Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Զեյնալյան. «Փորձում են հանրությանը զսպաշապիկի մեջ դնեն, որպեսզի մարդիկ խոսելուց առաջ մտածեն»

Հուլիս 15,2014 12:05

«Հրապարակ» օրաթերթի եւ iLur.am կայքի շահերը դատարանում պաշտպանելու է իրավապաշտպան, «Իրավունքի գերակայություն» Հ/Կ անդամ, Արտակ Զեյնալյանը եւ իրենց խումբը:

Այդ մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված՝ տեղեկատվության աղբյուրը բացահայտելու վերաբերյալ դատարանի կայացրած որոշման եւ դրա հետեւանքների մասին քննարկման ժամանակ ասաց պարոն Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ օրերս Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել եւ պարտադրել, որ «Հրապարակն» ու iLur.am–ը բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի եւ հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանի նյութի հետ կապված:

Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակներից. «Դատարանում որպես կողմ ԶԼՄ-ները չեն հանդիսացել: Հոդված գրողը պետք է անպայման մասնակցեր, որովհետեւ լրատվամիջոցը չի կարող պարտադրել լրագրողին բացահայտել իր աղբյուրը: Սա ապօրինի դատական ակտ է, վտանգավոր է մեր հանրության համար, մենք ամեն կերպ պետք է փորձենք կոտրել այս միտումը»:

Հարցին՝ դատավորի ակտի մեջ կա՞ ակնհայտ խախտում, որը հիմք կհանդիսանա Արդարադատության խորհուրդ դիմելու համար՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ Վերաքննիչը դեռ դատական սխալն ուղղելու հնարավորություն ունի:

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը մտահոգություն էր հայտնել, որ գուցե այս ամենը տանում է նրան, որ ասեն՝ կեղծ մատնություն է եղել: Հարցին՝ հավանական համարո՞ւմ եք այս սցենարը ՝ Արտակ Զեյնալյանը պատասխանեց, որ դրա իրավական հիմքերը չկան. «Սուտ մատնության հատկանիշերը չկան: Բայց այս գործը չպետք է վարույթ ընդունեին, դրա համար չենք կարող ասել, թե ինչ զարգացումներ տեղի կունենան»:

Հարցին՝ ի՞նչ նպատակ է հետապնդում դատարանի այս որոշումը՝ Արտակ Զեյնալյանը վստահեցրեց, որ սա ուղղված է մամուլի, ԶԼՄ-ների դեմ, որպեսզի սառեցնող ազդեցություն թողնի. «Եթե հիշում եք, դատախազն ասել էր, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձվի սուտ մատնությանը: Եթե անձը հաղորդում է տալիս եւ չի հաստատվում, պետք է պատասխանատվություն կրեն սուտ մատնության հոդվածով: Այսինքն, փորձում են հանրությանը լռեցնել, զսպաշապիկի մեջ դնեն, որպեսզի մարդիկ խոսելուց առաջ մտածեն՝ արժի՞ դրա մասին խոսել, թե՞ ոչ: Սա խոսքի ազատության դեմ է ուղղված»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոնի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Առանց զսպաշապիկի էլ խոսելուց առաջ պետք է մտածել:Թե դուք այլ կարծիքի եք?:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031