայանալու դեպքում Հայաստանը ինչպես կարող է հետաքրքիր լինել աշխարհին. «Մենք կարող ենք կամուրջ դառնալ՝ միջպետական եւ առեւտրային հարաբերություններում: Մեր մոտեցումը նորմալ ընդունվեց, ըմբռնում կար մեր որոշման վերաբերյալ, որ մենք կարող ենք միջնորդ եւ կամուրջ լինել այդ երկու միությունների միջեւ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031