Ըստ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի՝ դիվերսիոն խմբերը լուծում են երեք հիմնական նպատակ. իրականացնում են հայկական դիրքերի հետախուզություն, փորձում են վախ և խուճապ սերմանել բանակի շարքերում և սահմանամերձ բնակավայրերում, որպեսզի զինվորները և քաղաքացիական բնակչությունն իրենց վտանգված զգան, և ստուգում են դիվերսիոն խմբերի մարտական պատրաստվածությունը։ «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական դիվերսիոն խմբերը պատրաստություն են անցնում Թուրքիայում, թուրք մասնագետների կողմից, և հետո մարտական պատրաստվածություն են անցնում քրդերի դեմ թուրքական բանակի մղած մարտերում։
Վերադառնալով Ադրբեջան, նրանք փորձում են իրենց ձեռք բերած գիտելիքներն ու փորձը ստուգել հայկական բանակի դեմ, որովհետև մի բան է տեսական գիտելիքը և քրդական պարտիզանական ուժերի դեմ պայքարը, մեկ այլ բան՝ հայկական կանոնավոր բանակը։ Այդ իմաստով պետք է ասել, որ ադրբեջանական դիվերսանտների բոլոր երեք նպատակների իրականացումն էլ ձախողված է։ Իհարկե, բանակը չի կարող ամեն ինչ կանխավ իմանալ, բայց բանակը ցույց տվեց, որ կարող է շատ օպերատիվ արձագանքել դիվերսանտներին և զրկել նրանց գործելու հնարավորությունից»,- ասում է Պաշտպանության նախկին նախարարը։ Վաղարշակ Հարությունյանն անդրադարձավ նաև այն աշխարհաքաղաքական իրավիճակին, որում տեղի են ունենում դիվերսիոն խմբերի ներթափանցումները. «Ադրբեջանի ղեկավարությունն ուզում է ցույց տալ, որ ինքը չի ցանկանում համակերպվել ձևավորված ստատուս-քվոյի հետ, և պահանջում է, որ այդ ստատուս-քվոն փոփոխվի։ Այս դիվերսիաները նպատակ ունեն ցույց տալ այդ չհամակերպվածությունը»։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում