Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ը դիմել է արդարադատության նախարարին՝ առաջարկելով օրենքով հարցաքննության չկանչել լրագրողներին

Հուլիս 15,2014 11:59

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանն առաջին անգամ որոշում է կայացրել եւ պարտադրել, որ «Հրապարակ» օրաթերթն ու iLur.am կայքը բացահայտեն իրենց տեղեկատվության աղբյուրը՝ Շիրակի ոստիկանապետ Վարդան Նադարյանի՝ հայտնի ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին ծեծելու նյութի հետ կապված:

Այսօր «Մեդիա կենտրոնում» դատարանի կայացրած որոշման եւ դրա հետեւանքների մասին քննարկման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի 1-ին տեղակալ Գենյա Պետրոսյանը տեղեկացրեց, որ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը գրավոր առաջարկ է ներկայացրել արդարադատության նախարարությանը. «Մեր օրենսդրությամբ կան որոշ երաշխիքներ, բայց դրանք լիարժեք չեն: Քրեական դատավարության օրենսգրքում նախատեսված է որպես վկա հարցաքննության ոչ ենթակա անձանց սպառիչ ցանկը, որում նախատեսված չեն, օրինակ, լրագրողները: ՄԻՊ-ը արդարադատության նախարարությանը գրավոր առաջարկություն է ներկայացրել օրենսդրական փոփոխություններ անել եւ նախատեսել նաեւ լրագրողներին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ մի շարք դեպքերում նրանք որպես վկա կանչվում են կոնկրետ իրավապահ մարմինների կողմից: Կան նաեւ այլ օրենսդրական բացեր: Բոլոր պետական իրավապահ մարմինները պետք է հստակ իմանան, թե որ դեպքերում կարող են պահանջ ներկայացնել ԶԼՄ-ին՝ բացահայտել իր աղբյուրը: Չափազանց կարեւոր է պահանջը, որ միանշանակ հիմնավորվի, որ տվյալ տեղեկատվությունը ճշտելու բոլոր այլընտրանքային միջոցները սպառված են»:

Գենյա Պետրոսյանն ասաց, որ պաշտպանը խիստ մտահոգված է տեղեկատվության աղբյուրի բոլոր հնարավոր վտանգների հետ կապված. «Դա կարող հանգեցնել ԶԼՄ-ների կողմից տեղեկություն ձեռք բերելու հնարավորության վերացմանը: Մամուլի ազատության հետ կապված վտանգավոր է դա: Տեղեկատվության աղբյուրի ամենալայն պաշպանությունը նախատեսվում է ԵԽ-ի շրջանակներում: Թե՛ Եվրոպական դատարանի վճիռներով, թե ԵԽ նախարարների կոմիտեի մի շարք հանձնարարականներով կան այն բացառիկ դեպքերը, ամրագրված են այն հատուկ դեպքերը, որով կարող են պահանջել ԶԼՄ-ից աղբյուրի բացահայտում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031