Առցանց «Առավոտի» եթերում թեման քննարկում են «Ազատ դեմոկրատներ»
կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը
եւ քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Արամ Աբրահամյան.- Մենք կարո՞ղ ենք մտնել Մաքսային միության մեջ, բայց չմտնել Եվրասիական միության մեջ, կամ հակառակը:
Ալեքսանդր Իսկանդարյան.– Տեսականորեն երկրորդը հնարավոր է, առաջինը՝ դժվար: Ընդհանրապես Եվրամիությունը, կարծում եմ, շարունակությունն է Մաքսային միության, Եվրասիականը, կարելի է ասել, նոր անունն է Մաքսային միության:
Ա. Ա.- Մայիսի 29-ին Աստանայում նախագահ Սարգսյանը ցանկություն հայտնեց, որ երկու շաբաթից մենք կանդամակցենք Եվրասիական տնտեսական միությանը, Պուտինն ասաց, որ 2 շաբաթից չի լինի, կլինի հուլիսի 1-ին: Այնուհետեւ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ասաց, որ դա կլինի հուլիսի 4-ից հետո, որից հետո Պուտինը, հանդիպելով ռուսաստանյան դիվանագետների հետ, ասաց, որ դա կլինի մոտ ժամանակներս: Այնուհետեւ Ղազախստանի արտգործնախարարը ասաց, որ դա տեղի կունենա հոկտեմբերին: Ինչո՞ւ են ժամկետները հետաձգվում:
Կարդացեք նաև
Անուշ Սեդրակյան.- Չէի ասի, որ այդ ժամկետների հետաձգումը ինձ անձամբ այդքան ուժեղ տխրեցնում է: Ինձ թվում է՝ որքան շատ հետաձգվի, այնքան լավ Հայաստանի համար:
Ա. Ա.– Ինչո՞ւ եք Դուք ուրախանում ժամկետների հետաձգմամբ:
Ա. Ս.- Ես ուրախանում եմ, որովհետեւ կարծում եմ, որ այս պարագայում մենք ունենում ենք շանս` որոշակի առումով պահպանելու ստատուս քվոն եւ մեղմելու այն վտանգը, որ մենք ունենք մեր պետության ինքնիշխանության համար: Բոլորն էլ գիտեն, որ Ռուսաստանի քաղաքականությունը, մասնավորապես ԵվրԱզԷՍ-ը ստեղծված է Եվրամիությանն իբր թե իբրեւ հակակշիռ, ուղղակի Պուտինը այս պարագայում այդ հակակշիռը ստեղծելով՝ գերագնահատել էր իր ռազմական ռեսուրսը եւ թերագնահատել ընդհանուր 21-րդ դարի համաշխարհային թրենդը, որը տնտեսությունն է: Ակնհայտ է, որ տնտեսական բոնուսները եւ տնտեսական լծակները նրա ձեռքին չեն: Համեմատության համար մի պարզ օրինակ բերեմ` Ռուսաստանը վերցրեց Ղրիմը, եւ այդ անշլյուսը անցավ հայրենասիրության բռնկման եւ Պուտինի ռեյտինգի բարձրացման ֆոնի վրա: Սակայն այն միջազգային առեւտրական կազմակերպությունները, որոնք զբաղված են ծովային առեւտրի կարգավորմամբ, այս պահին հայտարարել են, որ ապահովագրական գործընթացը բոլոր այն մեծ բեռնատար նավերի համար, որոնք տանում են առեւտրական ապրանքները Եվրոպայից եւ այլ տեղերից Ղրիմ, նրանց ապահովագրությունը դադարեցված է եւ թողնված է այս բեռների տերերի սեփական հայեցողությանը, այսինքն` եթե դու մտնում ես Ղրիմի նավահանգիստ, դու այլեւս ինքդ ես պատասխան տալիս, թե ինչ կկատարվի քո ապրանքի հետ: Այդպիսով Ղրիմը մնաց Ռուսաստանի ուղղակի դոնորության ներքո: Ինչ մնում է Եվրասիական միության ձեւավորվան հետաձգմանը, ապա Բելառուսում եւ Ղազախստանում լուրջ մտավախություն կա այդ միությանն անդամակցման դեպքում, որ մաքսային «հավաքագրության» 90 տոկոսը գնալու է Ռուսաստանին: Եվ երկրորդ` ինձ թվում է` Հայաստանը պետք է Ռուսաստանին որպես օրինակ, որպեսզի լուծվի ուկրաինական կնճռոտ հարցը, այսինքն` տեսեք, ինչքան մարդիկ են մեզ միանում:
Ա. Ի.– Ղրիմը էստեղ կապ չունի, Հայաստանը Ղրիմ չէ: Ռուսաստանում դոտացիոն են համարվում 8 ռեգիոններից բացի՝ բոլոր մյուս ռեգիոնները: Ղրիմն էլ, իհարկե, կդառնա դոտացիոն, դա կապված չէ Ղրիմի միջազգային ճանաչման հետ: Ինչ մնում է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության ձգձգումներին, ես կնշեի 3 պատճառներ` առաջինը տեխնիկական է. սա որոշակի աշխատանք է, մի մեծ քանակությամբ փաստաթղթեր կան, որոնք Մաքսային միության անդամները պատրաստում էին տարիներ շարունակ, իսկ Հայաստանը պետք է դա անի կես տարվա ընթացքում: Երկրորդը համաձայնեցումն է. հազարավոր կետեր պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի միջեւ: Ձգձգման երրորդ պատճառն այն է, որ հենց Մաքսային միության ներսում կան շատ տարաձայնություններ, որոնք լուրջ են: Մտածել, որ բոլորը գրկաբաց սպասում են Հայաստանին եւ մեր մասով տարաձայնություններ չեն լինելու՝ հիմարություն է. Հայաստանը հենց այդ տարաձայնությունների պատճառներից մեկն է: Սա գործընթաց է եւ ժամանակ է պետք դրա համար:
Քննարկումն ամբողջությամբ
Պատրաստել է
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։