«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԻՆԱՍՅԱՆԸ
-Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե հայ ժողովուրդը մտահոգ է ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից Ադրբեջանին մեծաքանակ ռազմական տեխնիկա վաճառելու հանգամանքով, տարաբեւեռ մեկնաբանությունների տեղիք տվեց։ Սա նշանակո՞ւմ է, որ մեր եւ Ռուսաստանի միջեւ «սեւ կատու է անցել»։
-Որեւէ փոփոխություն Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական համագործակցության մեջ վերջին քառորդ դարում տեղի չի ունեցել. Ռուսաստանը 90-ականներին՝ Արցախյան պատերազմի ժամանակ, պաշտոնական տվյալներով, Ադրբեջանին 4 անգամ ավելի շատ զենք էր վաճառում, քան Հայաստանին, նույնը շարունակվում էր 2000-ականներին եւ շարունակվում է այսօր։ Այսինքն՝ այդ համագործակցությունը միշտ կար, պարզապես հարստանալուն զուգահեռ, Ադրբեջանը հնարավորություն ստացավ Ռուսաստանից ձեռք բերել մի քիչ ավելի արդիական եւ մի քիչ ավելի մեծաքանակ զենք եւ ռազմական տեխնիկա։
-Եթե ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում ոչինչ չի փոխվել, ինչո՞վ է ուրեմն պայմանավորված Ադրբեջանի աննախադեպ ակտիվությունը շփման գծում։
Կարդացեք նաև
-Անմիջական կապ չեմ տեսնում շփման գծում իրավիճակի եւ ռուս-ադրբեջանական ռազմական գործարքների միջեւ, որովհետեւ այդ զենքը եւ զինամթերքը չի օգտագործվում սահմանային միջադեպերում։ Սահմանում, ինչպես 10-20 տարի առաջ, այնպես էլ այսօր, կրակում են «կալաշնիկովներով» կամ սնայպերական հրացաններով։
Մյուս կողմից, բազմիցս ասել եմ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմատեխնիկական բալանսն ընդհանուր առմամբ պահպանվում է, այլապես պատերազմն արդեն սկսված եւ վերջացած կլիներ։
Եվ վերջինը՝ համեմատեք մի քանի ամիս կամ մի շաբաթ առաջ գրանցված սահմանային միջադեպերի վիճակագրությունը եւ կտեսնեք, որ ժամանակ առ ժամանակ սահմանային սրացումներ եղել են ե՛ւ հունվարին, ե՛ւ երկու ամիս առաջ, ե՛ւ 2013թ. տարբեր ժամանակահատվածներում, այնպես որ այստեղ էլ որեւէ լուրջ փոփոխություն չեմ տեսնում։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում